«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը
– Նիկոլ Փաշինյանը Վաշինգտոնում ասել է, որ ադրբեջանական կողմին առաջարկել են սահմանազատված հատվածներից դուրս բերել ԵՄ դիտորդական խմբերին, իսկ չսահմանազատված հատվածում նրանք կմնան այնքան, մինչև սահմանազատման գործընթացն ավարտին հասցվի: Պարո՛ն Բադալյան, նախ՝ ինչպե՞ս եք գնահատում հայկական կողմի այս առաջարկը, երկրորդ՝ ի՞նչ պատասխան կտա Ադրբեջանն այդ առաջարկին:
– Նիկոլ Փաշինյանն այդ մոտեցումը տևական ժամանակ արտահայտել է, Ադրբեջանից տեսնում ենք, որ հստակ որևէ արձագանք առանձնապես գոյություն չունի, որովհետև Ադրբեջանի համար, ըստ իս, այս թեման ավելի շատ խաղարկման թեմա է, քան իմպերատիվ պահանջ:
Ես այն կարծիքին չեմ, որ եվրադիտորդներն էապես խանգարում են Ադրբեջանին, ու կան դրա շատ պարզ օրինակները, ինչպես Երասխում գործարանի կառուցումը: Եթե ԵՄ դիտորդներն Ադրբեջանին չեն խանգարել անգամ այդ քաղաքացիական բնույթի գործարանի կառուցմանը խոչընդոտելու հարցում, ապա ինչպես կարելի է պատկերացնել, որ ավելի լուրջ հարցերում դիտորդներն ինչ-որ խնդիրներ կդնեն Ադրբեջանի առաջ:
Հաշվի առնելով Երևանի զգայունությունը այս թեմայի առնչությամբ՝ Ադրբեջանը պարզապես այս թեման օգտագործում է Հայաստանին պահանջներ ներկայացնելու և նաև Եվրոպայի հետ առևտրի համար, որովհետև Եվրոպան էլ, անկասկած, այս հարցի շուրջ աշխատում է Ադրբեջանի հետ:
Ի վերջո, չմոռանանք, որ այս գաղափարը մեջտեղ բերվել ու համաձայնեցվել է Պրահայի հայտնի հանդիպմանը, երբ ավելի ուշ պարզվեց, որ այդ հանդիպմանը պարզապես Հայաստանի առաջ դրվել է Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի կազմում ճանաչելու խնդիր, ու, մեծ հաշվով, դրանից հետո է միայն Ադրբեջանը հավանություն տվել, ԵՄ-ն էլ պատրաստակամություն հայտնել սահմանին դիտորդներ տեղակայել:
– Ստացվում է, որ Ադրբեջանի համար այս պահանջն ընդամենը պայմանագրի ստորագրումը հետաձգելու նպատա՞կ է հետապնդում:
– Միայն պայմանագրի ստորագրումը հետաձգելու համար արվող պահանջ չէ, որովհետև Ադրբեջանը փաստացի շատ ավելի ուժեղ պահանջ ունի, ուժեղ՝ նկատի ունեմ ազդեցիկ՝ իր տեսանկյունից ու բարդ՝ Երևանի տեսանկյունից, դա Սահմանադրության փոփոխությունն է:
Ադրբեջանի համար ուղղակի ցանկացած առիթ պետք է Երևանի նկատմամբ ճնշումը մեծացնելու, Երևանին ինչ-որ պահանջներ, դիտողություններ ներկայացնելու ու նաև, հնարավորության դեպքում, իհարկե, երրորդ կողմերի հետ սակարկության դաշտ բացելու համար: Այս պարագայում այս թեման ոչ միայն ԵՄ-ի հետ է, այլև, իմ կարծիքով, ընդհուպ ՆԱՏՕ-ի հետ:
Մենք պետք է ուշադրություն դարձնենք մի հանգամանքի. նախորդ տարեվերջին Ադրբեջանը եվրադիտորդների ու դրանց վստահելիության հարցը բարձրացրել է ՆԱՏՕ-ի պատվիրակության առաջ, այսինքն՝ ակնհայտ է, որ Ադրբեջանն այդ հարցը ոչ միայն ԵՄ-ի, այլ նաև ՆԱՏՕ-ի հետ է ինչ-որ քննարկումների ու սակարկումների առարկա դարձնում:
