Վրաստանի իշխանությունների համար ամոթալի ու տհաճ միջադեպի վերածվեց Թբիլիսիում միասեռականների առաջին շքերթը, որը ծեծկռտուքով ավարտվեց:
Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում միասեռականների նկատմամբ անհանդուրժողականության դրսեւորումների դեմ անցկացված շքերթը վերաճեց զանգվածային անկարգությունների, երբ շքերթի մասնակիցների վրա հարձակվեց զայրացած ամբոխը`ճեղքելով մասնակիցներին պաշտպանող ոստիկանների շարքերը:
Ծեծկռտուքի ու զանգվածային անկարգությունների ժամանակ տասնյակ վիրավորներ եղան, այդ թվում`լրագրողներ եւ ոստիկաններ, որոնք փորձում էին շքերթի մասնակիցներին պաշտպանել հարձակումներից:
Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին դատապարտեց մայիսի 17-ին տեղի ունեցածը`հայտարարելով. «Խաղաղ հավաքների եւ սեփական կարծիքն արտահայտելու ազատության իրավունքը մեր ժողովրդավարության հիմնաքարերից մեկն է»:
Հոմոֆոբիայի դեմ կազմակերպված շքերթի հակառակորդները դեռ նախորդ օրը սկսել էին հավաքվել մայրաքաղաքի կենտրոնական`Ռուսթավելի փողոցում եւ մինչեւ շքերթի անմիջական սկիզբը, նրանց թիվը հասնում էր մի քանի հազարի:
Ոստիկանությունը պաշտպանական օղակ էր կազմել Թբիլիսիի Ազատության հրապարակի այն հատվածում, որտեղ հավաքվել էին մի քանի տասնյակ ակտիվիստներ, ովքեր լի էին միասեռականների շքերթն անցկացնելու վճռականությամբ: Միջոցառումը դեռ չէր սկսվել, երբ զայրացած ամբոխը շարժվեց դեպի հրապարակ, եւ ոստիկանությունը ստիպված եղավ շքերթի մասնակիցների մեծամասնությանն ավտոբուսներով առավել անվտանգ վայր տեղափոխել, մինչեւ ամբոխը կհասցներ ներխուժել հրապարակ:
Վրաց ուղղափառ եկեղեցու հոգեւորականների ուղեկցությամբ շարժվող, մահակներով, քարերով եւ այլ իրերով զինված ցուցարարները հարձակվեցին շքերթի մասնակիցներին տեղափոխող երթուղայինի վրա`կոտրելով պատուհանների ապակիները եւ քարկոծելով ներսում եղած ակտիվիստներին:
Կատարվածից ոգեւորվելով`շքերթի հակառակորդներից ոմանք գրավեցին հրապարակը, տոնելով իրենց հաղթանակը, մինչդեռ մյուսները շարժվեցին մայրաքաղաքի տարբեր ուղղություններով:
Միասեռականների դեմ բողոքողների համար քաջալերող դեր էր ունեցել նաեւ Վրաց ուղղափառ եկեղեցու Պատրիարք Իլյա Երկրորդի արած հայտարարությունը, որտեղ վերջինս միասեռականությունը համեմատում է հիվանդության հետ եւ կոչ է անում քաղաքապետին արգելել շքերթը:
Ի պատասխան`մայրաքաղաքի իշխանությունները հայտարարեցին, որ ցույցեր անցկացնելու համար նախնական թույլտվության կարիք չկա, եւ որ կազմակերպիչները պարզապես պետք է տեղեկացնեն իշխանություններին իրենց ծրագրերի մասին:
Մինչ այդ, Իվանիշվիլին խոստացել էր, որ հոմոֆոբիայի դեմ անցկացվելիք շքերթի մասնակիցների պաշտպանության մասին հոգ կտարվի անկախ այն հանգամանքից, թե ինչ կարծիքի են մյուսները միջոցառման մասին:
«Կան մարդիկ, ովքեր չեն կարող սա ընդունել, բայց մենք կանենք ամեն հնարավորը`ցանկացած փոքրամասնության իրավունքները պաշտպանելու համար: Ահա թե ինչ պետք է լինի նման պարագայում», – հայտարարել էր վարչապետը:
