19 կետով առաջընթաց. Ըստ Սաթիկ Սեյրանյանի՝ մամուլի ազատության առումով «խոշոր հաշվով բան չի փոխվել»

«Մեդիալաբի» հարցերի պատասխանել է ժուռնալիստների միության նախագահ Սաթիկ Սեյրանյանը:

– Տիկի՛ն Սեյրանյան, «Լրագրողներ աանց սահմանների» միջազգային կազմակերպության վարկանիշային ինդեքսի համաձայն՝ 2018 թվականի արդյունքներով Հայաստանը մամուլի ազատության առումով 19 կետով առաջընթաց է գրանցել: Ինչպե՞ս կմեկնաբանեք այս ցուցանիշը:

– Որպես ցուցանիշ, իհարկե լավ է 19 կամ 20 կետով առաջընթացը: Այսինքն՝ լավ է, որ այդ կառույցների սանդղակում Հայաստանն առաջընթաց է գրանցում: Այլ խնդիր է, թե որքանո՛վ է դա իրականությանը համապատասխանում: Վերլուծելով այդ զեկույցը՝ ես հասկանում եմ, թե ինչի՛ հիման վրա են այդ ցուցանիշը գրանցել:

– Կմանրամասնե՞ք՝ ինչի՞ հիման վրա:

– Դա արձանագրվել է այն բանի հիման վրա, թե այս կամ այն միջազգային կազմակերպությունների հետ համագործակցող հայաստանյան կազմակերպությունները ինչպես են իրենց զեկույցներում ներկայացնում երկրում տիրող իրավիճակը: Այդ կազմակերպությունները թավշյա հեղափոխությունից անմիջապես հետո իրենց հայտարարել են հեղափոխության ջատագովներ, պաշտպաններ, նրանք հիմնականում անտեսել են մամուլի դեմ տեղի ունեցող գործընթացները: Եվ իրենք էլ խոստովանել են, որ աջակցում են հեղափոխությանը և չեն ցանկանում վնասել: Եվ երբ մեդիայի ներկայացուցիչները՝ խմբագիրները, լրատվամիջոցները, ահազանգեր են հնչեցրել այս իշխանությունների բազմաթիվ գործողությունների ու վարչապետի մակարդակով կոշտ հայտարարությունների մասին, նրանք հիմնականում լռել են:

– Այսինքն՝ դուք այդ կազմակերպություններին մեղադրում եք անաչառ չլինելու մե՞ջ:

– Իհարկե, ինչպես իրենք ներկայացրել են իրենց զեկույցներում, «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպությունն էլ հիմնվել է այդ զեկույցներում ներկայացված կարծիքների վրա: Եվ իրականության հետ դա կապ չունի: Ինձ համար թվերը կարևոր չեն, որպես միության նախագահ, լրատվամիջոցի ղեկավար՝ ինձ հետաքրքրում է, թե որքանո՛վ է դա իրականությանը համապատասխանում:

– Իսկ ինչպիսի՞ն է իրականությունը, որը դուք արձանագրել եք:

– Իրականությունը տեսնելու համար պետք է տեսնել բազմաթիվ դրսևորումներ, վարչապետի տարբեր հայտարարություններ, որոնց դեմ բազմիցս արտահայտվել են լրատվամիջոցների ղեկավարները: Հիմա չեմ ուզում կրկնել: Ես հիմնվում եմ լրատվամիջոցների ղեկավարների ասածների վրա, որովհետև կազմակերպությունները կարող են շատ բաներ ասել, բայց անձամբ լրատվամիջոցներն ու լրագրողներն են իրենց ամենօրյա աշխատանքում զգում այդ վերաբերմունքը, իշխանությունների կողմից տարվող քաղաքականությունը:

– Ի՞նչ քաղաքականություն է, ճնշո՞ւմ են լրատվամիջոցներին, ծեծո՞ւմ են, ի՞նչ են անում:

– Անպայման պետք է ծեծե՞ն: Վաղուց չեն ծեծում: 1990-ականներին էր, որ քացով դուռը բացելով՝ մտնում էին խմբագրություններ ու այրում և այլն: Բարեբախտաբար, հետ չենք գնացել 90-ականներ:

– Եթե պայքարում են կեղծ տեղեկատվության, ֆեյքերի ու մանիպուլյացիաների դեմ, դուք դրանք կոշտ մեթոդնե՞ր եք բնորոշում:

– Երբ ընտրովի են պայքարում, իրենց սատարող կամ իրենց հովանավորության տակ գտնվող լրատվամիջոցների ու ֆեյքերի դեմ չեն պայքարում, այլ նրանց դեմ են դուրս գալիս, ովքեր այլ տեսակետ ու կարծիք են արտահայտում, դա ճի՞շտ է: Եվ այսօրվա իշխանությունները մի հետաքրքիր քաղաքականություն են որդեգրել՝ իրենք կոշտ քայլեր են անում, հետո բարձր ամբիոններից հայտարարում են, որ աննախադեպ ազատություն կա խոսքի ազատության առումով: Ես նորից եմ կրկնում, որևէ մեկը չի կարող սահմանափակել խոսքի ազատությունը, ինչ էլ կիրառի: Եվ մենք՝ լրագրողներս, դեռ 1990-ականներից տեսել ենք դրա կոշտ դրսևորումները: Դա խոչընդոտել է, բայց միևնույն է՝ չի կարողացել սահմանափակել խոսքի ազատությունը: Այս իմաստով, իհարկե, եթե համեմատենք 90-ականների հետ, մեծ տարբերություն կա:

