«Եվրոպական միության համար եթե Թուրքիան այսօր խնդիր է, վաղը գերխնդիր է դառնալու, և ԵՄ-ն դա պետք է հիմա գիտակցի». փորձագետ

«Մեդիալաբի» հարցազրույցը տարածաշրջանային հարցերով փորձագետ Կարեն Վերանյանի հետ

– Պարո՛ն Վերանյան, Լավրով-Չավուշօղլու հեռախոսազրույցից հետո թուրքական կողմը կարծես ասելիք չուներ, և՛ պաշտոնական հաղորդագրությունը, և՛ լրատվամիջոցներով տարածված տեղեկությունը ամենևին էլ նման չէին ՌԴ ԱԳՆ-ի հաղորդագրության բովանդակությանը։ Ճի՞շտ ենք հասկացել, որ դրանք տարբեր էին։

– Այո՛, բայց իրականում դա նորություն չէ ո՛չ միջազգային հանրության, ո՛չ էլ, առավել ևս, մեզ համար։ Թուրքիայի ձեռագիրը շատ հստակ է՝ մի բան հայտարարում է, իրականացնում է միանգամայն այլ բան։ 

Այսինքն՝ ինչպես ճիշտ նկատեցիք, մի կողմից երկու երկրների արտաքին գործերի նախարարների միջև ձեռք է բերվում պայմանավորվածություն ռազմական գործողությունները դադարեցնելու մասին, մյուս կողմից՝ դրանից հետո հնչում է միանգամայն հակառակ հայտարարություն։ 

Սա մեսիջ է հենց Ալիևին, որ շարունակի ռազմական գործողությունները։ Սա հին, ավանդական ձեռագիր է, ու ամենևին էլ նորություն չէ, և, կարծում եմ՝ այդ ձեռագրի նկատմամբ արդեն հայկական կողմն իմունիտետ ունի։ 

Ցավոք սրտի, միջազգային հանրությունը չունի այն անվտանգային մեխանիզմները և այն հստակ գիտակցումը, որ Էրդողանի նեոօսմանյան հավակնությունները շատ ավելի լուրջ, շատ ավելի խորքային սպառնալիք են ամբողջ միջազգային հանրության, տարածաշրջանի համար։

– Իսկ արդյոք միջազգային հանրությունն ունի՞ ցանկություն զսպելու այդ հավակնությունները, կարծես իրենց գործը միայն կոչ անելն ու մի կողմ քաշվելն է։ 

– Շատ բան նաև կախված է մեզանից, այս անգամ մեր տեղեկատվական, քարոզչական աշխատանքը շատ հստակ էր ու ողջունելի։ Այդ գործելաոճի շնորհիվ մենք շատ կարևոր արդյունք ունեցանք՝ փաստացի և պաշտոնապես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրները, և, մասնավորապես, դա ավելի շատ երևաց ՌԴ-ի ու Ֆրանսիայի պարագայում, որոնք, ըստ էության, հաստատեցին Թուրքիայի կողմից ահաբեկչական գրոհայինների հավաքագրման պրոցեսը։ 

Սա մեծ ձեռքբերում է։ Այսինքն՝ ըստ էության, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ձևաչափը, որը հակամարտության կարգավորման միակ քաղաքական ձևաչափն է, տվել է իր հստակ արձագանքը։ Կան նաև այլ երկրներ, որոնք դատապարտել են Թուրքիայի այդ գործողությունները։

Կցանկանայի ընդգծել Վաշինգտոնի մեսիջները, օրինակ՝ վարչապետի ու ԱՄՆ նախագահի անվտանգության հարցերով խորհրդականի հետ զրույցը, որի մասին հաղորդագրության մեջ մենք տեսնում ենք, որ ամերիկյան կողմը իր պատրաստակամությունն է հայտնել մասնակցելու Հայաստանի և տարածաշրջանի կայունացմանը։ 

Այդ ձևակերպման մեջ «Ադրբեջան» բառը չկա։ Սա, կարծում եմ՝ ուղիղ ենթատեքստով մեսիջ է Ադրբեջանին և Թուրքիային։ Այսինքն՝ մենք ունենք արձագանքներ, որոնք ողջունելի են, որ կան, բայց բավարար չեն։ Պետք է ուղղակի շարունակենք նույն ոգով։ 

Բացի դատապարտելուց ու տարատեսակ կոչերից, ի՞նչ կարող է անել միջազգային հանրությունը:

– Ադրբեջանն ու Թուրքիան արդեն իսկ ներկայանում են ահաբեկչություն իրականացնող, ֆինանսավորող, ահաբեկչական միջոցներով ռազմական գործողություններ ու նպատակներ իրենց առջև դնող պետություններ: 

Սա արդեն միջազգային հարթակում իրավական, քաղաքական տեսանկյունից ենթադրում է, որ պետություններ կան, որոնք հովանավորում ու ֆինանսավորում են ահաբեկչությունը: Սա հատկապես լուրջ խնդիր է Թուրքիայի, Ադրբեջանի համար Արևմուտքի ու Եվրոպայի հետ աշխատանքներում: 

Հատկապես Վաշինգտոնում հակաահաբեկչական պայքարը շատ են կարևորում: Այնպես որ, կարող են հնչել իրավական գնահատականներ, իսկ դա շատ կարևոր է: Կարող են լինել նաև տնտեսական պատժամիջոցներ: 

Եվրոպական ընտանիքը արդեն Թուրքիայի նկատմամբ սահմանել է պատժամիջոցներ, բայց դրանք բավարար չեն և ունեցել են հատվածային նշանակություն: 

Կարծում եմ՝ միջազգային հանրությունը այս դեպքում պետք է առավել համակարգված մոտենա այդ հարցին և համախմբված շահերով զսպի ու պատժամիջոցներ սահմանի Թուրքիայի նկատմամբ: 

Նույն Եվրոպական միության համար եթե Թուրքիան այսօր խնդիր է, վաղը գերխնդիր է դառնալու: Եթե օր առաջ ԵՄ-ն դա չգիտակցի ու առարկայական, թիրախավորված քայլեր չձեռնարկի, ապա վաղը չէ մյուս օրը շատ ավելի լուրջ ու ավելի ճգնաժամային իրավիճակում է հայտնվելու: 

Հասմիկ Համբարձումյան

MediaLab.am