Թրամփը ցույց տվեց իր ուժը, հնարավորությունները, և շատ հնարավոր է՝ 2024-ին նա վերադառնա մեծ քաղաքականություն․ Սուրեն Սարգսյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանել է ԱՄՆ հարցերով փորձագետ, քաղաքական վերլուծաբան Սուրեն Սարգսյանը

– Պարո՛ն Սարգսյան, դուք հետևում եք ԱՄՆ-ում զարգացումներին, ի վերջո, ի՞նչ կատարվեց այնտեղ, և այս պահի դրությամբ ի՛նչ իրավիճակ է։

– Ամերիկայի Միացյալ Նահանգներում երեկ՝ հունվարի 6-ին, պետք է տեղի ունենար ընտրությունների վերջնական արդյունքների հաստատման նիստը։ Իսկ այդ արդյունքներով Ջո Բայդենը հայտարարվում էր Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ, իսկ պաշտոնի ստանձնման արարողությունը տեղի է ունենալու հունվարի 20-ին։ Սակայն Թրամփի աջակիցները անցկացրեցին մեծ հանրահավաք, որի ընթացքում ժողովուրդը որոշեց քայլել դեպի ԱՄՆ Կոնգրես և այնտեղ բարձրացնել բողոքի ձայնը։

– Ժողովո՞ւրդը որոշեց, թե՞ Թրամփն էր նման կոչ արել։

– Մի քիչ դժվար է հստակ ասել՝ ուղիղ կամ անուղղակի կոչեր կայի՞ն, թե՞ չկային։ Համենայնդեպս, Թրամփի ելույթը որ լսում ենք, Կոնգրեսը գնալ-պաշարելու մասին ուղիղ կոչեր չկան, չեն եղել։

Համենայնդեպս, նրա տարբեր խոսքեր տարբեր մեկնաբանության տեղիք կարող են տալ։ Ինչևէ, ցուցարարների մի մասը շտապեց դեպի Կոնգրես, որտեղ այդ պահին տեղի էր ունենում նիստը, որին մասնակցում էին ոչ միայն սենատորներն ու կոնգրեսականները, այլ նաև ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսը։

Ցուցարարներն ավելի շատ էին, քան ոստիկանները, և նրանք կարողանում էին պատերի վրայով մագլցել, բարձրանալ ու մուտք գործել Կոնգրեսի շենք՝ կոտրելով ապակիներ ու դռներ, որի հետևանքով իրավիճակը դուրս եկավ վերահսկողությունից։

Մեծ մասին հաջողվեց մուտք գործել շենք, գիտեք հավանաբար, որ հրաձգություն տեղի ունեցավ, այս պահի դրությամբ հայտնի է, որ անկարգությունների հետևանքով 4 զոհ է գրանցվել։

Այդ ընթացքում ցուցարարներին դիմեց ընտրված նախագահ Ջո Բայդենը, այնուհետև՝ Թրամփը՝ հորդորելով տուն վերադառնալ, բռնություններ չկիրառել։ Օրվա վերջին իրավապահ մարմինները կարողացան իրավիճակը վերցնել իրենց ձեռքը, Կոնգրեսի բնականոն աշխատանքները վերականգնվեցին, և կոնգրեսականները շարունակեցին աշխատանքը ու վերջնականացրեցին ընտրությունների արդյունքների հաշվման գործընթացը։ 

– Պարո՛ն Սարգսյան, սա ի՞նչ է նշանակում, ի վերջո, սա իսկապե՞ս ժողովրդավարության նկատմամբ հարձակում էր, ինչպես Բայդենը ներկայացրեց։

– Դե իհարկե, տարբեր քաղաքական ուժեր և հոսանքներ տարբեր կերպ են մեկնաբանում այն, ինչ տեղի ունեցավ։ Բնականաբար, դրանք ագրեսիվ գործողություններ էին, որոնք ուղղված էին իշխանությունների մի թևի դեմ, այսինքն՝ օրենսդիր իշխանության դեմ։

Մեծ հաշվով, Միացյալ Նահանգներում հենց ինստիտուտների կայացածության և քաղաքական համակարգի հասունության պատճառով է, որ նման ճգնաժամերը սովորաբար խաղաղ ավարտ են ունենում։

Բացատրեմ՝ ինչ նկատի ունեմ․ տեսեք՝ շրջապատեցին Կոնգրեսը, բայց իրենց քաղաքական ցանկությունները չկարողացան պարտադրել Կոնգրեսին, և Կոնգրեսը շարունակեց իր աշխատանքը այնպես, ինչպես միշտ իրականացրել էր։

Այնպես որ, կարծում եմ՝ նման ագրեսիվ գործողությունները ժողովրդավարությունից շատ հեռու են, բայց միևնույն ժամանակ Միացյալ Նահանգների պետական համակարգը ցույց տվեց, որ կենսունակ է, սահմանադրական հավասարակշռումների մեխանիզմը նույնպես գործուն է։

