Արմավիրի մարզի Ամասիա գյուղի բնակիչները մոտ 15 տարի առաջ դավաճան էին համարում այն մարդուն, ով լքում էր գյուղն ու մեկնում արտագնա աշխատանքի: Այսօր, սակայն, պատկերն այլ է. գյուղում մնացածներն ասում են, որ լավ են հասկանում «դավաճաններին» ու որ հարմար առիթի դեպքում բոլորն էլ կարտագաղթեն:
Այս տարվա մայիսի 12-ին տեղացած ուժեղ կարկուտը 100 տոկոսով վնասել է նաև Ամասիայի ցանքատարածություններն ու այգիները, կարկուտից հետո գյուղից արտագաղթն ավելացել է: «Եթե առաջ 10 հոգի էր գնում մեր գյուղից, կարկուտից հետո 110 հոգի են գնացել»,- արտագաղթի ծավալները ներկայացնելիս նման օրինակ են բերում ամասիացիները:
Եթե նախկինում գյուղի պատմության ուսուցիչ Թորոս Չիլինգարյանը մարդկանց հորդորում էր հայրենի գյուղում մնալ, այսօր արդարացնում է գնացողներին:
«Կարկուտը ցույց տվեց, որ ինչպես միշտ, երկրի կերակրող ուժը՝ գյուղացին, մնում է մենակ, հուսալքված ու բարոյալքված: Եթե մի 15 տարի առաջ արտագաղթողներին դավաճան էինք համարում, հիմա պետք չի մեղադրել, մարդիկ օրվա հացի խնդիր ունեն, եթե ընտանիքը սոված է, ու մարդիկ գնում են, թող ոչ մեկն էլ չմեղադրի»,- ասում է Չիլինգարյանը: Նա նշում է, որ սեզոնային աշխատանքի մեկնողները վերադառնում և արդեն իրենց ընտանիքներին են տեղափոխում արտերկիր:
«Առաջ մեղադրում էինք գնացողների, բայց շատ էլ լավ են անում: Առաջին հնարավորության դեպում մենք էլ դուրս կգանք Հայաստանից»,- չեխական People in Need կազմակերպության ծրագրով մարզ այցելած լրագրողներին ասում է Այգեշատ համայնքի բնակիչներից տիկին Անահիտը:
Նա գյուղատնտեսական աշխատանք է կատարում ուրիշների մոտ 5000 դրամ օրավարձով: «Բայց շան տանջանք ենք տենում, առավոտվա ժամը 7-ից մինչև իրիկունը ժամը 7 անց կես արևի տակ ճռռում ենք»,- նշում է նա:
Այգեշատ գյուղի բնակիչ Գյուլվարդ Ստեփանյանն ասում է, որ կարկուտից հետո իրենց հողը մնացել է առանց վարելու ու առանց նոր ցանքս կատարելու, քանի որ ընտանիքը գումար չունի:
«Ասում են՝ փոխհատուցում են տալիս, եսիմ ինչ խոստումներ են տալիս, բայց ո՞ւր ա, ոչ մի բան չեն տվել, հազիվ գոյություն ենք քարշ տալիս: Մենք գնացել ենք, մեր պասպորտով գրանցվել ենք, որ ինչ օգնություն տան, մեզ էլ տան: Բայց մինչև գնացել ենք, արդեն վերջացել ա օգնությունը, բայց անունով էր, մեր բաժինն էր»,- ասում են այգեշատցի կանայք:
Մարզի Մրգաշատ գյուղի բնակիչներն ասում են, որ կարկուտից հետո գյուղից արդեն 70 ընտանիք արտագաղթել է:
«Շատերն էլ ուզում են էթան, բայց ճար չունեն»,- ասում են գյուղացիները: Մրգաշատի գյուղապետ Գևորգ Դանիելյանը, սակայն, մեղմ է ներկայացնում վիճակը: «Հիմնական գնացողներ չկան, կան ժամանակավոր արտագնա աշխատանքի մեկնողներ: Գարունը բացվում է, մարդիկ գնում են, հոկտեմբեր-նոյեմբերին հետ են գալիս: Մարդը սպասում էր բերքին, կարկուտը խփեց, էլ չէր կարա վերականգներ, տեղ ուներ գնալու, հելավ գնաց, որ դրսում աշխատի: Բայց մարդիկ էլ կան, որ իրանց հողն ընենց են մշակել, որ նայես, չես էլ պատկերացնի, որ կարկուտը խփել ա: Էս գյուղում 7 ընտանիքի դուռ չկա փակված»,- ընդգծեց գյուղապետը՝ չժխտելով, որ շատ ընտանիքներից տղամարդիկ են մեկնել արտագնա աշխատանքի:
