«Թովմասյանի նկատմամբ իրականացվող գործողություններից տպավորություն է, որ իշխանությունները թիրախավորում են նրան ու ընտանիքի անդամներին». Իրավապաշտպան

«Թովմասյանի նկատմամբ իրականացվող գործողություններից տպավորություն է, որ իշխանությունները թիրախավորում են նրան ու ընտանիքի անդամներին». Իրավապաշտպան
«Թովմասյանի նկատմամբ իրականացվող գործողություններից տպավորություն է, որ իշխանությունները թիրախավորում են նրան ու ընտանիքի անդամներին». Իրավապաշտպան

«Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի նկատմամբ իրականացվող գործողություններից այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ իշխանությունները թիրախավորում են Թովմասյանին ու նրա ընտանիքի անդամներին»,-«Մեդիալաբի» հետ զրույցում նման դիտարկում է անում իրավապաշտպան Վարդան Հարությունյանը՝ անդրադառնալով ՍԴ շուրջ ստեղծված իրավիճակին։

«Այդ համատեքստում ես պետք է առաջին հերթին ասեմ, որ չեմ կարծում, թե Հրայր Թովմասյանն իրավունք ունի զբաղեցնելու այն աշխատասենյակը, որը զբաղեցնում է։ Նա այդ բազկաթոռին հասել է անօրինական ու զարտուղի ճանապարհներով և այնտեղ գտնվելու իրավունք չունի, ինչպես նաև մյուս, այսպես կոչված, դատավորները, որոնք դատավորներ չեն»,- «Մեդիալաբին» ասում է Վարդան Հարությունյանը։ 

Բայց, շարունակում է իրավապաշտպանը, դրանից ամենևին չի հետևում, որ իշխանությունները Հրայր Թովմասյանի կամ Սահմանադրական դատարանի խնդիրը լուծելու նպատակով պետք է անեն քայլեր, որոնցից կարող է թիրախավորման կամ հալածանքի տպավորություն ստեղծվել։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 14-ին Սահմանադրական դատարանը մերժեց վարույթ ընդունել ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ ԱԺ դիմումը։ Այս դիմումի նախագիծը մշակել էր ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը, այն փակ գաղտնի քվեարկությամբ ընդունվել էր ԱԺ-ի կողմից։ Ազգային ժողովի մեծամասնությունը մտադիր էր այս որոշմամբ լուծել ՍԴ նախագահի պաշտոնանկության հարցը։

Հոկտեմբերի 17-ին Հատուկ քննչական ծառայության տարածած հաղորդագրությունից հայտնի դարձավ, որ ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանի կողմից գլխավոր դատախազին ներկայացված հաղորդման հիման վրա ՀՔԾ-ում նախապատրաստված նյութերով որոշում է կայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 300-րդ հոդվածի 1-ին մասով քրեական գործ հարուցել։ 

Արման Բաբաջանյանի դիմումը, հիշեցնենք, վերաբերում էր Հրայր Թովմասյանի արարքներին քրեաիրավական գնահատական տալուն։ Նա հաղորդում էր ներկայացրել մի խումբ պաշտոնատար անձանց կողմից պետական իշխանությունը յուրացնելու առերևույթ հանցագործության դեպքի կապակցությամբ: Խոսքը վերաբերում է Հրայր Թովմասյանի՝ ՍԴ նախագահ ընտրելու հարցին։

Այս գործի շրջանակներում ՀՔԾ քննիչներն արդեն քննչական գործողություններ են իրականացրել ՀՀԿ-ի գրասենյակում, Սահմանադրական դատարանում: Նաև ԱԱԾ աշխատակիցներն այցելել էին Հրայր Թովմասյանի հորը, իսկ հոկտեմբերի 18-ին Թովմասյանի հայրն ու երկու դուստրերը հրավիրվել էին ԱԱԾ հարցաքննության։ Հարցաքննությունից հետո փաստաբանները հայտարարել են, որ Թովմասյանի դուստրերին հարցեր են ուղղել իրենց պատկանող գույքի մասին։

Զուգահեռ, հոկտեմբերի 18-ին, ի պաշտպանություն Հրայր Թովմասյանի ու նրա ընտանիքի, մի խումբ քաղաքացիներ բողոքի ակցիա են իրականացրել ԱԱԾ շենքի մոտ։ Նրանց թվում էին նախկին իշխանության ներկայացուցիչներ, իրավապաշտպաններ, ովքեր պնդում են, որ Հրայր Թովմասյանի նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացվում։

