«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է քաղաքագետ, «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության քաղաքական խորհրդի նախագահ Սուրեն Սուրենյանցը
– «Հայաստանի տարածքում 42-կիլոմետրանոց տրանսպորտային միջանցքի մուտքի և ելքի կետերը գտնվում են Ադրբեջանի հետ սահմանին, նախագծի տեխնիկական պարամետրերը պետք է անպայման համաձայնեցվեն Ադրբեջանի հետ»,- հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը: Պարո՛ն Սուրենյանց, Բայրամովի այս հայտարարությունն ի՞նչ է նշանակում:
– Բազմիցս եմ ասել, որ ադրբեջանական կողմը մասնակցություն ունի նաև Հայաստանի տարածքով անցնող այդ ճանապարհի պարամետրերի որոշման հարցում: Մենք սա անընդհատ պնդում էինք, իսկ իշխանությունն անընդհատ հերքում էր, ու ես վստահ եմ, որ շուտով այլ մանրամասներ ևս պարզվելու են:
Ես մի քանի անգամ առիթ ունեցել եմ ասելու, որ ԹՐԻՓՓ-ը, ըստ էության, Ադրբեջանի ու ԱՄՆ-ի համաձայնության արդյունք է՝ բովանդակային առումով, իսկ Հայաստանն այնքանով է մասնակցում, որ այդ նախագիծն անցնում է Հայաստանով՝ օբյեկտի կարգավիճակ ունի: Աստիճանաբար ամեն բան ավելի ակնառու ու պարզ է դառնում:
– Իսկ հայկական կողմն ինչո՞ւ էր վճռականորեն հերքում այս ամենը, ու մինչև այս պահն արձագանք չկա Բայրամովի այդ հայտարարությանը:
– Հետպատերազմյան փուլում մենք այսպիսի օրինաչափություն ունենք. սկզբում Նիկոլ Փաշինյանն ինչ-որ բան հետևողականորեն հերքում է, հետո Ադրբեջանից լսում ենք ինչ-որ հայտարարություններ, որից հետո Փաշինյանը կամ թիմի անդամները զգուշավորությամբ փորձում են համոզել, որ այնքան էլ ճիշտ չենք հասկացել, կամ ընկալումներն են տարբեր, իսկ երրորդ փուլում սկսում են բացահայտորեն խոսել:
Նույնը Սահմանադրության փոփոխության հարցում տեղի ունեցավ. սկզբում կատեգորիկ հերքում էին, որ Ադրբեջանի պահանջով են այս փոփոխություններին գնում, հետո, երբ Բաքվից հայտարարություններն ակտիվացան, ասացին՝ կարևոր չէ, թե ինչ են ասում այնտեղ, մենք վաղուց էինք ուզում գնալ այս փոփոխություններին, իսկ հիմա Նիկոլ Փաշինյանը ոչ միայն ընդունել է, որ Բաքվի թելադրանքով է գնում այդ քայլին, այլ նաև ասել է, որ կգնա ու Ալիևից երաշխիք կբերի, որ սա վերջին զիջումն է լինելու:
– Ադրբեջանական կողմն ինչո՞ւ է հիմա սկսել մանրամասները հրապարակային դարձնել:
– Նրանք միշտ այդպես են, Ադրբեջանը ոչ թե մեզ հետ է համաձայնեցնում ժամանակը, այլ երբ գալիս է ինչ-որ պրոցեսի հանգրվան, բարձրաձայնում է: Չանտեսենք նաև այն, որ բազմաթիվ մանրամասների մասին իրենք լռում էին՝ չխանգարելու համար Նիկոլ Փաշինյանի վերարտադրությանը: Հիմա այդ փուլն անցած է, ու իրենք կարծում են, որ եկել է հաշիվ պահանջելու ժամանակը, այսինքն՝ օգնել են Փաշինյանի վերարտադրությանը ու հիմա ամեն բան բարձրաձայնում են, որովհետև կարծում են, որ Փաշինյանը պարտքերը վերադարձնելու խնդիր ունի:
– Ստացվում է, որ ադրբեջանական կողմն իրենց ասած «Զանգեզուրի միջանցքը» ստացա՞վ, պարո՛ն Սուրենյանց:
– Բովանդակային առումով՝ այո: ԹՐԻՓՓ-ից բոլորն ինչ-որ բան ստանում են. ԱՄՆ-ն ունի իր աշխարհաքաղաքական գլոբալ շահը, ԱՄՆ նախկին նախագահի ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով տեղակալ Ջեյմս Օ’Բրայենը դեռևս երկուսուկես տարի առաջ ասել էր, որ պետք է հասնեն նրան, որ տարածաշրջանում թուլանա Ռուսաստանի ու Իրանի ազդեցությունը:
Դուք արդեն նշեցիք, որ սա Թուրքիայի ու Ադրբեջանի համար «Զանգեզուրի միջանցք» է, ու իրենք այդպես էլ շարունակում են կոչել՝ առանց իրենց նեղություն տալու ու հարգելու Թրամփի ստորագրությունը՝ նախագիծը կոչել այնպես, ինչպես նշված է այդ պայմանագրում: Հայաստանի համար, եթե անգամ լինեն տնտեսական օգուտներ, ապա լինելու են շատ սիմվոլիկ ու սահմանափակ, բայց վտանգները շատ կոնկրետ են. վտանգված է Հայաստան-Իրան հաղորդակցությունը, սպառիչ պատասխաններ չենք լսում, այդ մասով, համենայնդեպս, Հայաստանի ինքնիշխանությունն ու իրավազորությունը սահմանափակված են:
Աշխարհաքաղաքական բախման ռիսկեր են առաջանում Հայաստանի տարածքում:
– Ջեյհուն Բայրամովի այս հայտարարությանը կհաջորդե՞ն Իրանից հնչող արձագանքներ:
– Անշուշտ, վստահ եղեք, որ ԹՐԻՓՓ-ն այս պարամետրերով չի կարող ընդունելի լինել Թեհրանի համար: Նրանք մերթընդմերթ դիվանագիտական նուրբ ձևակերպումներով են դա հասկացնում, մերթընդմերթ էլ շատ կոշտ բառապաշարով են արտահայտվում, եթե հայտարարության հեղինակներն այլ բարձրաստիճան պաշտոնյաներ են, այլ ոչ թե դիվանագետներ, օրինակ՝ Իրանի գերագույն հոգևոր առաջնորդի միջազգային հարցերով ավագ խորհրդական Վելայաթիի հոդվածը:
Ակնհայտորեն, այս նախագիծը այն պարամետրերով, որ ստորագրվել է օգոստոսի 8-ին, չի ընդունվելու նաև ռուսների կողմից: Այս նախագիծն ու այն փաստը, որ «Հարավկովկասյան երկաթուղին» Ռուսաստանի կոնցեսիոն կառավարման տակ են, հակադրության մեջ են իրար հետ: Ակնհայտորեն, եթե ռուսական կողմը չի զիջում երկաթուղին, դրանով ստիպում են, որ ԹՐԻՓՓ-ում իրենց շահերը հաշվի առնվեն:
Հայաստանի իշխանությունը կա՛մ պետք է հասնի նրան, որ ԹՐԻՓՓ-ում Ռուսաստանի ու Իրանի շահերը ևս հաշվի առնվեն, կա՛մ էլ խիստ մշուշոտ է դառնում այս նախագծի կենսագործումը:
Քրիստինե Աղաբեկյան
MediaLab.am
