Սրա համար է Ադրբեջանին անհրաժեշտ իր ընդդիմությունը ներկայացնելը, որովհետև, բնական է, Ադրբեջանի տեսակետը հաշվի են առնելու, ինչպես նշեցի, հենց սկզբից այդ առաքելության գաղափարը համաձայնեցվել է Ադրբեջանի հետ, և սա Ադրբեջանին մի կողմից թույլ է տալու պայման թելադրել Երևանին, մյուս կողմից՝ սակարկել միջազգային դերակատարների հետ այնքան, ինչքան կստացվի:
– Պարո՛ն Բադալյան, համաձա՞յն եք Փաշինյանի այն հայտարարությանը, թե ավելի քան մոտ են խաղաղության պայմանագրի կնքմանը:
– Մի քանի շաբաթ առաջ Արարատ Միրզոյանը հայտարարել էր, որ այդ երկու չհամաձայնեցված կետերի համաձայնեցումը շատ երկար ժամանակ կարող է պահանջել, այսինքն՝ ՀՀ արտգործնախարարը, որը ևս այդ բանակցային շրջափուլում, ենթադրվում է, պետք է անմիջական ներգրավվածություն ունենա, այդպիսի հայտարարություն է անում, իսկ Նիկոլ Փաշինյանը խոսում է մոտալուտ ստորագրման ու այլնի մասին:
Բայց բոլորս ենք տեսնում, թե ինչ պահանջներ է քաշում Ադրբեջանը դա ստորագրելու համար, այսինքն՝ խնդիրը հետևյալն է. ոչ թե քանի կետ է համաձայնեցվել, քանիսը՝ ոչ, այլ Ադրբեջանը անհրաժեշտ կհամարի՞ ստորագրել, թե՞, հակառակը, չստորագրելը կդիտարկի իր համար ուժի կիրառման որոշակի հնարավորությունների ավելի նպաստավոր միջավայր:
Ադրբեջանն այդ փաստաթուղթը կստորագրի, երբ ստիպված լինի, այսինքն՝ երբ այլևս չստորագրելու հնարավորություն չի ունենա, ու, ցավոք սրտի, դա այսօր կախված չէ Երևանի հետ ուժային հարաբերակցությունից: Մնացյալն արդեն հայտարարություններ են, որոնք անում է ՀՀ վարչապետը՝ տարբեր նկատառումներից ելնելով:
– Քաղաքական առումով ի՞նչ հետևանքներ կարող է ունենալ Հայաստանի համար միջազգային դատարաններում ունեցած հայցերից հրաժարումը, ինչի պատրաստակամությունն արդեն որերորդ անգամ հայտնել է Նիկոլ Փաշինյանը:
– Հայաստանի համար միջազգային իրավական այդ հայցերը, իմ գնահատմամբ, որոշակիորեն ներուժ ունեցող այն եզակի խաղաքարտերից են, որ կարող են լինել Ադրբեջանի հետ այս բարդ հարաբերություններում: Հույս ունենալ, որ այդ խաղաքարտերն անվրեպ աշխատելու են, իհարկե միամտություն է, բայց, համենայնդեպս, այդ եզակիներից են, և դրանցից հրաժարվելու որևէ տարբերակ դիտարկելիս պետք է շատ լուրջ մտածել, թե դրա դիմաց Հայաստանն ի՛նչ է ստանում, ու այդ ստանալիքը որքանով է հավասարակշռված:
Կարծում եմ, որ Ադրբեջան այս հարցում ևս չունի այդքան մեծ շահագրգռվածություն, ընդհանրապես, իմ գնահատմամբ, Ադրբեջանի տակտիկան հենց դա է՝ առավելագույնս բերել թեմաներ, առավելագույնս լցնել օրակարգը ու դրանց միջից մաղելու սկզբունքով ինչ հնարավոր է՝ քաղել, բայց լցնել, լցնել:
Ադրբեջանը նաև շատ լավ է պատկերացնում, որ Հայաստանը բոլոր իմաստներով ունի ռեսուրսային սղություն, ու նաև շատ լավ է պատկերացնում, որ Հայաստանի առնչությամբ կան խնդիրներ՝ կապված այս հարցերում Հայաստան-Սփյուռք կոմունիկացիայի հետ, Հայաստանի պաշտոնական դիրքորոշման միջև, պաշտոնական Երևանի պատասխանատվությամբ առաջացած որոշակի լարում, բաժանարար գծեր և այլն: Այս ամենը Ադրբեջանը շատ լավ է պատկերացնում ու փորձում է անընդհատ լցնել դաշտն ու Երևանին գցել նաև այդ ռեսուրսային ծանրաբեռնվածության ծուղակը:
Քրիստինե Աղաբեկյան
MediaLab.am


















