«Ամենայն հավանականությամբ կարող են դպրոցները էլի փակել․ աշնանը հազն ու փռշտոցը պանիկայի առիթ են լինելու»․ Արտաշես Թադևոսյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանել է Երևանի Մխիթար Հերացու անվան բժշկական համալսարանի հանրային առողջության և առողջապահության ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Արտաշես Թադևոսյանը

– Պարո՛ն Թադևոսյան, դպրոցները բացվեցին, կորոնավիրուսի համավարակի առումով ի՞նչ իրավիճակ կարող է լինել։

– Դժվարանում եմ ասել, այստեղ հարցը միայն մեր դպրոցները չեն, ամբողջ աշխարհում համավարակի թվերը նորից սկսում են աճել։ Բայց դա կանխատեսելի էր, մարդիկ կամաց-կամաց սկսում են տեղաշարժվել։ Հիմա գնում ենք դեպի այն սեզոն, որ ավելի շատ փակ տարածքներ կլինեն, քանի որ եղանակը ցրտում է։ Ինչ վերաբերում է դպրոցներին, ես չգիտեմ, թե ինչպե՛ս կկարողանան կազմակերպել, որ վերահսկողությունը նորմալ լինի, հատկապես ցածր դասարաններում։ Բժշկական համալսարանում վաղը ես դաս ունեմ, ուսանողներ են գալիս, հասուն մարդիկ, այսօր սենյակում չափումներ էինք անում՝ ոնց նստեցնենք, որ պահպանվի սոցիալական հեռավորությունը։ Այդ տարածքը միայն լսարանը չէ, նրանք միջանցքներով գնալու են, դժվար է ասել։ Միակ արդյունավետ միջոցն այն է, որ կարողանան այնպես վերահսկել, որ հիվանդները շենք չմտնեն։ Բայց եթե նրանք հիվանդության ակտիվ փուլում չեն, վարակը դեռ նոր է սկսվում, հատկապես երեխաները կարող են առանց ջերմելու անցկացնել այս պրոցեսը, դժվար կլինի։

– Այսինքն՝ դժվար ժամանակնե՞ր են սպասվում։

– Այո՛, միանշանակ։ Բայց մյուս կողմից էլ՝ ես չեմ կարողանում պատկերացնել, թե ինչքան կարելի է այդպես փակ մնալ, դա հնարավոր չէ։ Սա ո՛չ երկրաշարժ է, ո՛չ էլ ջրհեղեղ, որ գա անցնի, հետևանքները չեզոքացնենք ու ասենք՝ վերջացել է։ Սա անընդհատ լինելու է։ Ես հիմնավոր չեմ համարում այն որոշումը, որ դպրոցները 15 օր ուշ բացեցին։ Այդ 15 օրում ոչինչ չփոխվեց, պետք է 15 օր շուտ տեղից շարժվեին։

Հայաստանում որոշվեց կարանտին սահմանել, մարդիկ քննադատում են այդ որոշումը։ Այս միջոցառման կարիքը կա՞։

– Միանգամից հինգ ամսով կարանտին սահմանելը մի քիչ աբսուրդ է։ Եթե հետևում եք՝ Վրաստանում այսօր կատարվում է այն, ինչ մեզ մոտ մարտ-ապրիլ ամիսներին էր՝ օրական 150-180 դեպք։ Եվ այդ ալիքը այդպես գնալու է, որովհետև ինչքան ուզում ես խեղդել՝ դա լինելու է։ Պատվաստանյութի արդյունավետությանը ես չեմ հավատում, ավելի հավանական է, որ բուժումը կբարելավվի, և բժիշկները կսովորեն ուղղակի պայքարել հիվանդության դեմ։ Այդ առումով գուցե արժի այս կարանտինը երկարաձգել, մինչև մի բան կլինի։ Իսկ այլ առումներով սա բացարձակապես հիմնավոր չէ, որովհետև ինչքան ճնշեն, այնքան ավելի երկար է տևելու պրոցեսը։ Վրաստանը մեզ օրինակ։ Երջանիկ ապրում էին՝ օրական մի քանի դեպք, հիմա՝ ավելի քան 100 դեպք։ Այն, ինչ մենք ունեինք 5-6 ամիս առաջ, նրանց մոտ հիմա է լինելու։ Մենք ինչքա՞ն կարող ենք փակ պահել սահմանները, ի վերջո, չդիմացան ու սահմանափակումները մեղմացրեցին։ Մենք ունենք մեծաթիվ ուսանողներ արտերկրից, որոնք պետք է վերադառնան։ Մեր բժշկական համալսարանը մոտ 2000 ուսանող ունի հենց Հնդկաստանից, սահմաններն ինչքա՞ն կարող են փակ պահել։