Էլի եմ ասում՝ բռնություններ գործադրվեցին, շենքը պաշարվեց, մտան ներս, անկարգություններ կատարվեցին, ճնշումներ ու շանտաժներ արվեցին, բայց չկարողացան հասնել նրան, որ օրենսդիրն այս կամ այն թեկնածուի նկատմամբ կողմնակալություն դրսևորի, այսինքն՝ հաստատվեցին ընտրությունների արդյունքները։ Եվս մեկ անգամ պարզ դարձավ, որ ընտրություններում հաղթողը Բայդենն է։

– Իսկ ինքը՝ Թրամփը, ի՞նչ եք կարծում, ունե՞ր հույսեր, որ հանրության ճնշումը ազդեցություն կգործի հանրապետականների վրա։ Նա իր ելույթում ասել էր, որ այս քայլով մտադիր են աջակցել «թույլ հանրապետականներին» որոշում կայացնելու հարցում։

– Կարծում եմ՝ Թրամփը հույսեր չուներ, բայց նա մինչև վերջ պնդեց, որ կեղծիքներ ընտրություններում շատ են եղել, որոնք կարող են ազդել ընտրությունների վերջնական արդյունքների վրա։

Շատ նահանգներում Բայդենը հաղթել է ընտրիչների քիչ ձայների տարբերությամբ, ինչը, բնականաբար, Թրամփի համար հիմք է, որպեսզի պահանջեր վերահաշվարկ ու դիմեր բողոքարկման այլ քայլերի։ Սա բարդ գործընթաց էր, որ ծավալվեց վերջին ամիսներին, որը կարծես հանգուցալուծվեց, և Ջո Բայդենը դարձավ ԱՄՆ ընտրված 46-րդ նախագահը։ 

– Կա տեսակետ, որ այս ամենը Թրամփի արկածախնդրության հետևանք կարող է լինել։ Դուք ի՞նչ կարծիքի եք, ունե՞ք այդպիսի տպավորություն։

– Ես կարծում եմ՝ Թրամփը ցույց տվեց իր ուժը և հնարավորությունները, միևնույն ժամանակ իր կողմնակիցներին ցույց տվեց, որ մինչև վերջ պայքարել է իր ձայնի համար։ Ես կարծում եմ նաև, որ Թրամփը նախապատրաստվում է մասնակցել 2024 թվականի նախագահի ընտրություններին։

Սա չի նշանակում, որ նա քաղաքականությունից հեռանում է, ի վերջո, 73 մլն ձայն է ստացել, և սա ընտրողների չափազանց լուրջ թիվ է։ Նա լուրջ աջակցություն ունի։ Եթե Բայդենի վարչակազմը ամերիկացիների սպասելիքները չարդարացրեց, դրանից օգտվելու է Թրամփը։ Եվ ես կարծում եմ՝ Թրամփը միգուցե կփորձի 2024 թվականին վերադառնալ մեծ քաղաքականություն։

– Պարո՛ն Սարգսյան, ԱՄՆ-ում կատարվածի առնչությամբ Ռուսաստանից հնչող հիմնական գնահատականները էսպիսին էին՝ թող ԱՄՆ-ը չփորձի խոսել ժողովրդավարության մասին։ Ի՞նչ կասեք այդ մասին։ 

– Նորմալ է, որովհետև տարբեր երկրներ, որոնք մշտապես նման գործընթացների առնչությամբ քննադատվել են ԱՄՆ-ի կողմից, հիմա էլ իրենք են քննադատում թե՛ ցուցարարների նկատմամբ, թե՛ ցուցարարների կողմից կիրառվող բռնությունները։ Այսինքն՝ բնական արձագանք է, ոչ մի տարօրինակ բան չեմ տեսնում։

– Կարո՞ղ է կատարվածի համար Թրամփը քրեական հետապնդման թիրախում հայտնվել։

– Իհարկե մեխանիզմներ կան, և եթե պարզվի, որ նա ծանր հանցագործություն է կատարել։ Չմոռանանք, որ նա մինչև հունվարի 20-ը գործող նախագահն է լինելու։ Բայց ԱՄՆ-ի պրակտիկայում շատ քիչ են դեպքերը, երբ նախագահները ենթարկվում են քրեական պատասխանատվության, այսինքն՝ նախկին նախագահներին չեն դատում, չեն դատապարտում ազատազրկման։

Թրամփի նկատմամբ իմփիչմենթ կիրառվեց, բայց չկարողացան օֆիսից հեռացնել։ Դա էլ սահմանադրական գործընթաց է, որը դեմոկրատները չկարողացան առաջ մղել։ Ոչինչ չպետք է բացառել։

Հիմա բավականին լարված իրավիճակում է ԱՄՆ-ը գտնվում, բայց, կարծում եմ՝ քաղաքական հետապնդումներ չեն լինի, և դժվար թե քրեական պատասխանատվության ենթարկեն նախկին նախագահին, մանավանդ որ նա բավականին լուրջ աջակցություն ունի։ 

Հասմիկ Համբարձումյան

MediaLab.am