Հայաստանում ավելի վտանգավոր գործընթաց է սկսվել, քան կարող էր լինել սոցիալական բունտը. Ստեղծված իրավիճակի շուրջ

Հայաստանում ավելի վտանգավոր գործընթաց է սկսվել, քան կարող էր լինել սոցիալական բունտը. Ստեղծված իրավիճակի շուրջ
Հայաստանում ավելի վտանգավոր գործընթաց է սկսվել, քան կարող էր լինել սոցիալական բունտը. Ստեղծված իրավիճակի շուրջ

Գազի գնի հնարավոր բարձրացումն ու դրան հաջորդող հավանական թանկացումների շղթան, ինչպես նաև մայիսի 12-ի կարկտահարության հետևանքները էլ ավելի սրեցին Հայաստանի ծանր սոցիալ-տնտեսական վիճակը: 

Այդուհանդերձ, քաղաքագետ Երվանդ Բոզոյանի կարծիքով, ստեղծված իրավիճակը երկրում սոցիալական ընդվզման լուրջ ալիք չի առաջացնի:

«Հայաստանում սոցիալական բունտի փորձ չի եղել, և կուսակցությունները չունեն այդ բունտը կառավարելու փորձ: Նրանք աշխատում են միայն ընտրությունների ժամանակ և միայն վերացական, պոպուլիստական բաներ են ասում` բացասական էմոցիա առաջացնելով իշխանությունների նկատմամբ»,-«Մեդիալաբին» ասում է Բոզոյանը և հավելում, որ ինքնաբուխ սոցիալական բունտ էլ չի լինի, մանավանդ որ իշխանությունը որոշակի զիջումների գնով կարողանում է զսպել գյուղացիների շարժումը:

Ազգագրագետ Հրանուշ Խառատյանը համոզված է՝ Հայաստանում սոցիալական բունտի բոլոր հնարավոր նախադրյալները վաղուց կան, բայց նա ևս կարծում է, որ բունտ չի լինի, որովհետև բունտ անողներ վաղուց չկան:

«Արդեն շուրջ տասը տարի է, կոնկրետ ես գրում եմ, որ արտագաղթը մեր երկրից տանում է կամային հատկանիշներով մարդկանց ու խմբերին, թողնում է հիմնականում հարմարվողներին և անկարողներին»,- «Մեդիալաբին» ասում է Հրանուշ Խառատյանը: Նրա խոսքով` գյուղացիական բունտերը միշտ էլ հեշտությամբ ջարդվում են, որովհետև նրանց լայն աջակցություն է պետք, որը սակայն չկա:

Երկրի սոցիալ-տնտեսական ներկա վիճակն ու արտագաղթը, Բոզոյանի կարծիքով, սոցիալական բունտից ավելի վտանգավոր զարգացումների են հանգեցնում: Հայաստանում, նրա խոսքով, արդեն իսկ սկիզբ է առել ենթակառուցվածքների քայքայման վտանգավոր գործընթացը:

«Հայաստանում գյուղերը դատարկվում են: Մարդիկ գնում են կա´մ դեպի Ռուսաստան, կա´մ դեպի Երևան: Հայաստանը կորցնում է մարդկային ռեսուրսը»,- «Մեդիալաբին» ասում է Բոզոյանը: Նրա խոսքով` տնտեսական ենթակառուցվածքների քայքայումը վաղ թե ուշ հանգեցնելու է նաև պետական կառույցների քայքայման, ինչը երկրի համար ստեղծելու է ազգային անվտանգության լրջագույն խնդիր:

Կինոռեժիսոր Տիգրան Խզմալյանն ասում է, որ սոցիալական ապստամբությունը, ինչպես ցանկացած հասարակական կամ տարերային երևույթ, պատճառահետևանքային բարդ կապերի հանգույց է:

Նրա խոսքով` այսօր Հայաստանում այդ ապստամբությունն ուղղակի անխուսափելի է: Կարկուտն ու ջրհեղեղը, գազի ու հացի թանկացումները, կամ, օրինակ` մորեխների հնարավոր ներխուժումը, ըստ նրա, լինելու են անխուսափելի ժողովրդական ապստամբության ոչ թե պատճառ, այլ առիթ:

Իսկ իրական պատճառները, Խզմալյանի համոզմամբ, ավելի խորքային են, թեև ակնհայտ` համատարած անարդարություն ու խայտառակ սոցիալական բևեռացում, հայ ժողովրդի արժանապատվության ու ազգային արժեհամակարգի ոտնահարում, երկրի տնտեսության գաղութացում ու ոչնչացում:

«Այս ցուցակը կարելի է շարունակել, բայց ավելի լավ է գործի անցնել` ինքնապաշտպանության, ինքնակազմակերպման, ժողովրդական իշխանության ստեղծմանը, որպեսզի հասունացող պայթյունի պահին պատրաստ լինենք պահպանելու պետականությունը և պաշտպանելու ազգային անվտանգությունը, որի ամենամեծ սպառնալիքն այսօր ձևավորված համակարգն է»,- համոզմունք է հայտնում նա:

Կինոռեժիսորն ասում է, որ ժամանակին իր սերունդը տուն գնաց ու անավարտ թողեց նորաստեղծ պետության կառուցումը:

«Մեզնից ոմանց դա թվում էր համարյա անարժան կամ անհամեստ մի զբաղմունք, չէ՞ որ մենք ստրկամտորեն սովորել էինք, թե կան ինչ-որ մարդիկ, ովքեր մեզնից լավ գիտեն ինչ անել: Բացի դա, մենք սեփական ամբիցիաներ ու ծրագրեր ունեինք` ես, օրինակ` հրաժարվեցի շատ առաջարկներից, որպեսզի կինո նկարահանեմ, մյուսը գնաց բիզնես… Իսկ պետականաշինությունը թողեցինք կոմսոմոլ-ԿԳԲ-հարկային մանր կարիերիստներին, ովքեր բերեցին իրենց հետ խորհրդային երկրի վերջին տարիների ողջ կեղտն ու կաշառակերությունը` դուրս շպրտելով լավագույնը` սոցիալական արդարությունը, անշահախնդրությունը, իդեալիզմը: Այդպես որ, սա այլևս առիթ չէ` սա մեր սերնդի մեղքի քավությունն է ու երիտասարդ, նոր սերնդի փրկության միակ հնարավորությունը»,- «Մեդիալաբին» ասում է Խզմալյանը:

Լուսանկարում` կարկուտից տուժած գյուղերի բնակիչները փակել են ճանապարհը:

© Medialab.am