Աշունը կորոնավիրուսի պատվաստանյութի ամենավաղ ժամկետն է, բայց հնարավոր է՝ պատվաստանյութի անբավարարություն լինի. Գայանե Սահակյան

Լուսանկարը՝ Sputnik Armenia

«Մեդիալաբի» հարցերին պատասխանել է Իմունականխարգելման ազգային ծրագրի ղեկավար Գայանե Սահակյանը

Տիկին Սահակյան, նոր կորոնավիրուսի պատվաստանյութի հարցում ի՞նչ փորձարկումներ են ներկայումս իրականացվում աշխարհում, ի վերջո, ե՞րբ կկիրառվի պատվաստանյութը։

– Պատվաստանյութն արդեն պատրաստ է այն առումով, որ հայտնի է դրա բաղադրությունը, բայց զանգվածային արտադրություն դեռ չեն սկսել, քանի որ այն անցնում է կլինիկական փորձարկումների փուլ։ Սովորաբար կլինիկական փորձարկումները բավական երկար են տևում։ 

Բայց քանի որ աշխարհում համավարակ է, պանդեմիկ իրավիճակ, խոսում են այն մասին, որ հնարավոր է պահանջվող ժամանակամիջոցը կրճատել՝ ի հաշիվ որոշ շղթաների կրճատման։ Ենթադրվում է, որ ամենավաղ ժամկետը աշունն է, երբ կլինի պատվաստանյութի զանգվածային արտադրություն ու կիրառում։

– Զանգվածային արտադրությունն ու կիրառումն արդեն ենթադրո՞ւմ են, որ երկրները կկարողանան ձեռք բերել պատվաստանյութ ու պատվաստել մարդկանց։

– Այո, աշունը ամենավաղ ժամկետն է։ Բայց պատկերացնում եք, քանի որ պահանջարկը բավական մեծ կլինի, շատ հնարավոր է, որ դարձյալ պատվաստանյութի անբավարարություն լինի։ 

– Խոսքը մի՞ քանի տեսակի պատվաստանյութերի մասին է, թե՞ մեկ տեսակի պատվաստանյութ կարող է լինել։

– Տարբեր արտադրողներ հայտարարել են, որ արդեն պատրաստ են փորձարկումներ սկսել։ Եթե չեմ սխալվում, վերջին տվյալներով՝ մոտ 20 նմանօրինակ հայտարարություններ եղան։ 

Գրեթե բոլոր արտադրողները կարծես թե հետաքրքրված էին այդ առումով։ Բայց քանի որ բավական մեծ է հիվանդացության տարածումը, չեմ կարծում, որ համատարած հնարավորություններ կլինեն ձեռք բերելու պատվաստանյութը։

Ես հիշում եմ՝ 2009 թվականին, երբ H1N1-ի պանդեմիա հայտարարվեց, էլի նման իրավիճակ էր, պահանջարկը բավական մեծ էր, բայց հնարավոր չէր պատվաստանյութ գնել։ 

Հայաստանն էլ էր հետաքրքրված ձեռք բերել, բայց որպես փոքր շուկա և արտադրություն չունեցող երկիր՝ բավական բարդ էր։ Այստեղ միակ հուսալի օղակը միջազգային մարդասիրական օգնությունն է, ինչպես եղավ այն ժամանակ։

– 2009 թվականի համավարակի դեպքում որքա՞ն ժամանակ անց Հայաստանը կարողացավ ունենալ պատվաստանյութը։

– Բավական ուշ էր, այնպես չէր, որ մենք պանդեմիայի ընթացքում կարողացանք ձեռք բերել։ Համաճարակային պրոցեսն արդեն մարել էր, այսինքն՝ այդքան էլ ժամանակին չկարողացանք ձեռք բերել։

Որպես մասնագետ՝ ձեր կարծիքն է հետաքրքիր այն հարցի մասին, որ որքան շատ մարդիկ վարակվեն կորոնավիրուսով, այնքան մարդու օրգանիզմն ավելի շուտ իմունիտետ ձեռք կբերի այդ վիրուսի նկատմամբ։

– Բնականաբար, ինչքան շատ տարածում ունենա, այնքան արդեն մարդկային օրգանիզմին կհամակերպվի, այնքան ագրեսիվ չի լինի, ինչքան սկզբում էր։ Երբ H1N1-ը 2009 թվականին դեռ նոր էր, բավական ագրեսիվ էր, հետագայում դարձավ գրիպի սեզոնային տարատեսակներից մեկը։ 

Կորոնավիրուսն էլ աստիճանաբար նման զարգացում կունենա, մարդկային պոպուլյացիայի համար նորություն չի լինի, մեր օրգանիզմը կսովորի այդ վիրուսին։ Եվ դա արդեն մեզ համար կդառնա սովորական սուր շնչառական վիրուս։

Պետք է նշել, որ առողջ բնակչության համար այն հիմա էլ բավական թեթև է ընթանում, եթե, իհարկե, ուշացած դեպքեր չեն, եթե մարդիկ ինքնաբուժմամբ չեն զբաղվել, երկարատև պրոցես չի եղել։ 

Իսկ ռիսկի խմբերը միշտ կլինեն առաջնահերթ։ Ինչքան էլ սովորի մեր օրգանիզմը, ինչքան էլ մարդկային պոպուլյացիայի համար այն դառնա սովորական վիրուս, բոլոր դեպքերում ռիսկի խմբերը միշտ կմնան որպես առաջնահերթություն։ 

Նրանք ուղեկցող հիվանդություններ ունեցողներն են, տարեցները, բուժաշխատողները։ Այս խմբերը միշտ կլինեն, սեզոնային գրիպի դեպքում ևս մենք այդ հարցը միշտ բարձրաձայնում ենք։

Ռոզա Հովհաննիսյան

MediaLab.am