Աշխարհո՞ւմ էլ կարծես երկրորդ ալիք է բարձրանում։

– Ես չէի ասի՝ երկրորդ ալիք, որովհետև առաջին ալիքը ե՞րբ է ավարտվել որ։

– Հայաստանում օրական դրական թեստերի քանակն իջել է 5 տոկոսի սահմաններում, սա նվազում չէ՞։

– Ես կասեի, որ ավելի կարևոր է, որ մեզ մոտ մահվան դեպքերն են նվազում։ Թեստավորման ցուցանիշը կախված է նրանից, թե քանի թեստ ես անում, որ շրջանակներում, կոնտակտների հետևից ինչքան ես գնում և այլն։ Բայց որ մահվան դեպքերն են նվազում, դա միանշանակ լավ է։ Այստեղ երկու գործոն կա։ Նախ՝ ես կարծում եմ, որ բժիշկները կամաց-կամաց սովորել են այս հիվանդությունը վարել, երկրորդ՝ հաստատվում է այն փաստը, որ վիրուսային հիվանդությունների դեպքում ժամանակի ընթացքում վիրուսը թուլանում է։ Եվ դրա համար այսօր մենք ավելի շատ թեթև դեպքեր ունենք։

Այնուամենայնիվ, առջևում աշուն է, ի՞նչ սպասել։

– Աշնանը ես մեկ այլ վտանգ եմ տեսնում՝ կորոնավիրուսին կգումարվեն սովորական սեզոնային գրիպը, մրսածությունը, հազն ու փռշտոցը պանիկայի առիթ են լինելու։ Մյուս կողմից՝ այդ իրավիճակը խանգարելու է ախտորոշման գործընթացին։ Ոչ այն է այդ բոլորին, ովքեր փռշտում են, տանենք ու թեստավորենք, իսկ եթե չթեստավորենք, բա որ բա՞ց թողնենք։ Մեծ ծանրաբեռնվածություն է ընկնելու առողջապահության համակարգի վրա։

Իսկ ի՞նչ պետք է անել։

– Հստակ չեմ կարող ասել։ Մեկ է, պետք է փորձել բուժել։ Բայց ժողովրդի արձագանքը շատ կտրուկ կլինի, եթե մեկը փորձեց հազալ ու փռշտալ, այդ ամբողջ խումբը պետք է մեկուսանա, պետք է փորձենք հասկանալ՝ այդ մարդն ինչո՞ւ է հազացել ու փռշտացել։ Մինչև այդ ճշտումներն անեն, ամբողջ համացանցում տեղեկություն կտարածվի, որ, օրինակ՝ բժշկական համալսարանի չորրորդ կուրսում մի ամբողջ խումբ կորոնավիրուսով վարակված է։ Դա բավարար է, որ տեղեկությունը ձնագնդի պես աճի ու դառնա, որ ամբողջ բժշկական համալսարանը ոտքից գլուխ հիվանդ է։ Հետո կասեն՝ տեսա՞ք ինչ եղավ, ո՞ւմ էր պետք կրթական հաստատությունները բացել։

– Իսկ հնարավո՞ր է բացելուց կարճ ժամանակ անց դարձյալ փակվեն կրթական հաստատություները։

– Ես մտածում եմ, որ ամենայն հավանականությամբ կարող է իրավիճակ լինել, որ էլի փակեն։ Նորից հեռավար ուսուցման տարբերակին անցնելը բավական հնարավոր տարբերակ է։ Ես կարծում եմ, որ եթե մենք գյուղերում ունենք դպրոց, որտեղ 10-15 երեխա է սովորում, այդ դպրոցները չպետք է փակել։ Բայց եթե հրահանգ եղավ, բոլորին նույն կերպ են մոտենալու, ինչպես ԽՍՀՄ տարիներին էր։

Ռոզա Հովհաննիսյան

MediaLab.am