Կոռուպցիա. կաշառակերության մեղադրանքով ոստիկանության պաշտոնյաների ձերբակալությունները թերահավատությամբ են ընդունվում

Կոռուպցիա. կաշառակերության մեղադրանքով ոստիկանության պաշտոնյաների ձերբակալությունները թերահավատությամբ են ընդունվում
Կոռուպցիա. կաշառակերության մեղադրանքով ոստիկանության պաշտոնյաների ձերբակալությունները թերահավատությամբ են ընդունվում
Հեղինակ MediaLab

Իշխանությունները պնդում են, որ կոռուպցիայի դեմ լուրջ պայքար են մղում, սակայն ընդդիմության ներկայացուցիչները թերահավատությամբ են մոտենում այս հայտարարություններին:
Չնայած վերջերս պաշտոնական դիրքի չարաշահման եւ գույքի առանձնապես խոշոր չափերի հափշտակություն կատարելու կասկածանքով Հայաստանի Ճանապարհային ոստիկանության երկու բարձրաստիճան պաշտոնյանների ձերբակալություններին, ընդդիմադիր քաղաքական գործիչներն ու քաղաքական փորձագետները համոզված չեն, որ այս քայլերը կոռուպցիայի դեմ պայքարի համար են:

Կարծիքներ են հնչում, որ այս ձերբակալություններն իրականում իշխանության ներքին խմբավորումների միջեւ պայքարի հետեւանք են, քան կոռուպցիայի դեմ պայքարի իրական նշաններ:

Մեկ ամիս շարունակ ՀՀ հատուկ քննչական ծառայության անցկացրած ստուգումները բացահայտել էին, որ Ճանապարհային ոստիկանության (ՃՈ) պետ Մարգար Օհանյանը եւ ՃՈ 2-րդ սպայական գումարտակի հրամանատար, ոստիկանության գնդապետ Ստեփան Կարախանյանը կասկածվում են վառելիքի յուրացման գործում, ինչի համար նրանք կարող են ենթարկվել 2-8 տարվա ազատազրկման:

Ոստիկանության գնդապետ 54-ամյա Ստեփան Կարախանյանը, պաշտոնեական լիազորությունները չարաշահելով, կատարել էր առանձնապես խոշոր չափերի յուրացում:

Այս տարվա հունվարի 1-ից մինչեւ օգոստոսի 1-ը ոստիկանության ավտոտնտեսությունից Կարախանյանը ստացել էր 276 տոննա բենզին, որը պետք է տրամադրեր իր գլխավորած թվով 4 վաշտերին: Այդ բենզինը պետք է օգտագործվեր ՃՈ տեսուչների մեքենաները ծառայության ընթացքում շահագործելու նպատակով: Մինչդեռ, քննչական ծառայության տվյալներով, Կարախանյանը ոստիկաններին տրամադրել էր 120 տոննա բենզին, իսկ 156 տոննան յուրացրել էր` ստանալով 57 մլն դրամ շահույթ:

Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը երկամսյա կալանքի որոշում էր կայացրել Կարախանյանի նկատմամբ, սակայն նրան գրավի դիմաց ազատ էին արձակել այն նույն օրվա առավոտյան, երբ ձերբակալվել էր նրա վերջադասը` Մարգար Օհանյանը: Լրատվամիջոցները կասկածի տակ էին դրել Կարախանյանի` խոշոր չափի գրավի դիմաց ազատ արձակվելու փաստը, որպես վարկած առաջադրելով Կարախանյանին առաջարկված գործարքը`«ցուցմունք ազատության դիմաց»:

«Transparency International» կազմակերպության գործադիր տնօրեն Վարուժան Հոկտանյանը IWPR-ին ասել էր, որ այս գործը համակարգային կոռուպցիոն բուրգի հստակ օրինակ է. «Ձերբակալեցին ավելի ստորադաս պաշտոնյային, որին հետեւեց նրա վերադասի ձերբակալությունը: Այսինքն` այդ վառելիքը ստորադասը միայնակ չի «մսխել»:

Այդուհանդերձ, Հոկտանյանն ասում է, որ միայն ձերբակալություններով չեն պայքարում կոռուպցիայի դեմ, հարկավոր են համակարգային փոփոխություններ:

Ձերբակալություններից հետո սկսեցին ենթադրություններ հնչել նշված պաշտոնյաների`ավելի բարձրաստիճան օղակների հետ կապ ունենալու վերաբերյալ, ինչը ստիպեց Հայաստանի ոստիկանապետ Ալիկ Սարգսյանին հանդես գալ հայտարարությամբ` հերքելով այն լուրերը, որ ձերբակալված Մարգար Օհանյանի հետ բիզնես գործընկերներ են (ըստ լրատվամիջոցների`նրանք խողովակների եւ լիմոնադի համատեղ բիզնես ունեն Վրաստանում, նաեւ հյուրանոցային համալիր Բաթումում):

