«Սյունիքի հանրային կարծիքը ամեն օր ստիպում է մեզ, որ իրավական գործողությունները լինեն ավելի հատու և ուժեղ»․ Արմեն Խաչատրյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը

Պարո՛ն Խաչատրյան, Սյունիքի մարզի համայնքների ղեկավարներից ոմանց նկատմամբ իրավական ակտիվ գործընթացներ են տեղի ունենում, որոնք նույն այդ անձինք համարում են քաղաքական հետապնդման փորձեր: Նաև ասում են, որ այդ կերպ իշխանությունը փորձում է լռեցնել իրենց, որպեսզի, այսպես կոչված, Սյունիքի միջանցքի հարցը հեշտությամբ լուծի: Ինչպե՞ս կմեկնաբանեք:

– Ուղղակի ծիծաղելի է նման մեկնաբանություն տալը: Այն քրեական գործերը, որով հիմա քննություն և օպերատիվ քննչական գործողություններ են իրականացվում, բավականին լուրջ հանցագործության առերևույթ փաստեր են պարունակում, և Սյունիքի ողջ բնակչությունը, մասնավորապես՝ Գորիսի, տիրապետում է իրավիճակին և շատ լավ գիտի եղելությունը, հանրային կարծիքն ամբողջությամբ տարբերվում է այդ համայնքի ղեկավարների նշած պատճառաբանություններից:

Եթե դուք ուշադիր հետևել եք, Քարահունջի բնակիչները նաև երկու օր առաջ իրենց ձայնը բարձրացրեցին ընդդեմ համայնքի ղեկավարի: Այժմ քննչական ակտիվ գործողություններ են իրականացվում, և իրականությունը շուտով պարզ կդառնա:

Ի՞նչ կապ ունի Սյունիքի միջանցքը կամ ուրիշ այլ բան՝ հատկապես այն դեպքում, երբ իշխանությունը, նաև ես բազմիցս հայտարարել եմ, որ Սյունիքի միջանցքի հարց չի քննարկվում և չի էլ կարող քննարկվել: Դրանք ուղղակի ծիծաղելի պատճառներ են, հանցագործություն կատարած անձը որևէ պատճառաբանություն չի կարող բերել:

Այսօր որևէ քաղաքական հետապնդում չի կարող իրականացվել, երբևէ նման բան չի եղել և չի էլ լինելու: Ովքեր իրենց պաշտոնեական դիրքն են չարաշահել, ովքեր զբաղվել են ընտրակեղծարարությամբ, հարկադրանք են կիրառել ընտրողների նկատմամբ, բոլորի գործողություններին անխտիր իրավական գնահատական է տրվելու:

– Այսինքն՝ պնդում եք, որ այս գործողությունները բխում են միմիայն օրենքի՞ց, և այդ մարդիկ, ինչպես նշեցիք, հանցագործությո՞ւն են կատարել:

– Ի դեպ ասեմ, որ այս գործողությունները շատ վաղուց պետք է լինեին և ինչ-որ տեղ էլ ուշացած են։ Բայց այսուհետ իրավապահ մարմինները շատ ակտիվ են աշխատելու այս ուղղությամբ և բոլոր հանցավոր դրսևորումներին գնահատական է տրվելու, ինչին վաղուց սպասում է Սյունիքի մեր հանրությունը, և ինչը նաև նրանց պահանջն է:

Հանրային կարծիքը ամեն օր ստիպում է մեզ, որ այդ գործողությունները լինեն ավելի հատու, ուժեղ և նպատակաուղղված: Սա հենց Սյունիքի բնակչության կարծիքն է, և իշխանության ու մարզի բնակիչների համակարծիք լինելու փաստը արդեն ընտրություններով ապացուցված է, և որևէ մեկն այլ բան ասել չի կարող:

– Պարո՛ն Խաչատրյան, ասում եք, որ մի բան էլ ուշացած են այս գործողությունները, այդ դեպքում, եթե իսկապես կան առերևույթ հանցագործության տարրեր, ինչպես ասում եք, ինչո՞ւ ուշացրիք, ինչի՞ն էիք սպասում և ինչո՞ւ հիմա հանկարծ ակտիվացան իշխանությունների գործողությունները:

– Մի շարք օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներով պայմանավորված՝ քրեական գործերը դատական հեռանկար չեն ունեցել կամ ձգձգվել են, բայց այսօր Ոստիկանությունը, ԱԱԾ-ն, Դատախազությունը և քննչական մարմինները իրենց ուժերը կենտրոնացրել են, և հատկապես պաշտոնեական և պետական հանցագործություններին ուղղված լուրջ միջոցառումներ են ձեռնարկվում, սա պետք է արվի, որովհետև սա հանրային պահանջ է:

Իսկ ինչո՞ւ նախկինում չեն արել՝ կա՛մ թերացել են, կա՛մ կիսատ են արել, իհարկե այս հարցին էլ պետք է գնահատական տրվի և անդրադարձ կատարվի, թե ինչու:

 – Միայն Սյունիքի մարզի համայնքների ղեկավարների գործողություննե՞րն են իրավական տեսանկյունից խոցելի, մյուս համայնքների ղեկավարների գործողություններում ամեն ինչ օրինակա՞ն է, թե՞, այնուամենայնիվ, այս ամենում քաղաքական տարր կա:

