«Թուրքիան Հայաստանի հետ բանակցային գործընթացում կիրառում է իր մարտավարության երկրորդ փուլը, որի ընթացքում կլինեն այսպիսի փոքր քայլեր». Ռուբեն Սաֆրաստյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը

– Պարո՛ն Սաֆրաստյան, նախօրեին կայացավ Հայաստանի ու Թուրքիայի հատուկ բանագնացների չորրորդ հանդիպումը, որի ընթացքում ձեռք են բերվել որոշակի պայմանավորվածություններ։ Նկատի ունենալով կողմերի ձեռք բերած պայմանավորվածությունները՝ ինչպե՞ս կգնահատեք այս հանդիպումը։

– Ձեռք բերված պայմանավորվածությունները փոքր քայլեր են, չենք կարող դրանք սկզբունքային քայլեր համարել, ու դա պատահական չէ։ Կարծում եմ՝ երկու հանգամանքով էր պայմանավորված, որ տեղի ունեցան այդ քայլերը։ Առաջինն այն է, որ Թուրքիան Հայաստանի հետ բանակցային գործընթացում կիրառում է իր մարտավարության երկրորդ փուլը, որի ընթացքում կլինեն այսպիսի փոքր քայլեր։

Օրինակ՝ օդային ճանապարհով ապրանքների փոխադրումը նշանակում է, որ շատ սահմանափակ է լինելու բեռների քանակը, կամ՝ երրորդ երկրների քաղաքացիների համար սահմանի բացումն էլի ենթադրում է, որ շատ փոքր թվով մարդիկ են օգտվելու դրանից։ Նման փոքր քայլերի տակտիկա է սկսում կիրառել։

Երկրորդն էլ՝ կարծում եմ, որ սա պայմանավորված էր նաև Արևմուտքի, հիմնականում՝ ԱՄՆ-ի ճնշմամբ ու Թուրքիայի քաղաքականությամբ, որովհետև ՆԱՏՕ-ն վերջին գագաթնաժողովում Ռուսաստանը ճանաչեց որպես իր հիմնական հակառակորդ, իր համար հիմնական վտանգ, ու, հետևաբար, ՆԱՏՕ-ի, ԱՄՆ-ի համար կարևոր է, որ տարածաշրջանում Ռուսաստանի ազդեցությունը թուլանա, ու այդ առումով կարևոր է, որ հայ-թուրքական հարաբերությունները հնարավորինս կարգավորվեն, որ այդ կերպ տարածաշրջանում Թուրքիայի ազդեցությունը հնարավորինս մեծանա։ Կարծում եմ, որ այս հանգամանքն ու ԱՄՆ-ի ճնշումն է ստիպել Թուրքիային գնալ նման քայլի, որվհետև նախ հեռախոսազրույց տեղի ունեցավ Բայդենի ու Էրդողանի միջև, հետո էլ՝ Մադրիդում հանդիպեցին։

– Որ ասում եք՝ հարաբերությունների կարգավորման գործընթացում Թուրքիան մարտավարությունը փոխում է, ի՞նչ նպատակով է դա արվում։

– Պետք է հասկանանք, որ Թուրքիայի համար Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորումն ինքնանպատակ չէ, նա այլ խնդիրներ է լուծում՝ կապված Արցախի Հանրապետության հիմնահարցի, հայ-ադրբեջանական բանակցությունների, այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի», Ցեղասպանության հետ և այլն։ Այնպես որ, Թուրքիան շահագրգռված է, որ բանակցությունները շարունակվեն, դրա համար էլ այսպիսի փոքր քայլերով հասնում է նրան, որ Հայաստանի մոտ հետաքրքրություն լինի բանակցությունները շարունակելու, որ ինքը կարողանա այդ խնդիրները լուծել։

– Պարո՛ն Սաֆրաստյան, կողմերը կրկին ընդգծել են, որ բանակցությունները կշարունակեն առանց նախապայմանների։ Սա ենթադրո՞ւմ է, որ Հայաստանը Ցեղասպանության մասով որևէ պահանջ չի ներկայացնի Թուրքիային, թե՞ սխալ եմ հասկանում։

– Հայաստանն իր գոյության այս 31 տարվա ընթացքում պաշտոնապես երբեք պահանջ չի ներկայացրել Թուրքիային՝ ճանաչել Ցեղասպանությունը։ Գուցե մենք՝ գիտնականներս, պատմաբաններս, այդ հարցը շրջանառում ենք, բայց երբեք դա չի եղել պաշտոնական մակարդակով։ Ընդհակառակը՝ Հայաստանն ի սկզբանե կողմնակից է եղել Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորել առանց նախապայմանների։