Իրավապաշտպան Վարդան Հարությունյանի խոսքով՝ իշխանությունները պետք է շատ ուշադիր ու զգույշ լինեն, որպեսզի թիրախավորման կամ հալածանքի տպավորություններ չստեղծվեն, հատկապես հետհեղափոխական Հայաստանում։

«Ընտանիքի անդամներին իրար հետևից կանչել ԱԱԾ… Եթե նույնիսկ կան ինչ-որ իրավախախտումներ, եթե նույնիսկ կան ինչ-որ պատճառներ, որոնք պետք է ուսումնասիրվեն, այդ քայլերը պետք է այնպես արվեն, որ կողմնակի դիտորդի, քաղաքացու, իրավապաշտպանի, լրագրողի մոտ տպավորություն չստեղծվի, որ դա արվում է ոչ թե արդարադատությունից ելնելով, կոնկրետ իրավախախտումները պարզելու նպատակով, այլ, ենթադրենք, Հրայր Թովմասյանի վրա ճնշումներ գործադրելու համար։ Այդ տպավորությունը չպետք է ստեղծվի»,- ասում է նա։ 

Իսկ որպեսզի չստեղծվի նման տպավորություն, ըստ Վարդան Հարությունյանի, իշխանությունները պետք է իրենց քայլերը ճիշտ հաշվարկեն ու ճիշտ կազմակերպեն։

Հարցին, թե քաղաքական հետապնդման տարրեր կա՞ն Հրայր Թովմասյանի և ընդհանրապես նախկին իշխանության ներկայացուցիչների նկատմամբ հարուցվող գործերում, իրավապաշտպանը պատասխանեց. 

«Ո՛չ, ես քաղաքական հետապնդման տարրեր չեմ նկատում։ Գուցե տպավորություն ստեղծվի, թե հաշվեհարդար է, գուցե տպավորություն ստեղծվի, թե անօրինական հետապնդումներ են, ամեն ինչ կարող է լինել։ Բայց ես քաղաքական հետապնդման տարր չեմ տեսնում և՛ այս գործում, և՛ սրանից առաջ եղած գործերում։ Կլինի Ռոբերտ Քոչարյանի գործը, թե մյուս գործերը, որոնք հարուցվում են։ Քաղաքականություն այդ գործերում ես չեմ տեսնում, բայց կարող եմ տեսնել թիրախավորում։ Կոնկրետ Հրայր Թովմասյանի հարազատների հետ կապված, այո՛, մարդկանց մեջ արթնանում է այն միտքը, որ թիրախավորում են այդ ընտանիքի անդամներին»:

Իրավապաշտպանի խոսքով՝ հայաստանյան դատարանների, դատախազության նկատմամբ մեր հանրության շրջանում երբեք դրական վերաբերմունք չի եղել։ Դա դեռ նոր պետք է ձևավորվի, եթե, իհարկե, կձևավորվի։ 

«Մենք երբեք չենք ունեցել այնպիսի արդարադատության համակարգ, որի նկատմամբ վստահություն կլինի՝ սկսած Սահմանադրական դատարանից մինչև առաջին ատյանի դատարան։ Այդ ամբողջ հատվածը արատավորված է Հայաստանում։ Եվ դրա ճարտարապետներից մեկը հենց այդ նույն Հրայր Թովմասյանն է։ Բայց, կարծում եմ, որ իշխանությունները, Ազգային ժողովը, գործադիր իշխանությունը պետք է գտնեին, կարող էին գտնել և դեռ կարող են գտնել հստակ, ճիշտ ու աշխատող տարբերակներ, օգտագործել այնպիսի գործիքակազմ, որպեսզի արդեն արագ լուծվեր Սահմանադրական դատարանի և մյուս դատարանների խնդիրները նույնպես»,- նշում է Հարությունյանը։ Բայց, նրա խոսքով, չգիտես ինչու իշխանությունները չեն գնում այդ ճանապարհով։

«Ես չգիտեմ՝ պատճառն ինչ է, պրոֆեսիոնալիզմի պակա՞սն է, թե՞ այլ պատճառ էլ կա, բայց իշխանությունները գնում են այնպիսի ճանապարհներով, որոնք նրանց հաջողության չեն հասցնում»,- եզրափակեց իրավապաշտպանը։

Ռոզա Հովհաննիսյան

MediaLab.am