– Իհարկե միայն Սյունիքի մարզում չէ, բայց քաղաքական տարր բացարձակ չկա, մեր հանրությունը շատ լավ գիտի, որ ընտրակաշառք բաժանելու բազմաթիվ դեպքեր են եղել ընդդիմադիր դաշինքների կողմից:

Վայոց ձորի մարզում ամսի 19-ին ձերբակալվել է երեք անձ՝ ընտրակաշառք բաժանելու փաստով, որոնցից մեկն այժմ կալանքի մեջ է, երկուսը ստորագրությամբ ազատ են արձակվել: Մի շարք մարզերում դեռևս նյութեր են նախապատրաստվում, որոնց մասին շուտով հանրությունը կտեղեկացվի: Գորիսում կա այդ փաստը՝ Քարահունջի դեպքով, այդ մասին հենց ահազանգել են բնակիչները:

Այսօր հենց այնպես մարդուն մեղադրել հնարավոր չէ, հնարավոր է, որ հանցագործություն կատարած անձին դատավարական խնդիրների պատճառով չկարողանաս դատապարտել, բայց որ անմեղ մարդուն ինչ-որ բանում մեղադրես՝ այն էլ համայնքի ղեկավարներին, այն էլ, որ այսպիսի մեծ փաստաբանական մեծ ծառայություններ ունեն, «Հայաստան» դաշինքը շատ մեծ նյութական ռեսուրսներ է ծախսում այդ փաստաբանական ծառայությունների համար, և որևէ մեկը չի կարող ապօրինի մեղադրանք ներկայացնել:

Ներկայացված բոլոր մեղադրանքները շատ հիմնավոր ու անառարկելի են, քննության գործընթաց է, դեռևս կլինի դատական գործընթաց, և օբյեկտիվ իրականությունը ի հայտ կգա դատաքննության ընթացքում:

– «Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու, բժիշկ Արմեն Չարչյանի կալանավորման համար են նաև ձեր թիմին մեղադրում, այս դեպքի մասով և՞ս հերքում եք, որ քաղաքական ենթատեքստ կա:

– Բայց հերքելու բան չկա, բժիշկ Չարչյանը հանցագործություն է կատարել, հետևաբար պետք է պատասխանատվություն կրի, շատ ավելի վատ, որ ինքը բժիշկ է, հանրային հեղինակություն է և հանցագործություն է կատարում:

Եթե հասարակ անձը կատարեր այդպիսի հանցագործություն, որևէ մեկը չէր միջնորդի, իշխանություններին չէր մեղադրի: Չարչյանը կատարել է հանցագործություն, որը դատավարությամբ կապացուցվի, և պետք է պատասխան տա, բոլորն օրենքի առաջ հավասար են, կլինի Չարչյանը, երկրի վարչապետը, թե պատգամավորը: Հանցագործությունը ներում չունի միանշանակ:

– Նախընտրական քարոզարշավի ընթացքում և ընտրություններից հետո ձեր քաղաքական թիմը բազմիցս խոսեց պողպատյա մանդատի մասին, նշեցիք, որ դա կիրառվելու է բոլոր ոլորտներում: Ձեր ընդդիմախոսներն ասում են՝ լավ կլինի այդ պողպատը կիրառեք արտաքին թշնամու դեմ, որն արդեն երկու ամիս ու ավելի է՝ ՀՀ սուվերեն տարածքում հանգիստ նստած է, ոչ թե երկրի ներսում ձեզ համար թշնամիներ ստեղծեք ու պայքարեք նրանց դեմ: Ձեր մեկնաբանությունը խնդրեմ:

– Որևէ ներքին թշնամի մենք մեզ համար չենք ստեղծել, որևէ մեկը թշնամիներ չի փնտրում, բայց մենք փնտրելու ենք հանցագործության և իրավախախտման դեպքեր, փնտրելու ենք պետության դեմ ուղղված հանցագործություններ, իրավապահ մարմիններն աշխատելու են իրենց գործառութային պարտականությունների շրջանակում:

Սև լճի հատվածի հետ կապված դեռևս բանակցություններ են ընթանում, կան որոշակի զարգացումներ՝ ռուսական զորքի տեղակայման և այլ հարցերում: Եվ մեկը մյուսի հետ կապելն ընդհանրապես աբսուրդ է: Այսինքն՝ ի՞նչ են ուզում իրենք, որ ներսի հանցագործներին մենք չդատենք, որովհետև Սև լճում խնդի՞ր կա ադրբեջանցիների հետ, քանի դեռ կա խնդիր, ոչ մի հանցագործի չե՞նք դատում:

Ո՞ւր են տանում, երազում են, որ երկրում անարխիա՞ լինի, չի՛ լինելու դա, ով հանցագործություն կատարի՝ անկախ նրանից, թե սահմանին ինչ վիճակ է, թե արտաքին հարաբերություններում ինչ խնդիրներ, առաջխաղացումներ կան, ՀՀ-ում հանցագործություն կատարողը անմիջապես պետք է պատասխանատվության ենթարկվի:

Թե արտաքինում ինչ է կատարվում՝ կապ չունի, թող պատճառաբանություններ չբերեն՝ միջանցք և այլն, կամ իրենք ո՞վ են ընդհանրապես, որ միջանցքի հարց լուծեն, հանրությունը նրանց արդեն չի ընդունում, և նրանց մնալը հակաժողովրդական իրավիճակ է ստեղծում:

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am