Շատ կարևոր է, որ հասարակ քաղաքացին իր դիմադրության իմունիտետը պահպանի ու գիտակցի, որ այն ամենը, ինչ արվում է, նորմալ չէ. Փաստաբան 

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է փաստաբան Տաթևիկ Սողոյանը

– «Սպառնում եմ՝ աշխատանքից կազատվեն, եթե մեր գործողություններին դեմ դուրս գան»,- այս մասին ասել է Նիկոլ Փաշինյանը Արարատի ցեմենտի գործարանի աշխատակիցների բողոքի ակցիային անդրադառնալիս: Բացի այս, նա նաև նշել է, որ մանկապարտեզի տնօրեն է ազատվել աշխատանքից իր հրահանգով: Տիկի՛ն Սողոյան, սա իրավաչա՞փ գործողություն է, երբ երկրի վարչապետը, անկախ անձերից, հրահանգում է ինչ-որ մեկին ընդունել կամ ազատել աշխատանքից:

– Բացարձակ ապօրինի է: Քանի դեռ մենք ապրում ենք ժողովրդավար հռչակված պետությունում, այլ ոչ թե՝ միապետությունում, ապա նման հարցադրումներ կարիք չկա ուղղել իրավաբաններին, որովհետև ակհայտ է, որ այստեղ գործադիրի ղեկավարը դուրս է գալիս օրենքով իրեն վերապահված լիազորությունների շրջանակից: 

Նման գործելաոճը որևէ պարագայում, որևէ պաշտոնյայի կողմից բացարձակ ապօրինի ու հանցավոր խոսույթ է: Նույնիսկ բառընտրությունը, որ արել է Նիկոլ Փաշինյանը, չի տարորոշում՝ ասի մեզ ընդդիմացողները իրավաչա՞փ են ընդդիմանում, թե՞ ոչ իրավաչափ: Օրինակ՝ եթե «Արարատցեմենտի» աշխատողներից մեկը կանգնի ու հրապարակավ մեջբերի Սահմանադրության 60-րդ հոդվածը, որը երաշխավորում է սեփականության իրավունքը, հիմա դա որպես ընդդիմախոսությո՞ւն են մեկնաբանելու ու գնան այդ մարդու հետևից դատաստան տեսնելո՞ւ: 

Սա իհարկե նորմալ չէ, ու նախապես անոնս արված ապօրինություններն արդեն որակապես այլ փուլ են տեղափոխել, որովհետև նախկինում գոնե ինչ-որ մի բան սխալ էին ասում, հետո փորձում էին ճշգրտումներ մտցնել, հիմա արդեն նույնիսկ դա չեն անում, ավելին՝ ավելացնում է, որ սպառնում է: Սա արդեն ամենաթողության մասին է խոսում, խոսում է այն մասին, որ ո՛չ Հայաստանի ներսում, ո՛չ էլ Հայաստանից դուրս գոյություն չունի Նիկոլ Փաշինյանի ապօրինությունները զսպող իրական մեխանիզմ: 

– Իսկ այդ պարագայում ի՞նչ անի Հայաստանի քաղաքացին, որի իրավունքները ըստ էության ոտնահարվում են:

– Հայաստանի քաղաքացին պետք է համոզի իր նման այլ քաղաքացիների՝ անտարբեր չմնալ այս ամենի նկատմամբ, որովհետև իշխանության մարտավարությունը շատ հստակ է. նրանք այս հոգեբանական, իրավական ու քաղաքական տեռորով փորձում են հասարակ քաղաքացուն ներշնչել, թե ինքն անզոր է, իր ընդդիմախոսությունը ոչ միայն արդյունք չի տալու, այլ նաև դաժան պատժի է արժանանալու: 

Շատ կարևոր է, որ հասարակ քաղաքացին իր դիմադրության այդ իմունիտետը պահպանի ու գիտակցի, որ այն ամենը, ինչ արվում է, նորմալ չէ: Այս մասին պետք է անընդհատ խոսել, որովհետև միայն հանրային լայն ճնշումն է, որ հնարավորություն կտա ճնշելու այս ամենը, եթե մենք սա պարփակեցինք իրավաբանական ու լրագրողական համայնքի ներսում, ապա վստահաբար մեր ապագան շատ ավելի տխուր է լինելու: 

– Ստացվում է, որ ամեն բան կախված է հանրության արձագանքի՞ց:

– Հանրության արձագանքից, ու այստեղ անելիք ունի նաև ընդդիմությունը՝ ավելի պրոֆեսիոնալ ու գրագետ հասցեագրելու միջազգային այն կառույցներին, որոնք թվում է թե կոչված են ապահովելու մարդու իրավունքների ու ժողովրդավարության գերակայությունը պետությունում, թեև տեսնում ենք՝ մեծ թողտվություն ունի Նիկոլ Փաշինյանը այդ նույն եվրոպական կառույցների կողմից, այդուհանդերձ չպետք է զլանալ ու այդ աշխատանքը պարբերաբար պետք է անել:

– Տիկի՛ն Սողոյան, ձեր ասած այդ ամենաթողությունն ինչի՞ հետևանք է:

– Այս ամեն ինչի հիմքում շատ խորքային նստած ծառայամտությունն է: Երբ նախկինում մենք ունեինք հարաբերականորեն անկախ դատական ու իրավական համակարգ, մեզ թվում էր, թե դա այդ դատավորների արժանիքն է, որ կարողանում են համարձակ որոշումներ կայացնել, բայց պարզվեց, որ դա իրականում քաղաքական իշխանության արժանիքն է եղել, որ այդքան ինտենսիվ չի միջամտել դատական իշխանության գործառույթներին: Հիմա, երբ ունենք շատ ինտենսիվ միջամտող գործադիր իշխանություն, այդ ծառայամտությունը ցույց է տալիս, որ մենք իրականում չունենք իրավապահ համակարգում այդ ներքին արժանապատվության սահմանը, որից հետո իրավապահ համակարգը պետք է ասի՝ կներեք, էլի, էս ի՞նչ եք ասում, այդ ամենը չեմ անելու: 

– Իրավական, իրապես ժողովրդավար երկրում ի՞նչ զարգացումներ պետք է հետևեին գործադիրի ղեկավարի կողմից նման հայտարարություն հնչեցնելուց հետո:

– Առնվազն Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը, որ մինչ այժմ վավերացրել է Փաշինյանի ասած յուրաքանչյուր անհեթեթություն ու հանցագործություն, պետք է հանդես գար հրապարակային հայտարարությամբ՝ չսպասելով որևէ մեկի միջնորդությանը, որ այս խոսույթը դատապարտելի է, որովհետև դուրս է գալիս պետական պաշտոնյային տրված լիազորությունների տիրույթից: 

Երկրորդ՝ պետք է Հակակոռուպցիոն կոմիտեի կողմից վարույթ նախաձեռնվեր առերևույթ իշխանության չարաշահման հոդվածով ու Փաշինյանին ներգրավեր որպես մեղադրյալ: Պետք է նաև, քանի որ այդ սպառնալիքի մյուս կողմում է Մարդու իրավունքների պաշտպանը, նա ևս պետք է դատապարտի, ասի, որ սա ապօրինի խոսույթ է: Էլ չեմ ասում մյուս ինստիտուտները՝ քաղաքացիական հասարակություն, արհմիություններ, եթե ունենայինք, հանդես գային այս ամենը դատապարտող հայտարարություններով: Միջազգային կառույցների մասին էլ չեմ ասում:

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am