Ադրբեջանն այսօր անսովոր վիճակում է, որից դուրս գալու համար Հայաստանի նկատմամբ ագրեսիան ավելի կուժեղացնեն. Ռուբեն Սաֆրաստյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը

– Պարո՛ն Սաֆրաստյան, Թուրքիայի նախագահի մամուլի խոսնակ Իբրահիմ Քալընի խոսքով՝ կողմերի հարաբերությունների կարգավորումը դրական է ընթանում, որ նոյեմբերի սկզբին սահմանային հանդիպում են ունեցել: Նկատի ունենալով, որ պաշտոնական Երևանն այս հանդիպման մասին չի տեղեկացրել, որքանո՞վ եք իրականությանը մոտ համարում Էրդողանի խոսնակի հայտարարությունը:

– Սկսեմ նրանից, որ այդ հայտարարությամբ պարզ դարձան մանրամասներ, որոնց մենք տեղյակ չէինք, բայց թուրքական կողմի հիմնական մոտեցումը չի փոխվել, այսինքն՝ առաջ է քաշվում նախապայման, ըստ էության պահանջ՝ եթե հայկական կողմն ուզում է այս գործընթացում առաջընթաց լինի, ապա Ադրբեջանի հետ հարաբերություններում պետք է զիջումների գնա: Ամենակարևորն այդ հայտարարությունից սա է ինձ համար, որ, ըստ էության, Թուրքիայի մոտեցումը չի փոխվել: 

Իսկ այն, ինչ ներկայացվում է, իսկապես տեխնիկական բնույթի խնդիրներ են, որոնք քննարկվում են, բայց իրական, գործուն քայլեր չեն արվել: Այսինքն՝ թուրքական կողմը շարունակում է իր քաղաքականությունը բանակցային գործընթացում. մի կողմից դնում է պահանջներ, մյուս կողմից՝ տպավորություն է ստեղծում, թե ինքը պատրաստ է հարաբերություններ հաստատելու, բայց իրականում ոչինչ էլ տեղի չի ունենում, սա թուրքական տակտիկան է, որի մասին ես խոսել եմ ամիսներ առաջ:

– Իսկ ինչո՞ւ պաշտոնական Երևանը թեկուզ այդ փոքր քայլերի, ինչպես դուք եք բնորոշում՝ ձեռք բերվող պայմանավորվածությունների մասին չի իրազեկում հայ հանրությանը, որպեսզի թուրքական կողմից չիրազեկվենք:

– Չեմ կարող ասել: Գուցե այն բանի համար, որովհետև հասկանում է, որ դրանք այնքան փոքր հարցեր են, որ դրանց մասին խոսելու անհրաժեշտություն էլ չկա, առավելևս դրանք ներկայացնել որպես առաջընթաց բանակցային գործընթացում: Ենթադրում եմ, բայց հստակ, բնականաբար, չեմ կարող ասել:

– Պարո՛ն Սաֆրաստյան, հատկապես վերջին օրերին Ադրբեջանն ամեն օր խախտում է հրադադարը, ձեր տպավորությամբ՝ Թուրքիան հիմա որքանո՞վ է շահագրգռված նոր ռազմական գործողությունների գնալ Ադրբեջանի ձեռամբ:

– Իմ տեսակետն այն է, որ Ադրբեջանի գործողությունները ոչ միայն համաձայնեցված են Թուրքիայի հետ, այլև թուրքական ծրագրի մի մասն են կազմում: Ես կարծում եմ, որ Թուրքիան ներկա փուլում լուծում է ռազմավարական կարևոր խնդիր՝ Հարավային Կովկասում իր ազդեցության ուժեղացում, և Ադրբեջանն իր այս ագրեսիվ քաղաքականությամբ ծառայում է Թուրքիայի ստրատեգիային: 

