«Ինքնաթիռում չինացիները շատ յուրօրինակ հագուստներով էին՝ տիեզերագնացի, կրում էին նորաոճ պաշտպանիչ ակնոցներ»․ Աշխեն Դավթյանը՝ Հայաստանից Չինաստան

Մասնագիտությամբ լուսանկարիչ Աշխեն Դավթյանը օրեր առաջ է Չինաստան մեկնել՝ աշխատանքի նպատակով։ Ուղևորությունը չնայած փոքր-ինչ անսովոր է եղել կորոնավիրուսի պայմաններում, բայց, ասում է, որ մեծ բարդություն չի ներկայացնում․ «Որոշեցի Չինաստան գամ, քանի որ արդեն սովորել էի Չինաստանի կյանքին։ Մանկապարտեզում ուսուցիչ եմ աշխատում, նաև ընթացքում լուսանկարներ եմ անում։ Մեր ընկերներից մեկը՝ Սոնան էր առաջինը ռիսկ արել կորոնավիրուսի այս ընթացքում գալ Չինաստան, նրանից հետո մենք էլ ռիսկ արեցինք»,- ժպտալով ասում է Աշխեն Դավթյանը։

Պատմում է, որ մեկնելուց առաջ նախապես թեստ են հանձնել, ինքնաթիռում ամբողջ ժամանակ եղել են դիմակով, Չինաստան հասնելուն պես ևս թեստավորում են կատարել։

Welcome to China! 2

Posted by Ashkhen Davtyan Asha on Saturday, September 12, 2020

«Նախապես թեստ ենք հանձնում, դեսպանատունը հաստատում է, որ առողջ ենք, ու մեկնում ենք։ Ինքնաթիռում մեր բոլորի ուշադրության կենտրոնում չինացիներն էին՝ շատ յուրօրինակ հագուստներով էին, կարծես տիեզերագնաց լինեին (ժպտում է), նաև կրում էին նորաոճ պաշտպանիչ ակնոց։ Ինքնաթիռ մտնելուց առաջ և հետո չնկատեցի, որ մեզ ախտահանեն։ Ամբողջ ժամանակ ինքնաթիռում եղել ենք դիմակով, հանել ենք միայն ուտելիս։

Բորտուղեկցորդուհիներն էլ ընթացքում դիմակ էին բերում ու առաջարկում, որ մեր դիմակները փոխենք։ Չինաստան մտնելուց հետո մեզ բոլորիս տարան կրկին թեստ հանձնելու»,- պատմում է Դավթյանը։

Ասում է, որ թեստ հանձնելուց հետո բոլորին տեղափոխել են հատուկ կարանտինային հյուրանոցներ, որտեղ 14 օր պետք է մեկուսանան։ Մեկուսացումից դուրս գալուց հետո ևս պետք է թեստավորում անցնեն։

Աշխեն Դավթյանն ընդգծում է՝ Չինաստանում օրենքները շատ խիստ են։

«Ինձ բերել են հատուկ կարանտինի համար հատկացված հյուրանոցներից մեկը։ Սովորաբար թույլ չեն տալիս, որ ինքդ ընտրես հյուրանոցը։ Դու պետք է ենթարկվես, էստեղի օրենքները էդպես են։ Հյուրանոցի բոլոր պատուհանները փակ են, չենք կարող բացել։ Միայն մեկ փեղկ է, որ թույլատրվում է բացել՝ 15 սմ։ Հյուրանոցներում մեծ մասամբ ամուսիններին թույլ են տալիս նույն սենյակում մնալ։ Բայց մեկ այլ հյուրանոցում մեր ընկերներն էին՝ ամուսիններ, նրանց առանձնացրել են»,- պատմում է նա։

Ասում է՝ ճիշտ է, կանոնները խիստ են, բայց իրեն ապահով է զգում, իսկ եթե որևէ բանի կարիք է ունենում, դիմում է չինացի ընկերներին։

«Լավ չինացի ընկերներ ունեմ, նրանք միշտ ինձ օգնում են ամեն ինչում։ Օրինակ՝ հյուրանոցում՝ իմ համարում, դինամիկ չկար, ես առանց երաժշտության չեմ կարող։ Չինացի ընկերներից մեկը ինձ համար առաքում պատվիրեց։ Առաքման համար էլ հատուկ ժամ է սահմանված, եթե այլ ժամի լինի, ապրանքն ինձ չեն փոխանցի, այստեղ այդպես է»,- նշում է Աշխեն Դավթյանը:

Աշխենն ասում է, որ մեկնելուց առաջ գիտեր, որ խիստ կարգուկանոն է լինելու, հոգեպես պատրաստ էր։ Նշում է, թե ուրախ է, որ այժմ սահմանները որոշակի բացվել են, ու հնարավորություն կա ճամփորդելու և աշխատանքներ պլանավորելու։

«Երաժշտությամբ ու սենյակում լուսանկարներ անելու միջոցով եմ հաղթահարում մեկուսացումը։ Քիչ մնաց, շուտով կկարողանամ հյուրանոցից դուրս գալ»,- նշում է նա։

Արփինե Արզումանյան

MediaLab.am