«Թունյանի հրապարակած 3.2 տրիլիոն դրամը կատարյալ սուտ է. եթե այդպես լիներ, ապա Հայաստանի ՀՆԱ-ն մի քանի անգամ մեծ կլիներ». տնտեսագետ

«Մեդիալաբի» զրուցակիցն է տնտեսագետ Հրանտ Միքայելյանը

– Հայաստանի տնտեսական ներկա վիճակի մասին ձեր գնահատականները ինչպիսի՞ն են: Խնդրում եմ նկատի ունենալ նաև համավարակից բխող այսօրվանից ուժի մեջ մտնող սահմանափակումները տնտեսական գործունեություն իրականացնող հաստատությունների նկատմամբ: Դրանք արդյոք ազդեցություն կունենա՞ն:

– Չեմ կարծում, թե այսօրվանից կիրառվող սահմանափակումները բացասաբար ազդեն տնտեսության վրա: Գուցե առանձին ձեռնարկություններ կամ բիզնեսներ որոշակի տուժեն, բայց տնտեսության վրա, ընդհանուր առմամբ, զգալի ազդեցություն չեն ունենա: Այդ սահմանափակումները, իմ կարծիքով, պետք է դիտարկել համավարակի դեմ պայքարի տեսանկյունից:

– Իսկ որպես մասնագետ՝ երկրի տնտեսական վիճակի մասին ձեր տեսակետը ո՞րն է. երկիրը կարողանո՞ւմ է ճգնաժամից դուրս գալ:

– Շուտով կհրապարակվեն դեկտեմբերի վիճակագրական տվյալները, որոնք թույլ կտան ավելի պարզ ու հիմնավոր տեսակետ հայտնել: Բայց տպավորությունն այնպիսին է, որ ամեն դեպքում այն ճգնաժամը, որը սկսվել էր 2020 թվականի մարտից, ավարտվում է: Կարող եմ ասել, որ վերջին երկու ամսվա ընթացքում տնտեսական վիճակը բարելավվել է: Բայց չեմ կարող ասել, թե որքանով է կայուն այդ միտումը:

Պետք է ընդգծեմ, որ բարելավվել ասելով՝ նկատի չունեմ, թե մենք վերադարձել ենք նախահամավարակային կամ նախապատերազմական վիճակին, այլ կարողանում ենք դուրս գալ ճգնաժամից:

Տնտեսական ցուցանիշները բարելավել ենք ճգնաժամային ժամանակահատվածի համեմատ: Այսինքն՝ ցանկացած ճգնաժամի ժամանակ կա ամենացածր կետ, որից հետո սկսվում է բարձրացում: Ա՛յ հիմա մենք արդեն եկել ենք այդ բարձրացման ժամանակաշրջան, որը հավանաբար սկսվել է 2021-ի նոյեմբերից:

– Պարո՛ն Միքայելյան, ՔՊ խմբակցությունից պատգամավոր Գևորգ Պապոյանը օրերս տվյալ է ներկայացրել՝ նշելով. «Եթե 2018 թ. հունվարի 20-ին հավաքագրվել էր ընդամենը 12 մլրդ դրամ հարկ և տուրք, ապա 2022 թ. հունվարի 20-ի դրությամբ հավաքագրվել է 144 մլրդ դրամ հարկ և տուրք կամ 12 անգամ ավելի»: Ինչի՞ մասին է խոսում այս ցուցանիշը:

– Ես կարող եմ ասել, որ այդ տվյալները որևէ վստահություն չեն ներշնչում, ավելին՝ ճշմարիտ չեն, ամբողջությամբ սուտ են: Նախ՝ 2018-ի հունվարին բյուջետային փոփոխություն է տեղի ունեցել, և հարկերի փոփոխություն է կատարվել:

Հարկերի հավաքագրումը, կարող եմ ասել, մոտ 20 տոկոսով աճել է վերջին տարիների ընթացքում, բայց որևէ լուրջ տնտեսական աճի կամ հարկերի հավաքագրման աճի մասին չի կարող խոսք լինել:

– Այսինքն՝ պատգամավորը ոչ ճիշտ տվյալ է հրապարակո՞ւմ:

