Փաշինյանի առաջարկն առաջին հերթին բխում է ընդդիմության շահերից, եթե իրենց թիվ մեկ նպատակն է նրան հեռացնելը. Արմեն Վարդանյա

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է քաղաքագետ Արմեն Վարդանյանը 

– Նիկոլ Փաշինյանը ընդդիմությանն առաջարկ է ներկայացրել, ըստ որի, եթե հանրաքվեում քաղաքացիները մերժեն Սահմանադրության նախագիծը, ինքը հրաժարական կտա և կհեռանա վարչապետի պաշտոնից։ Իսկ «այո» քվեի դեպքում կշարունակի խաղաղության օրակարգի իրականացումը, սակայն հաջորդ ընտրություններում վարչապետի թեկնածու չի լինի։ «Հայաստան» խմբակցությունը հայտարարել է, որ չի վստահում Փաշինյանի խոսքերին: Այս իրավիճակում ի՞նչ պետք է անի ընդդիմությունը, պարո՛ն Վարդանյան:

– Եթե ես լինեի ընդդիմությունը, կհամաձայնեի այդ առաջարկին: Եթե իրենց նպատակն է, որ Սահմանադրությունը չփոխվի, քանի որ իրենք դա համարում են Ալիևի հրահանգով գրված, պետք է ընդունեն այս առաջարկը, քանի որ մեծ է հավանականությունը, որ հանրաքվեին բավարար քանակությամբ «այո» չի ասվի, ու Նիկոլ Փաշինյանի դիրքերը զգալիորեն կթուլանան: 

Ինչ վերաբերում է ընդդիմադիր խմբակցության ասածին, եթե նույնիսկ Նիկոլ Փաշինյանը խաբի ու տեր չկանգնի իր խոսքին, սա ևս նրա դիրքերը կթուլացնի: Ժամանակին էլ Սերժ Սարգսյանն էր խոստացել երրորդ ժամկետ չգնալ, բայց գնաց, ու դրանից էլ սկսվեց հեղափոխությունը: 

– Փաստորեն, կարծում եք, որ իրավիճակի լուծման տրամաբանական ու նորմալ ե՞լք է առաջարկում Նիկոլ Փաշինյանը:

– Այո՛: Ես չգիտեմ, թե ընդդիմության համար առաջնային հարցը ո՛րն է՝ Նիկոլ Փաշինյանի հեռանալը, թե Սահմանադրությունը չփոխելը: Ցանկացած ընդդիմություն ուզում է իշխանության գալ ու փոխել գործող իշխանությանը, այս պարագայում Նիկոլ Փաշինյանը շատ լավ առաջարկ է անում, ու հնարավորություն է տրվում փոխել իշխանությանը: Եթե ընդդիմությունը չհամաձայնի այս առաջարկին, դա լրացուցիչ հարցեր է առաջացնելու: 

– Օրինակ՝ ի՞նչ հարցեր:

– Այնպիսի տպավորություն է, որ ընդդիմության համար կարևոր է, որ Սահմանադրությունը չփոխվի, որ խաղաղության պայմանագիրը չկնքվի, քան՝ Նիկոլ Փաշինյանին փոխելու հարցը: Կան տեսակետներ, որ այս ընդդիմությունը ուղղորդվում է Ռուսաստանից, իսկ Ռուսաստանի համար կարևոր է, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագիրը վերջնականապես չստորագրվի, որովհետև դա էլ ավելի կթուլացնի տարածաշրջանում իր դիրքերը: 

Նախկինում, օգտագործելով ղարաբաղյան հակամարտությունը, Ռուսաստանը մեկ Հայաստանին էր օգտագործում Ադրբեջանի դեմ, մեկ՝ հակառակը, կողմերին խաղացնում էր իր ուզած ձևով, սրա համար էլ նրան պետք չէ կոնֆլիկտի լուծում: Իշխանությունն էլ ասում է, որ Սահմանադրության փոփոխությունից հետո խաղաղության պայմանագիրը կկնքվի, ու հակամարտությունը կլուծվի, հիմա հարց է առաջանում, թե ինչո՛ւ ընդդիմությունը չի ուզում գնալ այդ ճանապարհով:

– Ընդդիմությունը մտավախություն ունի, որ հանրաքվեն արդար պայմաններում չի անցկացվի, իշխանությունը կգնա կեղծիքների, դրա համար էլ դեմ է: Նրանց մտահոգություններն արդարացված չե՞ք համարում:

– Մինչև հիմա ընտրություն չի կեղծվել, չհաշված վերջին ընտրություններում ԲՀԿ-ի հետ կապված մանդատագողությունը, բայց բուն ընտրություն չի կեղծվել: Երկրորդ՝ իշխանության համար շատ դժվար է սահմանադրական հանրաքվեն անցկացնել, քան՝ խորհրդարանական ընտրությունները: Սահմանադրական հանրաքվեի համար շատ ավելի մեծ թվով մասնակցություն ու ձայն են պետք, հետևաբար ընդդիմությունը կարող է գնալ դրան, ինչը կթուլացնի Փաշինյանի դիրքերը: Ես վստահ չեմ, որ հանրաքվեն հաջողելու է, իսկ այդ դեպքում Փաշինյանը ստիպված կլինի իր խոստումը կատարել: 

– Որտեղի՞ց ձեզ այդ վստահությունը, պարո՛ն Վարդանյան:

– Երբ որ հանրաքվեի է դրված այդ հարցը, ընդդիմության տարբեր թևեր ասելու են, որ սա Ալիևի թելադրած Սահմանադրությունն է, իսկ ժողովրդի մի ստվար զանգված երկար-բարակ չի մտածում, համարելու է, որ դա ճշմարտություն է, գնալու է ու դեմ քվեարկի կամ էլ չի մասնակցելու: Երկրորդ՝ հանրաքվեին ժողովրդի մասնակցության մոտիվացիան ավելի փոքր է, քան Ազգային ժողովի ընտրություններին: Սրա համար եմ ասում, որ իշխանությունը լուրջ խնդիրներ է ունենալու սահմանադրական հանրաքվեն անցկացնելու հարցում, հետևաբար, ընդդիմության փոխարեն ես կհամաձայնեի այս առաջարկին: Փաշինյանի այդ առաջարկն առաջին հերթին բխում է ընդդիմության շահերից, եթե իրենց թիվ մեկ նպատակն է Փաշինյանին հեռացնելը: Եթե իրենց նպատակը դա չէ, այլ՝ Սահմանադրության փոփոխություն թույլ չտալը, դա այլ հարց է: 

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am