«Տասնամյակների ընթացքում տեղական բդեշխների շուրջ հայտնվել է «մի կտոր հացի» համար ամեն ինչի պատրաստ խեղճուկրակների ախպերությունը». Աշոտ Ադամյան

«Տասնամյակների ընթացքում տեղական բդեշխների շուրջ հայտնվել է «մի կտոր հացի» համար ամեն ինչի պատրաստ խեղճուկրակների ախպերությունը». Աշոտ Ադամյան
«Տասնամյակների ընթացքում տեղական բդեշխների շուրջ հայտնվել է «մի կտոր հացի» համար ամեն ինչի պատրաստ խեղճուկրակների ախպերությունը». Աշոտ Ադամյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է ռեժիսոր, դերասան Աշոտ Ադամյանը

– Պարո՛ն Ադամյան, վերջին օրերին Իջևանում մի խումբ մարդիկ բողոքի ակցիա էին անում ու պահանջում, որ չարգելեն ապօրինի անտառահատումը։ Ինչո՞ւ են մարդիկ ձգտում հին մեթոդներին:

– Նախկին իշխանություններից մեզ բաժին է հասել մի համակարգ, որը դեռևս իներցիոն ընթացքի մեջ է։ Տասնամյակներ աշխատել է «այս կամ այն «կռիշի» ներքո գործի տեր դառնալ» ճարպկությունը։ Մարդիկ, իմանալով, որ օրենք ասածը միայն թղթի վրա է, ճարահատյալ ընդունել են խաղի այդ կանոններն ու հարմարվել այդ դրվածքին։

Օրինապահ լինելը շատ լավ է, երբ օրենքը հավասար աշխատում է բոլորի համար և պատժում է օրինազանցներին։ Իսկ երբ օրենքի կիրառումն ընտրովի է կամ, ինչպես հիմա մեզանում՝ դեռ նոր է մտնում կարգավորման փուլ, բոլորը չէ, որ կամավոր կհրաժարվեն լափամաններից։

Տասնամյակների ընթացքում տեղական բդեշխների շուրջն իհարկե հայտնվել է «մի կտոր հացի» համար ամեն ինչի պատրաստ խեղճուկրակների ախպերությունը և առանց ուղեղին զոռ տալու, ժողովրդից գողանալով «տուն է պահում»՝ մոռանալով, որ Հայաստանը բոլորիս տունն է։

– Ընդհանրապես իշխանության արձագանքը ո՛րը պետք է լինի նմանօրինակ դեպքերին հակազդելու համար` բիրտ ուժ կիրառել, օրենքի ամբողջ խստությամբ պատժել, թե՞ նաև այլ քայլեր կան։

– Միանշանակ, ամբողջ խստությամբ պետք է գործի օրենքը։ Իսկ որ ասում եք` «բիրտ ուժ կիրառելով», այստեղ հարց է առաջանում՝ ո՞վ է ավելի բիրտ, գո՞ղը, թե՞ գողի ձեռքը բռնողը։

Ինչ վերաբերում է «այլ քայլերին», լուծումը պետք է տա օրենսդիր մարմինը։ Ազգային ժողովը պետք է սահմանի անտառաշատ վայրերի մոտ ապրող մեր երկրացիների անտառօգտագործման չափն էլ, քանակն էլ, որակն էլ։

– Մարդիկ սոցիալական խնդիրներով են հաճախ պատճառաբանում իրենց արարքները։ Այս դեպքում ևս նման պատճառաբանություն կա։ Արդյոք սոցիալական խնդիրներն արդարացո՞ւմ են։

– Ոչ մի դեպքում։ Սոցիալական խնդիրների ցածր մակարդակը այդպիսի մտածողության հետևանքն է։ Համոզված եմ, որ հենց այդ մարդիկ շատ լավ էլ գիտեն, որ իրենց արածն արած չէ։ Թե՞ կարծում են, որ մյուսները պատճառաբանություններ չունեն։ Իսկ պատճառաբանությունն օրենք չէ: Երբ չկա օրենք, չկա պետություն։ Չկա պետություն, գործում է վայրենի կլանային «մերոնք-ձերոնք»-ը։

– Վարչապետը վերջերս խոսեց քրեական մշակույթն արմատախիլ անելու մասին։ Որտեղի՞ց է գալիս այդ մշակույթը, ինչո՞ւ է արմատացած մեր մեջ, և ի՞նչ անել, որ դա վերանա։

– Վարչապետը ճիշտ է ասում։ Բոլորս սպասում ենք այդ կարգի «ծառահատման»: Եվ որքան արագ դա լինի՝ այնքան լավ բոլորի համար:

Ռոզա Հովհաննիսյան

MediaLab.am