«Ես ընդհանրապես Մարգար Օհանյանի հետ բիզնեսով չեմ զբաղվել, երբեւիցե: Ես չգիտեմ` սա ում հորինվածքն է, ում է ձեռք տալիս, – ասել էր Սարգսյանը: – Բոլորը գիտեն` իմ եւ Մարգար Օհանյանի հարաբերություններն ինչպիսին են եղել` ամենամարդկային, ամենաջերմ, ընկերական։ Ցավում եմ, որ այդպիսի բան ստացվեց»:

Երեւույթը «ամոթալի» որակելով` ոստիկանապետը հավելել էր, որ խոսքը «ինքնամաքրման, կոռուպցիայի դեմ պայքարի մասին» է.

«Նոր չէ, որ սկսել ենք այդ պայքարը, դրա մասին նախագահը կոչ հնչեցրել է վաղուց, նման դեպքում ես ընկերոջս էլ, բարեկամիս էլ չեմ խնայի, թող իրենց նորմալ պահեն, երկրում այն վիճակն է, որ դրանով զբաղվելը հանցագործությունն է»:

Օգոստոսի 25-ին նախագահ Սերժ Սարգսյանը դատաիրավական համակարգի խնդիրների վերաբերյալ խորհրդակցության ժամանակ հայտարարել էր, որ ժամանակակից իրավական պետության խնդիրն է ոչ միայն պաշտպանել քաղաքացիների իրավունքներն, այլ նաեւ պատժել այդ իրավունքների նկատմամբ ոտնձգություններ կատարողներին:

«Ակնհայտ է, որ ամենից լավ պրոֆիլակտիկան հանցագործությունների բացահայտումն է եւ պատժի անխուսափելիության ապահովումը: Ընդ որում, երկու խնդիր կա. մեկը վերաբերում է հանցագործությունների բացահայտման եւ քննության փուլերին, որ օպերատիվ եւ քննչական մարմինները պարտավոր են իրականացնել ժամանակին ու որակյալ, եւ երկրորդ խնդիրը դատավճռի կայացումն է ու դրա ի կատար ածումը: Մենք երկու պարագաներում էլ խնդիրներ ունենք եւ այլեւս չենք կարող հանդուրժել դրանց գոյությունը», – հայտարարել էր երկրի նախագահը:

Սակայն, փորձագետներից շատերին դեռեւս կասկածելի է թվում, որ երկրում իսկապես պայքարում են կաշառակերության դեմ:

«Ելնելով անմեղության կանխավարկածից, չեմ կարող ասել` իշխանությունը կոռուպցիայի դեմ պայքարի իմիտացիա է անում, թեէ ոչ: Սա նաեւ, իհարկե, կարող ենք համարել կոռուպցիայի դեմ պայքարի առաջին քայլը, բայց տեսնենք, թե շարունակությունը ինչպիսին կլինի», – ասում է Հոկտանյանը:

Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ, իրավապաշտպան Ավետիք Իշխանյանի համար խիստ կասկածելի է, որ այս դեպքում պայքարում են կոռուպցիայի դեմ:

«Վստահություն չունեմ: Ինչո՞ւ չունեմ, որովհետեւ կոռուպցիայի դեմ պայքարը ես շատ ավելի լայն եմ տեսնում: Ես հիմա կոնկրետ փաստեր չունեմ, իհարկե, այս ամենն ի ցույց կդրվի որպես կաշառակերության դեմ պայքարի օրինակ, բայց իրականում իշխանության ներքին խմբավորումների մեջ է պայքարը գնում», – ասում է Իշխանյանը:

Խորհրդարանական ընդդիմադիր «Ժառանգություն» կուսակցության խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանին նույնպես քիչ արժանահավատություն է ներշնչում այն մեղադրանքը, որով ձերբակալել են Օհանյանին:

«Կասկածում եմ, որ իշխանությունները սկսել են կոռուպցիայի դեմ պայքար: Ավելի շուտ իրենց ներքին հարցերն են լուծում ու որոշել են պատժել ներքին կանոններին չենթարկվողներին: Համակարգը ոտքից գլուխ կոռումպացված է», – ասում է Սաֆարյանը` հավելելով, որ շատ կարեւոր է հասկանալ այս «հաղորդագրության» բովանդակությունը:

«Եթե սա իսկապես «մեսիջ» է կոռուպցիայի դեմ, ապա, իհարկե, լավ է»:

Գայանե Մկրտչյան

Հոդվածն արտատպվում է Պատերազմի և խաղաղության լուսաբանման ինստիտուտի «Կովկասյան լրատու» պարբերականից: (www.iwpr.net)