Երկրորդ՝ տեսնում ենք, որ Ադրբեջանը շարունակում է իր քաղաքականությունը, որի նպատակն է ճնշում գործադրել Հայաստանի վրա, որ իր պահանջները ընդունելի լինեն: Ըստ էության, Ադրբեջանն ու Թուրքիան գործում են միասին, ու այդ գործունեության բուն էությունը հարկադրման քաղաքականությունն է, այսինքն՝ ագրեսիվ հայտարարություններով ու գործողություններով փորձում են պարտադրել, որ Հայաստանը զիջումների գնա: 

– Առաջիկայում նոր ռազմական էսկալացիան հայ-ադրբեջանական սահմանին իրատեսակա՞ն է:

– Կարծում եմ՝ այո՛: Եթե Ադրբեջանում, առաջին հերթին՝ Անկարայում, գան եզրակացության, որ այս ագրեսիվ գործողություններով Հայաստանը չի գնում զիջումների, իհարկե ավելի մեծ ագրեսիա կնախապատրաստվի՝ ավելի լայնածավալ ռազմական գործողությունների գնալու համար:

– Ինչո՞վ ձեռնտու չէ ֆրանսիական միջնորդությունը հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հարցում Թուրքիայի համար, որ Ադրբեջանը փորձում է հրաժարվել դրանից:

– Որովհետև Ֆրանսիայի միջնորդությունը, նրանց գնահատմամբ, միջնորդություն է հօգուտ Հայաստանի: Այս առումով հիշում եմ Էրդողանի հայտարարությունը, երբ նա իմացավ, որ Ֆրանսիայի Սենատն ընդունել է հայանպաստ այդ բանաձևը, կարծեմ Սամարղանդում էր այդ ժամանակ, հայտարարեց, որ «սա սկանդալ է: Ես կվերադառնամ ու այդ հարցով կզբաղվեմ»: 

Հավանական է, որ Թուրքիան փորձել է ճնշում գործադրել Ֆրանսիայի վրա, որ վերջինս իր այդ մոտեցումից հետ կանգնի, բայց Ֆրանսիան, ինչպես տեսնում ենք, շարունակում է իր քաղաքականությունը, ու ակնհայտ է, որ նախաձեռնությունը գալիս է հենց Մակրոնի կուսակցությունից: 

Ես այն մարդկանց խմբին չեմ պատկանում, որ թերագնահատում են այդ որոշումները, այո՛, պարզ է, որ դրանք չունեն պարտադիր բնույթ, բայց, հաշվի առնելով, որ դա ֆրանսիական էլիտայի մի զգալի մասի դիրքորոշումն է, իսկ ֆրանսիական էլիտան Եվրամիության էլիտայի կարևոր հատվածն է, իր ազդեցությունը կունենա նաև Եվրամիության պետությունների էլիտայի վրա:

Իհարկե, դա բավական բարդ գործընթաց է լինելու, բայց շուտով դրա ազդեցությունը կտեսնենք, նույնիսկ այն պայմաններում, երբ Եվրամիությունը Ադրբեջանի հետ գնում է գազի գործարքի: 

– Պարո՛ն Սաֆրաստյան, կա պնդում, որ «Ադրբեջանը հիմա ծանր վիճակում է, որովհետև միջազգային ճնշումներն ակտիվացել են իր ուղղությամբ»: Ի՞նչ կասեք այս մասին:

– Ես չէի ասի, որ դա ծանր վիճակ է: Այն վիճակը, որում հիմա Ադրբեջանն է, անսովոր է իր համար, որովհետև Ադրբեջանը սովոր չէ, որ կարող են լինել եվրոպական շրջանակներ, որոնք կարող են այսպես բացահայտ քննադատել իր քաղաքականությունը, մինչև հիմա մենք դա չենք տեսել:

Ադրբեջանի ղեկավարությունը դեռևս չի կարողացել այս իրավիճակից ելքեր գտնել, իսկ նրանց ելքը մեկն է լինելու՝ ավելի ուժեղացնել բռնությունն ու ագրեսիան Հայաստանի նկատմամբ:

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am