Թուրքիան է նախապայմաններ դրել ու հիմա էլ շարունակում է դնել, թեև պաշտոնապես հակառակն է հայտարարում։ Մի քանի շաբաթ առաջ Թուրքիայի բարձրագույն ղեկավարները հայ-թուրքական հարաբերությունների բանակցային գործընթացը սկսեցին ակնհայտորեն կապել հայ-ադրբեջանական բանակցությունների գործընթացի հետ։ Իսկ դա իր էությամբ արդեն իսկ նախապայման է. սա թուրքական դիվանագիտություն է։

– Թուրքիա-Հայաստան հարաբերությունների կարգավորմանը միտված բանակցություններն ի՞նչ նշանակություն կարող են ունենալ հայ-ադրբեջանական հնարավոր պատերազմի մեկնարկի համար, քանի որ, ինչպես օրեր առաջ հայտարարեց ՀՀ վարչապետը, նոր պատերազմն ավելի քան հնարավոր է։

-Հ այաստանի նպատակները շատ ավելի պարզ են․ Թուրքիայի հետ ուզում է նորմալ հարաբերություն ունենալ, նորմալ սահման ունենալ։ Թուրքիայի նպատակները, ինչպես ասացի, այլ են, նա ուրիշ խնդիրներ է լուծում, ոչ թե Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորում, որովհետև դա իր համար կարևոր նշանակություն չունի․ Հայաստանն իրեն վտանգ չի ներկայացնում, այն փոքր շուկա է իր տնտեսական ապրանքների համար։

Այս բանակցային գործընթացը, իհարկե, որոշակի առումով զսպում է Ադրբեջանի ագրեսիվությունը, որովհետև նրա ագրեսիվությունը մեծապես պայմանավորված է Թուրքիայով, Թուրքիան է ուղղորդում Ադրբեջանին։ Եթե բանակցություններ են ընթանում, չեմ կարծում, որ Թուրքիան Ադրբեջանին ուղղորդի պատերազմի, այդ առումով բանակցությունները որոշակի զսպող դեր են կատարում։

– Պարո՛ն Սաֆրաստյան, այս փոքր քայլերը, որոնք Թուրքիան անում է, մեծ հաշվով, Հայաստանին ի՞նչ են տալու։

– Այնպիսի քայլեր են, որ չեմ կարծում, թե շարքային քաղաքացին դրա ազդեցությունը զգա, կամ էլ մեր տնտեսությունը դրանից օգուտ ստանա, որովհետև հենց այդ փոքր քայլերի նպատակն էլ այն է, որ Հայաստանի վրա մեծ դրական ազդեցություն չունենան, բանակցություններն այս կերպ շարունակվեն, դրանց ընթացքում Թուրքիան իր պահանջները դնի, ճնշում գործադրի։ Բայց Հայաստանի համար կարևոր է, որ Թուրքիայի հետ ունենա բաց սահման, ու այս փոքր քայլերը միտված են դրան, բայց սա չի նշանակում, թե դրան կհետևեն իրական քայլեր՝ սահմանի բացում, չեմ կարծում, թե Թուրքիան դրան հեշտությամբ կհամաձայնի։

– Այսինքն՝ ցանկացած պահի Թուրքիան կարող է նաև առկախե՞լ բանակցությունների այս գործընթացը։

– Ես համակարծիք չեմ․ Թուրքիան ամեն ինչ կանի, որ առկախումը լինի Հայաստանի կողմից, որ դա հետո ինքն օգտագործի Հայաստանի դեմ, աշխարհին ցույց տա, ասի՝ տեսեք՝ մենք ուզում ենք հարաբերությունները կարգավորել, Հայաստանը չի ուզում։ Դա նաև կօգտագործի Հայաստանի վրա ճնշում գործադրելու նպատակով, որովհետև, չմոռանանք, երբ հայտնի դարձավ, որ պետք է հարաբերությունների կարգավորման ուղղությամբ բանակցություններ սկսվեն, աշխարհի համարյա բոլոր ուժային կենտրոնները ողջունեցին այդ քայլը։

Այնպես որ, թուրքական դիվանագիտությունն ամեն ինչ կանի, որ առկախողը լինի ոչ թե ինքը, եթե դա լինի, այլ՝ Հայաստանը, որ վերջինիս մեղադրի ոչ կառուցողական լինելու համար։

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am