Վիշտ և տրտմություն է ամենքիս սրտերում . օրեր շարունակվող լռությունից հետո Գարեգին Բ-ն ցավակցական ուղերձ է հղել

Վիշտ և տրտմություն է ամենքիս սրտերում . օրեր շարունակվող լռությունից հետո Գարեգին Բ-ն ցավակցական ուղերձ է հղել
Վիշտ և տրտմություն է ամենքիս սրտերում . օրեր շարունակվող լռությունից հետո Գարեգին Բ-ն ցավակցական ուղերձ է հղել

Գյումրու աղմկահարույց ողբերգությունից մեկ շաբաթ անց, Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն հանդես է եկել հայտարարությամբ: Նա խոսքը սկսել է երեկ հիվանդանոցում մահացած Ավետիսյանների փոքրի` Սերյոժայի մահվան մասին ցավակցությունով: Հաղորդագրությունը ներկայացնում ենք ստորեւ: 

«Սիրելի սգակիր հարազատներ և ժողովուրդ,

Վիշտ և տրտմություն է ամենքիս սրտերում փոքրիկ Սերյոժա Ավետիսյանի մահվան տխուր առիթով:

Գյումրիում Ավետիսյան ընտանիքի սպանության վշտին մեր հոգում հավելվեց նաև ընտանիքի փոքրիկի կորստի ցավը: Սգում ենք ամենքս այս դժվարին պահին և աղոթում փոքրիկի հոգու խաղաղության և հանգստության համար` խնդրելով, որ Տերը երկնքի լուսեղեն օթևաններում ընդունի ննջեցյալ մանկան լույս հոգին:

Միասնաբար պիտի դիմակայենք այս ողբերգությանը, որ ցնցեց ամենքիս, նաև պատճառ դարձավ տագնապների ու հուզումների: Տոկունությամբ ու խոհեմությամբ տանենք այս վիշտը, զերծ մնանք ցնցումներից և ցավն ու սուգը հաղթահարենք առ Աստված հավատքով` հարգանքի մեր տուրքը մատուցելով լուսահոգի մեր հայրենակիցների հիշատակին:

Աղոթում ենք վերստին Ավետիսյան ընտանիքի զոհված անդամների հոգվոց հանգստության համար, որպեսզի Տերը արարչական իր սիրով արժանացնի հավիտենական կյանքի երանությանը և Սուրբ Հոգով մխիթարի վշտացյալ բոլոր սրտերը:

Առ Բարձրյալն Աստված Մեր հայցն ենք վերառաքում, որ այլևս նման փորձություններ չտեսնի հավատավոր մեր ժողովուրդը և ապրի խաղաղության ու ապահովության մեջ:

Թող Տերը զորակից լինի մեզ և իր Սուրբ Աջի հովանու ներքո պահի ու պահպանի ազգս հայոց:

Յիշատակն արդարոց օրհնութեամբ եղիցի. Ամէն»,- ասել է Գարեգին Բ-ն:

Այս պահին Գյումրիում տեղի է ունենում վեց ամսական Սերյոժա Ավետիսյանի հոգեհանգիստը: Սերյոժան Ավետիսյանների ընտանիքի յոթերորդ անդամն էր, ով զոհ գնաց դաժան սպանությանը: 

Գյումրիում աղմկահարույց սպանության մեջ մեղադրվող ռուսական 102-րդ բազայի զինծառայող Վալերի Պերմյակովը չնայած բողոքի մեծ ալիքին, առայսօր գտնվում է Ռուսաստանի արդարադատության իրավասության տակ: Դաժան սպանության շարժառիթների մասին որեւէ սպառիչ պատասխան դեռ չի հնչել:

Յոթ օր շարունակ Հայաստանի և արտերկրի լավագույն բժիշկները պայքարում են վեց ամսական Սերյոժա Ավետիսյանի առողջական վիճակի բարելավման և կայունացման համար: Երեկ կրեմլյան ցավակցություններիցհետո միայն Հայաստանի իշխանությունները կենդանության նշաներ ցույց տվեցին: 

© Medialab.am