Սակայն տեղի ունեցածից հետո, Իվանիշվիլին հավանության արժանացրեց ոստիկանության ձեռնարկած միջոցառումները եւ վստահեցրեց, որ բռնությունների ու անկարգությունների մեղավորները կպատժվեն: Վարչապետի խոսքերով` միասեռականների շքերթի ընթացքում անցանկալի պատահարները կանխելու նպատակով ոստիկանության 2 000 աշխատակիցներ են աշխատել այդ օրն Ազատության հրապարակում, սակայն ոստիկանների շարքերը պարզապես տեղի էին տվել մի քանի հազարի հասնող հակամիասեռական ցուցարարների ճնշմանը:
Այնուամենայնիվ, Իվանիշվիլու կառավարությանը մեղադրում են նրանում, որ ոստիկանությունը չի կարողացել պատշաճ կերպով արձագանքել տեղի ունեցածին:
«Վրաստանի որոշ քաղաքացիների հնարավորություն չտրվեց օգտվել իրենց սահմանադրական իրավունքներից: Պետությունն ի վիճակի չէր եղել միջոցառման անցկացման համար անհրաժեշտ պայմաններ ապահովել կամ բռնությունը կանխել», – հայտարարել էր Վրաստանի մարդու իրավունքների պաշտպան Ուչա Նանուաշվիլին`դեպքի վայր ժամանելով:
Թբիլիսիում գործող Մարդու իրավունքների կենտրոնի տնօրեն Ալեկո Ցկիթիշվիլին նշում է, որ շատերը կարծում էին, թե հոմոֆոբիայի դեմ նախատեսված շքերթը պետք է խաղաղ ընթանար, հատկապես երբ վարչապետը խոստացել էր ապահովել մասնակիցների անվտանգությունը:
«Խաղաղ եւ հստակ բովանդակությամբ հայտարարություններ տարածվեցին, որտեղ կառավարությունը խոստանում էր հոգալ կարգուկանոնի պահպանման մասին: Սակայն, դժբախտաբար, ողբերգություն տեղի ունեցավ, եւ մարդիկ տուժեցին», – ասում է Ցկիթիշվիլին`հավելելով, որ ականատեսների վկայությամբ, ոստիկաններն ունեին համապատասխան միջոցներ անկարգությունները կանխելու համար:
«Վստահ եմ, որ պետք է բարձրացնել ներքին գործերի նախարարի ու ոստիկանության համապատասխան պաշտոնյաների պատասխանատվության հարցը», – նշում է նա:
Այլ իրավապաշտպան կազմակերպությունները եւ ընդդիմադիր ուժերն այն կարծիքին են, որ իրավիճակի նկատմամբ վերահսկողությունը կորցնելով`կառավարությունն ու ոստիկանությունը հեղինակազրկվեցին:
«Մեզ պետք է պետություն, որը պատրաստ է արձագանքել ագրեսիային», – ասում է «Միացյալ ազգային շարժում» ընդդիմադիր կուսակցություն խորհրդարանական խմբակցության անդամ Չիորա Տակտակիշվիլին:
Թբիլիսիում տեղի ունեցած զանգվածային անկարգությունները ստիպեցին շատերին մտահոգվել կրոնական անհանդուրժողականության հնարավոր վերելքի եւ երկրի հեղինակությանը հասցված վնասի կապակցությամբ:
«Շատ դժվար է տեսնել, թե ինչպես են հոգեւորականները մասնակցում այդ ամենին եւ անամոթաբար թույլ տալիս, որպեսզի երեխաներն իրենց մասնակցությունն ունենան այդ բռնություններին», – ասում է ընդդիմադիր քաղաքական գործիչ Տակտակիշվիլին:
«Ցավոք, տեղի ունեցածի պատճառով կառավարության հեղինակությանը լուրջ վնաս է հասցվել, եւ որ ամենացավալին է`ողջ պետության հեղինակությանը նույնպես», – ասում է Մարդու իրավունքների կենտրոնի տնօրեն Ցկիթիշվիլին:
«Բոլոր նրանք, ովքեր մեղավոր են այս ողբերգության մեջ, պետք է հայտնաբերվեն եւ պատժվեն: Ո’չ քահանայի սքեմը, ո’չ թագավորական թագը, ո’չ էլ նախագահի աթոռը չպետք է անպատժելիություն երաշխավորեն», – եզրակացնում է նա:
Թինա Ժվանիա
Հոդվածն արտատպվում է Պատերազմի և խաղաղության լուսաբանման ինստիտուտի Կովկասյան լրատու պարբերականից։ www.iwpr.net