– Այո՛, դա պատգամավորների շրջանում թերևս ընդունված երևույթ է, քանի որ մեկ այլ պատգամավոր՝ Բաբկեն Թունյանը, երեկ հրապարակել է տվյալ, որ 2021-ին 3.2 տրիլիոն դրամի խաղադրույք է կատարվել Հայաստանում: Վիճակագրական ծառայության հրապարակած պաշտոնական տվյալների համաձայն՝ շահումով խաղերի և այդ ոլորտի ամբողջ շրջանառությունը 2021-ի ինն ամիսներին կազմել է մոտ 200 մլրդ դրամ, այսինքն՝ 16 անգամ քիչ, քան պատգամավորն է նշել:

3.2 տրիլիոն դրամը կատարյալ սուտ է: Եթե այդպես լիներ, ապա Հայաստանի ՀՆԱ-ն մի քանի անգամ մեծ կլիներ: Չկա Հայաստանում այնպիսի զանգված, որը կարողանա նման չափի խաղադրույք կատարի:

Բացի այդ, կատարված հարցումների համաձայն՝ Հայաստանում 18 տարեկանից բարձր բնակչության 10 տոկոսը, այսինքն՝ մոտ 230 հազար մարդ, ասել է, որ 2019 թվականին գոնե մեկ անգամ խաղացել է շահումով խաղ: Եթե մի պահ պատկերացնենք, որ բոլոր այդ մարդիկ խաղացել ու գեներացրել են Թունյանի նշած գումարը, ապա յուրաքանչյուրը տարվա ընթացքում 31 հազար դոլար գումար է խաղադրույք արել, իսկ Հայաստանում չի կարող լինել 230 հազար մարդ, որը կարողանա նման չափի խաղադրույք կատարել:

Ես կարծում եմ՝ նման բան տարածում են ինչ-որ օրենքներ, սահմանափակումներ արդարացնելու համար: Չի կարող այդ մեկ ոլորտը գեներացնել մեր ՀՆԱ-ի կեսը: Մենք տնտեսության շատ պարզ պատկեր ունենք: Ի վերջո, ամեն ամիս վիճակագրական տվյալները հրապարակվում են, և որևէ կարիք չկա ինչ-որ բացահայտումների: Ամեն ինչ պարզից պարզ է:

– Ընդհանրապես, հարկային հավաքագրումները շատ պաշտոնյաների համար կարծես հպարտանալու առիթ են: Դուք՝ որպես մասնագետ, ինչ եք կարծում՝ ինչի՞ հաշվին է այդ հավաքագրումների ցուցանիշը բարձր:

– Ցանկացած տնտեսական կամ վիճակագրական երևույթ գնահատելիս պետք է ամբողջության մեջ տեսնել պատկերը: Օրինակ՝ մի պարզ իրավիճակ. երբ, ասենք՝ դիտարկվում է հունվարի առաջին 20 օրը, պետք է հաշվի առնել, որ այս տարվա հունվարի 20 օրը ընդգրկում է նաև այն օրերը, որոնք անցյալ տարի հունվարին ոչ աշխատանքային էին: Այս տարբերությունը պետք է հաշվի առնել վիճակագրություն ներկայացնելիս:

Պետք է հաշվի առնել ահագին մեծ գնաճը երկրում, ինչպես նաև՝ մի քանի տարվա ընթացքում կուտակված տնտեսական աճը: Շատ անգամ ենք պաշտոնյաներից հայտարարություններ լսել, թե առևտրաշրջանառությունը, ըստ ՀԴՄ-ների, աճել է 2-2.5 անգամ, բայց վիճակագրության համաձայն՝ առևտրաշրջանառության աճը, որպես առանձին բաղադրիչ, կազմել է 3 կամ 5 տոկոս: Այսինքն՝ առանձին վերցրած մի թիվ չի կարող իրականությունը ներկայացնել, եթե մենք չունենք պատշաճ մակրոտնտեսական պատկեր:

Այո՛, վերջին տարիների ընթացքում Հայաստանում նկատվում է հարկային հավաքագրումների որոշակի աճ, սակայն այսօր հստակ որևէ բան ասել հնարավոր չէ, քանի որ տվյալները կհրապարակվեն փետրվարի վերջին: Ինձ համար ընդունելի են այն տվյալները, որոնք ես կարող եմ ստուգել, որովհետև ցանկացած պնդում կարող է գիտական համարվել, եթե ստուգելի է: Իսկ երբ ստուգում ենք, ստանում ենք շատ ավելի համեստ պատկեր:

Հասմիկ Համբարձումյան

MediaLab.am