Արցախի պողոտայից մեկնարկել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջնորդած բազմամարդ երթը դեպի Հանրապետության հրապարակ, որտեղ 18:30-ին կայանալու է Փաշինյանի վարչապետության 100 օրն ամփոփող հանրահավաքը:
Փաշինյանին ուղեկցում են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամներ, կառավարության անդամները, ՔՊ պատգամավորները: Հանրապետության հրապարակում արդեն տասնյակ հազարավոր քաղաքացիներ են հավաքվել և սպասում են Փաշինյանին:
Ավելի վաղ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասել էր, որ երթը որոշել է սկսել այն վայրից, որտեղ ապրիլի 21-ին իրեն առևանգեցին ԱԱԾ և ոստիկանության աշխատակիցները:
Դիմելով երթի և հանրահավաքի մասնակիցներին՝ Փաշինյանը խնդրել էր ագրեսիվության որևէ դրսևորման ագրեսիվությամբ չպատասխանել: Նրա խոսքով՝ բոլոր կանխատեսումների համաձայն՝ այսօրվա միջոցառումների մասնակիցների թիվը մեծ է լինելու, ինչը բոլորից պահանջում է առանձնահատուկ պատասխանատվություն և զսպվածություն:
«Չեմ բացառում, որ կարող են լինել ագրեսիվության դրսևորումներ, ուղարկված մարդիկ, որոնց նպատակը կլինի սադրանքներ կազմակերպելը: Խնդրում եմ ագրեսիվության որևէ դրսևորման չպատասխանել: Իսկ եթե դա կլինի ագրեսիվություն, որին պետք է անպայման պատասխանել, խնդրում եմ դիմել ոստիկանությանը, որոնք այսօր ուժեղացված ծառայություն կիրականացնեն»,- ասել էր Փաշինյանը:
Փաշինյանը նաև ասել է, որ Հանրապետության հրապարակում 18:30-ին մեկնարկող հանրահավաքում հանդես կգա ծավալուն ելույթով, կլինի լուրջ խոսակցություն նախորդ երեք ամիսների և ապագայի մասին:
www.youtube.com/watch?v=PelvcBQhxRU