«Հայաստանը Ռուսաստանի ընկալմամբ պարզապես տարածք է՝ այլ պետությունների հետ խնդիրներ լուծելու համար». Հայտարարություն

«Հայաստանը Ռուսաստանի ընկալմամբ պարզապես տարածք է՝ այլ պետությունների հետ խնդիրներ լուծելու համար». Հայտարարություն
«Հայաստանը Ռուսաստանի ընկալմամբ պարզապես տարածք է՝ այլ պետությունների հետ խնդիրներ լուծելու համար». Հայտարարություն

«Եվրոպական ընտրություն» դաշինքի նախաձեռնող խմբի` 2014թ. մայիսի 29-ին Աստանայում կայացած Եվրասիական տնտեսական միության հիմնադիր հանդիպման առթիվ հայտարարությունը ներկայացնում ենք ստորեւ:

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ

Հունիսի 4, 2014 

2014թ. մայիսի 29-ին Աստանայում կայացած Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) հիմնադիր հանդիպման ընթացքում հնչեցվեց Հայաստանի անդամակցության վերաբերյալ Ադրբեջանի պահանջը՝ Արցախի հետ մեր մաքսային սահմանը տարանջատելու վերաբերյալ, որն ընդունեցին ԵԱՏՄ-ում Հայաստանի ապագա «գործընկերները»: Տեղի է ունեցել Հայաստանի պետական շահի եւ արժանապատվության ակնհայտ ոտնահարում, ինչին Հայաստանի իշխանությունը տեղում արձագանքել է քար լռությամբ:

Աստանայում տեղի ունեցածը Հայաստանի ինքնիշխանությունը Ռուսաստանին զիջելու՝ Հայաստանի իշխող համակարգի քաղաքականության հերթական աղետալի հանգրվանն է:

Աստիճանաբար երկիրը զրկելով անվտանգության ու տնտեսական զարգացման, արդիականացման հեռանկարից, մերժելով մարդու իրավունքի եւ ժողովրդավարական արժեքների վրա հիմնված բարեփոխումների ուղին, Հայաստանը կցելով Ռուսաստանի խնամակալությանը՝ Կրեմլի մեծապետական քաղաքականության բոլոր նախաձեռնություններին տրվող համաձայնության դիմաց, իշխող հակասահմանադրական համակարգը Հայաստանն ու Արցախը գցել է շարունակական, ավելի ու ավելի անկանխատեսելի եւ անկանխարգելելի

սպառնալիքների շրջանակի մեջ:

Միեւնույն ժամանակ, տեղի ունեցածն ակնհայտ վկայություն է այն բանի, որ Ռուսաստանի մեծապետական նախագծերին տարբեր ակնկալիքներով եւ աստիճանով միացած ամբողջատիրական պետությունների շահը որեւէ ընդհանրություն չունի Հայաստանի ու Արցախի պետական շահի հետ, բացակայում է մեր երկրի շահի եւ արժանապատվության հանդեպ որևէ նրբանկատություն անգամ:

Ի հեճուկս երկհարյուրամյա փայփայած կարծրատիպի եւ դրա շարունակվող գեներացման՝ թե Ռուսաստանը Հայաստանի անվտանգության երաշխավորն է, Հայաստանին հասցված հերթական ապտակը եւս մեկ անգամ հաստատեց, որ Հայաստանը Ռուսաստանի ընկալմամբ պարզապես տարածք է՝ այլ պետությունների հետ խնդիրներ լուծելու համար: Այդ համատեքստում հատկանշական եւ ակնառու օրինակ է այն, որ Աստանայում տեղի ունեցածին նախորդել էր Ադրբեջանի հետ Ռուսաստանի ռազմա-տեխնիկական գործարքի, մասնավորապես հարձակողական սպառազինության վաճառքի ծավալների ընդլայնման մասին տեղեկատվությունը, ինչպես նաեւ հայ-ադրբեջանական շփման գծում Ադրբեջանի դիվերսիոն ակտիվությունը:

ԵԱՏՄ հիմնադիր անդամները հանդիսանում են նաեւ Հայաստանի «դաշնակիցները» ՀԱՊԿ կոչվող անվտանգության բլոկում: Այդ ամենով հանդերձ, Հայաստանի ու Արցախի հանդեպ Ադրբեջանի ոտնձգությունները դատապարտելու փոխարեն, այդ պետությունները ԵԱՏՄ ձևաչափում Հայաստանի առաջ դնում են ադրբեջանական պահանջներ:

Այդ խոսուն օրինակների առկայության պայմաններում անհրաժեշտ ենք համարում եւս մեկ անգամ արձանագրել Եվրասիական ներգրավողական նախագծերում Հայաստանին ու Արցախին սպառնացող վտանգները եւ կարեւորել Հայաստանի ինքնիշխանության, անվտանգության եւ քաղաքակրթական զարգացման խնդրով մտահոգ բոլոր քաղաքացիների, հասարակական միավորումների եւ քաղաքական ուժերի ջանքի համատեղումը դրանց դիմագրավելու գործում:

«Եվրոպական ընտրություն» դաշինքի նախաձեռնող խումբ