– Իսկ եթե համեմատենք նախկին իշխանությունների օրոք իրավիճակի հետ: Նախքան հեղափոխությունը խոսքի ազատության առումով իրավիճակը ձեզ գոհացնո՞ւմ էր:

– Այսպես ասենք՝ նախկինների ժամանակ լրատվամիջոցերը չե՞ն գրել այն, ինչ ուզել են: Եթե նախկինում միջազգային զեկույցներում Հայաստանի խոսքի ազատության մասին դիտողությունները վերաբերել են հատկապես հեռուստատեսության ոլորտի քաղաքականությանը, ապա հիմա էլ դա կա: Եվ նույն իրավիճակն է: Այսինքն՝ խոշոր հաշվով բան չի փոխվել:

– Այսօր շատ է կեղծ տեղեկությունը, ֆեյքերի կողմից սոցցանցերում տարածվող ինֆորմացիան, դուք ի՞նչ եք նկատում, և ինչի՞ հետևանք է սա:

– Այդ կեղծ տեղեկատվության ամբողջ գործիքակազմից օգտվել և դրանով իշխանության է եկել Փաշինյանի կառավարությունը: Եվ որևէ մեկին թող չմեղադրեն այդ գործիքակազմից օգտվելու մեջ: Նկատի ունեմ՝ քաղաքական ուժերին: Բնականաբար, սոցիալական ցանցը այդ հնարավորությունը տալիս է, իսկ Փաշինյանը Դավոսում հայտարարել է, որ սոցիալական ցանցերը չլինեին՝ հեղափոխությունը չէր լինի: Այնպես որ, իրենք լավագույնս օգտվել են, շարունակում են օգտվել և կատարելագործել, և քաղաքական ուժերի կռիվն այդ գործիքակազմերով նոր բան չէ: Հետագայում էլ դա շարունակվելու է: Ես կարծում եմ, որ իշխանությունների կողմից պետք է առաջին քայլն արվի, իրենք պետք է հրաժարվեն դրանից:

Եթե իրենք չեն հրաժարվում և շարունակում են այդ քաղաքականությունը, ավելին, կատարելագործում ու ընդլայնում են, հետևաբար, մյուսներն էլ են դա անելու: Իսկ ինչ վերաբերում է լրատվամիջոցներին, դրանք հնարավորինս փորձում են ճշտել իրենց տեղեկատվությունը: Այլ խնդիր է, որ գերատեսչությունները կամ նոր իշխանությունները պատրաստ չեն լիարժեք աշխատելու լրատվամիջոցների հետ: Ավելին, խուսափում են նույնիսկ խոսելուց: Եթե մամուլին հետևել եք, ինքներդ էլ կտեսնեք, որ լրատվամիջոցները բարձրաձայնում են այն մասին, որ իշխող քաղաքական ուժի ներկայացուցիչները խուսափում են հարցերին պատասխանելուց: Եվ ստացվում է այնպես, որ անընդհատ Փաշինյանն է պատասխանում:

Նրանք բոլորը բերանները բաց սպասում են, թե Փաշինյանն ի՛նչ պետք է ասի: Հետևաբար, մեր աշխատանքը դժվարացել է այն իմաստով, որ անընդհատ հարցումներ ենք ուղարկում, որ գոնե պաշտոնապես պատասխանեն: Այսօր օպերատիվության առումով սահմանումը փոխվել է, ռիթմը, դինամիկան փոխվել են, ինտերնետը փոխել է լրավամիջոցների աշխատաոճը:

Եթե նախկինում հինգ օր կարող էր տևել պաշտոնական տեղեկատվություն ստանալու գործընթացը, ապա հիմա նույնիսկ ուշ է, հարցեր կան, որ կարող են շատ հրատապ պատասխանել, բայց 5-30 օր են ուզում և տալիս են ոչինչ չասող պատասխան: Այսինքն՝ ուզում եմ ասել՝ «Լրագրողներ առանց սահմանների» միջազգային կազմակերպության այս զեկույցը կազմվել է հայաստանյան այն կազմակերպությունների զեկույցների հիման վրա, որոնք հիմնականում շատ հաճախ անտեսել են խմբագիրների, մեդիա կազմակերպությունների, անհատ լրագրողների հնչեցրած խնդիրները: Միջազգային այդ զեկույցում ես կետ առ կետ տեսնում եմ, թե ո՛ր տեղական կազմակերպությունն ինչ հարց է բարձրացրել, ինձ համար ամեն ինչ պարզ է:

Ռոզա Հովհաննիսյան

MediaLab.am