«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է ԱԺ նախկին պատգամավոր Անի Սամսոնյանը
– Տիկի՛ն Սամսոնյան, Սահմանադրության նոր տեքստը երկուշաբթի հրապարակվելու է, Նիկոլ Փաշինյանն էլ ուղերձով դիմելու է ժողովրդին։ Ի՞նչ ուղերձ է հղելու ձեր կարծիքով։
– Կանխատեսում եմ, որ ուղերձով երեք մեսիջ է հղելու հանրությանը։ Առաջինով Փաշինյանը կփորձի ժողովրդին համոզել, որ պետք է վերջապես գերեզման ուղարկել թալանչի նախկինների գրած Սահմանադրությունը՝ նոր էջ բացելով չորրորդ հանրապետության համար։
Երկրորդ մեսիջով կներկայացնի, թե որքան մեծ ջանքեր է գործադրել ինքը, և որպեսզի խաղաղությունը դառնա առարկայական և վերջնական, անհրաժեշտ է վերջին քայլը՝ հրաժարվել պատերազմի Սահմանադրությունից։
Երրորդ մեսիջով ներկայացնելու է, որ Հայաստանում կան խաղաղությանը, ինքնիշխանությանը դիմադրող կոլաբորացիոնիստական, լրտեսական, դավադիր քաղաքական ուժեր, որոնց հարցը ինքը պետք է վերջնական լուծի, և այդ ուղերձով վարչապետը՝ ինքը իրեն կօժտի լեգիտիմությամբ՝ օգտագործելու բոլոր անօրինական միջոցները պառլամենտական ընդդիմադիր քաղաքական ուժերին ճնշելու, լռեցնելու և վերջնականապես ջախջախելու համար։
Չի բացառվում, որ վերջում շանտաժ անի ժողովրդին՝ թե բա եթե չփոխենք Սահմանադրությունը, 2027 թվականի սեպտեմբերին պատերազմ կլինի։
– Ընդհանուր առմամբ՝ ինչպե՞ս եք գնահատում Սահմանադրության փոփոխության համատեքստում ընթացող այս գործընթացները։
– Դեռևս այն ժամանակ, երբ իշխանությունը հող նախապատրաստեց Ադրբեջանի պահանջով փոխելու Սահմանադրությունը, և երրորդ ժամկետում ընտրվելուց առաջ Փաշինյանը խոստացավ Ալիևին, որ դա կյանքի կկոչի, ես համոզված էի, որ այս գործընթացը ծուղակ է լինելու Հայաստանի համար։ Ակնհայտ է, որ Սահմանադրությունը չի փոխվում այն պատճառով, որ ՔՊ իշխանությունը երկրում ուզում է ֆունդամենտալ արժեհամակարգային և ինստիտուցիոնալ փոփոխություններ։ Հակառակը՝ 2015 թ․ Սերժ Սարգսյանի համար Սահմանադրություն կարելիս Նիկոլ Փաշինյանի չափսերն են վերցրել։ Հետևաբար միակ նպատակը Ադրբեջանի պահանջի կատարումն է, որը Հայաստանին դնելու է ծանր իրավիճակում։
Եթե Սահմանադրությունը փոխեցինք, Ալիևը նոր նախապայմաններ է առաջադրելու և չի կնքելու խաղաղության պայմանագիր, բայց մենք ջարդելու ենք մեր պետականության ողնաշարը, իսկ եթե հանրաքվեն տեղի չունեցավ, կամ ժողովուրդը «Ո՛չ» ասաց դրան, ապա Ադրբեջանը մեր նկատմամբ ագրեսիայի լրացուցիչ առիթ է ստանալու։ Ինչու եմ ասում՝ լրացուցիչ, որովհետև ուզում եմ, որ մարդիկ հասկանան, որ եթե Փաշինյանը չկատարի այս պահանջը, դա չի կարող սանձազերծել պատերազմ, այլ ուղղակի կծանրացնի Հայաստանի նկատմամբ Բաքվի ռեժիմի մեղադրանքների թղթապանակը։
Ներքաղաքական իմաստով այս փոփոխությունները կարող են ճակատագրական դառնալ ՔՊ-ի համար, եթե ժողովուրդը չտրվի պատերազմի կեղտոտ շանտաժին, ինչպես եղավ այս տարվա ընտրություններում։ Ինձ համար այս գործընթացներում մի անհասկանալի վարքագիծ կա ընդդիմության մասով։ Եթե Անկախության հռչակագրի վերացումը սկզբունքային հարց է, և իրենք չեն թողնելու, որ պրոցեսը հասնի հանրաքվեի, ապա ինչու են փողոցից փողոց ընկած «Ո՛չ»-ի քարոզ անում՝ կարծես շուտով հանրաքվե է լինելու, կամ որոշ ընդդիմադիրներ սահմանադրական հանձնաժողովում բովանդակային հարցեր են քննարկում։
– Տիկի՛ն Սամսոնյան, Նիկոլ Փաշինյանին հաջողվելո՞ւ է մարդկանց համոզել, որ «Այո՛» ասեն Սահմանադրության փոփոխությանը։
– Եթե հաջողվի, ապա միայն պատերազմի շանտաժով, որովհետև ժողովուրդը Սահմանադրության՝ որպես երկրի Մայր օրենքի նկատմամբ առանձնապես ուշադիր և ոգևորված չէ։ Շատերը ո՛չ Սահմանադրության տեքստն են երբևէ կարդացել և ո՛չ էլ գիտեն, թե դրա նախաբանում ինչ կա։
– Խորհրդարանական ընդդիմության գործելաոճն ինչպե՞ս եք գնահատում։
– Այն պահից ի վեր, երբ ընդդիմությունը վերցրեց ոչ լեգիտիմ պառլամենտի մանդատները, այս գործընթացում իրեն արդեն իսկ դրեց միայն պաշտպանվողի դերում։ Չունեն ոչ մի կոնտրաառաջարկ Փաշինյանի առաջարկներին ի պատասխան։
Միայն հղում են անում Ալիևի Սահմանադրությանը և մտնում անհավասար լեզվակռվի մեջ իշխանության հետ։ Կարծում եմ՝ ընդդիմությունը գերագնահատում է իր ուժերը և թերագնահատում է Փաշինյանի՝ բուլդոզերի մասով սպառնալիքները։
Չեմ կասկածում, որ կան մարդիկ կամ ուժեր ընդդիմության ականջին նստած, որոնք փսփսում են՝ եթե մի քիչ էլ համբերեք, Փաշինյանը իշխանությունը կգցի գետնին, դուք էլ կվերցնեք։ Սահմանադրական փոփոխությունների գործընթացը կարող է ճակատագրական լինել ոչ միայն իշխանության, այլև պառլամենտական ընդդիմության քաղաքական ապագայի համար։
Քրիստինե Աղաբեկյան
MediaLab.am
















