Հրազենային վնասվածքներով, նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանը տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն: Այժմ նա գտնվում է կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում: Այդ մասին «Մեդիալաբին» տեղեկացրին բուժհիմնարկի վերակենդանացման բաժանմունքից:
«Հայրիկյանը վիրավորվել է ուսից, այժմ նրան բուժօգնություն են ցուցաբերում»,- տեղեկացրին վերակենդանացման բաժանմունքից` այլ մանրամասներ չհայտնելով:
Տեղեկացնենք, որ ըստ մամուլի հրապարակումների, Պարույր Հայրիկյանի վրա կրակել են: Հաղորդվում է, որ դեպքը տեղի է ունեցել Երեւանի Տպագրիչների փողոցում: Ինչպես «Ազատություն» ռադիոկայանին փոխանցել է Պարույր Հայրիկյանի ազգականներից մեկը, նրա վրա կրակել են երկու անգամ:
Ոստիկանությունը եւս հաստատել է տեղի ունեցածը, թեեւ այլ մանրամասներ դեպքի կապակցությամբ դեռեւս չեն հաղորդվում: Դեպքի վայր է ժամանել ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը:
Հիշեցնենք, որ Պարույր Հայրիկյանը փետրվարի 18-ին կայանալիք ՀՀ նախագահի ընտրություններում առաջադրված թեկնածուներից մեկն է:
© Medialab.am