2014թ. հունվարի 1–ից Ռուսաստանի Դաշնությունում ուժի մեջ են մտել «ՌԴ-ից ելքի և ՌԴ մուտքի մասին» և «ՌԴ-ում օտարերկրյա քաղաքացիների իրավական կարգավիճակի մասին» օրենքներում կատարված փոփոխությունները:
Համաձայն նոր կարգի` 2014թ. հունվարի 1-ից սկսած` ՌԴ առանց վիզա մուտքի իրավունք ունեցող պետությունների, այդ թվում` Հայաստանի Հանրապետության քաղաքացիները կարող են ՌԴ տարածքում մնալ 90 օր յուրաքանչյուր 180 օրվա ընթացքում:
Ըստ ռուսական աղբյուրների` նոր օրենքը նախատեսված է կանգնեցնելու անլեգալ միգրանտների հոսքը, չնայած նույն աղբյուրները նշում են նաև, որ օրենքի նոր փոփոխությունները չեն տալիս մի շարք հարցերի պատասխաններ: Եթե ՌԴ մեկնումը ոչ աշխատանքային նպատակով է, այլ հիվանդ հարազատի խնամակալության կամ մեկնողն ինքն ունի բուժման կարիք, այս դեպքում օրենքում առկա են բացթողումներ` արդյոք նման դեպքերում նույն ժամանակային սահմաններ են գործելու թե ոչ:
Նոր օրենքով սահմանված է նաև, որ եթե միգրանտը հիվանդության պատճառով գտնվում է առողջապահական հիմնարկում, ապա ժամկետների լրանալուց հետո համապատասխան փաստաթղթերի ներկայացման պարագայում հարգելի է համարվում երկրում գտնվելու առիթը:
«Առաջին հերթին սա լուրջ կոռուպցիոն ռիսկեր է պարունակում: Բոլոր միգրանտները համատարած կսկսեն հիվանդանալ և գնված կեղծ փաստաթղթեր ներկայացնել, չնայած մյուս կողմից էլ, իհարկե, դժվար է պատկերացնել, թե միգրանտները արդյոք հնարավորություն կունենան պատշաճ կերպով օգտվելու բժշկական ծառայություններից, որովհետև սա անմիջականորեն առնչվելու է օրենքի այն կարգավորումների հետ, որոնք կապված են միգրանտների բժշկական ծառայություններից օգտվելու հետ,- մեզ հետ զրույցում նշեց Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի նախագահ, իրավապաշտպան Արթուր Սաքունցը: – Պրակտիկայում Ռուսաստանի կոռուպցիայի տարածվածության աստիճանից ելնելով, օրենքը արգելափակող օրենսդրական նորմերը միշտ էլ հանգեցնում են կոռուպցիայի տարածմանը»:
Սովորաբար Հայաստանից արտագնա աշխատանքի մարդիկ մեկնում է գարնանը և վերադառնում հայրենիք միայն ուշ աշնանը (բացառությամբ ամեն երեք ամիսը մեկ սահմանը հատելու պարտադրված պայմանը, երբ հայերից շատերը պարզապես նախընտրում են գնացքով մեկնել Ուկրաինա, քան ինքնաթիռով վերադառնալ Հայաստան):
Օրենքի կիրարկման պարագայում միգրանտները չեն կարողանալու օգտվել իրենց մշտական աշխատանքից, որովհետև կարճ ժամանակով են այնտեղ գտնվելու.
«Նոր օրենքը ավելի հեռահար նպատակ է հետապնդում: Հաշվի առնելով Պուտինի քաղաքականության ընդհանուր տրամաբանությունը` այն է` վերականգնելու եվրասիական միությունը, իր օրենսդրությամբ ստեղծում է այնպիսի լծակներ` արգելող օրենսդրական նորմերի միջոցով, որը կհաղթահարվի առանձին միջպետական համաձայնագրերի կնքման ձևով, և ըստ էության կախվածության առավել մեծ աստիճան կձևավորի այդ տնտեսապես և սոցիալապես թույլ երկրների նկատմամբ»,-«Մեդիալաբին» ասում է Արթուր Սաքունցը:
Ըստ Սաքունցի սակայն, այս ամենում կա նաև դրական երևույթ, դեպի Եվրոպա վիզային ռեժիմի դյուրացման կարգը: Ըստ իրավապաշտպանի, միգրացիոն հոսքերը կուղղվեն դեպի Եվրոպա, իսկ դա ենթադրում է աշխատուժի որակական չափանիշների բարձրացման միտում, որոնք կհամապատասխանեն արդեն եվրոպական չափանիշներին:
Նա նշում է, որ փոփոխությունը մարտահրավեր է Հայաստանի իշխանությունների համար, որովհետ միգրացիան միշտ էլ քաղաքական ենթատեքստ ունի, իսկ թե որքանով են քաղաքական նպատակները գերադասելի տնտեսական գործոններին, ժամանակը ցույց կտա.
«Բայց որ մենք հնարավոր է ունենանք այնպիսի մի վիճակ, որը դուր չի գա Տիգրան Սարգսյանին, որ ասում էր ավելի լավ է` գնան, քան թե մնան, որպեսզի գունավոր հեղափոխություն չիրականացնեն, հիմա արդեն ստիպված է լինելու հաշտվել, որ որոշակի աշխատուժ անխուսափելիորեն պետք է գտնվի երկրում և ինքը խնդրի լուծում պետք է տա»,- ասում է Արթուր Սաքունցը:
Հիշեցնենք, որ հազարավոր ընտանիքներ տարիներ շարունակ գոյատեւում են դրսից` Հայաստան ուղղված տրանսֆերտների շնորհիվ: Միայն անցյալ տարի առաջին 6 ամիսների ընթացքում Հայաստան է 942,0 մլն ԱՄՆ դոլարի ֆինանսական օգնություն, ինչը 2012-ի նույն ժամանակահատվածի համեմատ ավելին է առնվազն 12 տոկոսով: Ըստ ՀՀ կենտրոնական բանկի հրապարակած տվյալների, տրանսֆերտների առյուծի բաժինը պատկանում է Ռուսաստանին` 797,0 մլն ԱՄՆ դոլար:
Ըստ իրավապաշտպանի, խնդրի լուծման ամենահավանական տարբերակն էլ հերթական ստրկական պայմանագրերի խնդրով Ռուսաստանի դուռը թակելն է ` արտագնա աշխատանքի մեկնող հայաստանցիների համար բացառություն կորզելու համար:
Առաջին հայացքից այս օրենսդրությունը հակասում է մաքսային միության ձևավորման տենդենցներին: Թվում էր, թե մի կողմից ուզում են ձևավորել բաց տարածք, որտեղ աշխատուժի, ապրանքների հոսքը պետք է ազատ լինի, մյուս կողմից էլ ընդունում են այսպիսի օրենքներ:
«Վերստին գալիս ենք այն եզրակացությանը, այս օրենսդրությունը ճնշման գործիք է երկրների համար, որպեսզի նրանց ստիպեն անդամագրվել մաքսային միությանը, որպեսզի նման արգելքները չհանգեցնեն ներքին քաղաքական անկայությանը կամ սոցիալական լարվածության մեծացմանը»,- եզրափակում է Արթուր Սաքունցը:
Անի Եղիազարյան
© Medialab.am