Մրգաշատի բնակիչ Թաթուլ Սողոմոնյանն էլ նկատում է՝ Արարատյան դաշտերն ամայացել են, ջահելները գյուղից գնացել:
«Ես տեղ եմ ման գալիս, որ թողնեմ էթամ, էս երկրում ես ոչ մի ապագա չեմ տենում: Ազգային ժողովում պարապ շոու են սարքում, թե կոռուպցիա կա: Ձեր ձեռն ա կոռուպցիան, բռնեք դատեք, էկել են էս չփլախ գյուղացիներին ճնշում են, որ ի՞նչ: Վերևում գտնվող մի քանի հոգին ճնշում են հասարակ գյուղացիներին»,- ասում է Սողոմոնյանը:
Ամասիայի բնակիչներն էլ ասում են՝ տուն չկա, որտեղից գոնե մեկ տղամարդ արտագնա աշխատանքի մեկնող չլինի:
«Մեր գյուղում ոչ մեկ չէր գնում դուրս, հողով ապրում էին, բայց կարկուտից հետո գնում են արտագնա աշխատանքի: Սերմեր են տվել, խաղողագործությամբ էին մարդիկ զբաղվում, լոբու սերմը տվել են` ի՞նչ անեն: Ինչքա՞ն կարանք լոբի ցանենք, էրեխեքին պահենք»,- ասում է Ամասիայի գյուղապետարանի աշխատակից Գարիկ Ավդալյանը: Նա նշում է, որ խաղողի վազերն կարկուտից այնքան են վնասվել, որ գյուղում մի քանի տարի խաղողի բերք չի լինի: Սակայն դա չի հետաքրքրում վարկային կազմակերպություններին, որոնք պարբերաբար այցելում են գյուղեր և պահանջում, որ գյուղացիները վճարեն վարկերի տոկոսադրույքները:
«Ծիրանը չեն ընդունում, հոտում ա, ժողովրդի վիճակն էլ շատ վատ ա, մնում ա` խունկ ծխենք էս ժողովրդի վրեն»,- ասում է Ամասիայի բնակիչ Արտաշես Ստեփանյանը, ով այս տարի 15-20 տոննա խաղողի բերք էր ակնկալում, 3 մլն դրամ էր ծախսել այգիների համար, սակայն այսօր ձեռնունայն է մնացել:
Գյուղացիներն ասում են, որ չեն հավատում կառավարության խոստումներին, քանի որ կառավարության կողմից գյուղացիներին հատկացված դիզվառելիքն ու սերմացուն որակ չունեն, աջակցությունը ոչ բոլորին է հասնում:
Գյուղացիներն ասում են, որ հաշվի առնելով նախորդ տարիների փորձը՝ չեն վստահում կառավարության սերմերին և չեն ցանում դրանք, դիզվառելիքի վատ որակի մասին նույնպես փաստեր են ներկայացնում:
«Էդ վառելիքը լցնում ես տրակտորը, գյուղտեխնիկան շարքից հանում ա: Կառավարությունը շեն վախտ ի՞նչ ա արել, որ հիմա ինչ անի: Էդ կառավարությունը ե՞րբ ա օգնել ժողովրդին, որ հիմա օգնի»,- ասում են գյուղացիները:
Այգեշատի գյուղապետ Արամայիս Մխիթարյանը փաստում է, որ կարկուտից հետո գյուղից արտագաղթն ավելացել է: «Կարկուտի պատճառով խախտվեց բալանսը, եթե առաջ գնում էին ու հետ գալիս, հիմա մարդիկ բռնել են արտագաղթի ճանապարհը»,- ասաց գյուղապետը:
Արմավիրի գյուղացիները կառավարությանը կոչ են անում տեր կանգնել իրենց, շոշափելի աջակցություն ցուցաբերել՝ նախազգուշացնելով, որ հետո ուշ կլինի:
© Medialab.am