«Իշխանությունները շատ լավ ձևը գտել են, բանակի ու եկեղեցու հետևում թաքցնում են իրենց  հանցագործություններն ու իրական դեմքը». Վահրամ Թոքմաջյան

«Իշխանությունները շատ լավ ձևը գտել են, բանակի ու եկեղեցու հետևում թաքցնում են իրենց  հանցագործություններն ու իրական դեմքը». Վահրամ Թոքմաջյան
«Իշխանությունները շատ լավ ձևը գտել են, բանակի ու եկեղեցու հետևում թաքցնում են իրենց  հանցագործություններն ու իրական դեմքը». Վահրամ Թոքմաջյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանել է պատմաբան Վահրամ Թոքմաջյանը:

– Պարո՛ն Թոքմաջյան, Սուրբ Սարգսի տոնին միասին փողոց էին դուրս եկել և քայլերթ էին անում զինվորները, քահանաներն ու ոստիկանները: Այս տեսարանը բուռն քննարկումների թեմա է դարձել: Ինչպե՞ս կմեկնաբանեք այս իրավիճակը:

– Նախ՝ եթե անդրադառնանք տոնի գաղափարին, դա մի գեղեցիկ տոն է, սիրահարների հովանավորության տոն, որը թող նշեն սիրահարները կամ այն մարդիկ, ովքեր սիրո կարիք ունեն: Ի՞նչ իմաստ ունի այս ամենին խառնել բանակը և ոստիկաններին:

Սա խոսում է Հայաստանում առկա պետական համակարգի ճգնաժամի մասին: Ե՞րբ են հոգևորականներն առաջ գալիս ու սկսում մանիպուլացնել հասարակությանը կամ հոգևորականի դեր տանել. երբ պետական համակարգը ճգնաժամի մեջ է: Միջնադարյան Եվրոպան դրա լավագույն օրինակն է: Հետագայում միջնադարյան Եվրոպան կարողացավ ազատվել այդ կարծատիպերից, երբ Եվրոպայում եղավ ռեֆորմացիա: Մենք ռեֆորմացիան մերժած հասարակություն ենք: Հենց եկեղեցին գլուխ է բարձրացնում, դա խոսում է պետականության թուլության մասին: Մյուս կողմից՝ իշխանությունները շատ լավ ձևը գտել են, բանակի ու եկեղեցու, քրիստոնեական արժեհամակարգի հետևում թաքցնում են իրենց հանցագործություններն ու իրական դեմքը:

Այստեղ կա բոլոր քաղաքական, հասարակական ու հոգևոր ինստիտուտների խեղվածության խնդիր: Նախևառաջ բանակն ու ոստիկանությունը պետական կառույցներ են, պետության անվտանգության կարևորագույն հիմնասյուներն են, որոնք պահվում են իմ ու ձեր հարկերի հաշվին: Որևէ մեկը, եթե անգամ նա լինի Քրիստոսի 12 առաքյալներից մեկը, իրավունք չունի այդ կառույցները բերել ու մտցնել եկեղեցի: Հասկացանք՝ պաշտպանության նախարարն ուզում է խաչքավոր լինել, թող լինի: Հիմա՞ ինչ են անում. մեր հարկերի հաշվին պահվող պետական աշխատողներին, ովքեր ունեն ուղղակի պարտավորություններ, շարքով տանում են ինչ-որ եկեղեցական տոնի՝ ձեռքներին դրոշակներ:

Դա պետական տոն չէ, պետական շքերթ չէ: Հիմա հարց. արդյոք այդ մի քանի հարյուր ոստիկանների մեջ աթեիստներ չկայի՞ն, արդյոք այլ կրոնական կազմակերպության հետևորդներ չկայի՞ն: Իհարկե, պետք է որ լինեին, և սա նաև Սահմանադրության կոպիտ խախտում է, որ մարդուն պարտադրում են խղճի, մտքի ու դավանանքի որոշակի հայեցակարգ:

Դա նույն է, երբ դպրոցներում «Եկեղեցու պատմություն» առարկայի ժամանակ երեխաներին ստիպում են աղոթել, նույնը բանակում է: Սա խոսում է պետության ճգնաժամի մասին: Նույնը եղել է Ցեղասպանության ժամանակ, երբ հոգևորականները հանդես էին գալիս որպես մարդկանց հանգստացնող: Վերջին տարիներին մի քանի խոշոր ակցիաներ եղան, խոսքը «Էլեկտրիկ Երևանի» ու Խորենացու փողոցի դեպքերի մասին է: Հոգևորականները ե՞րբ էին հայտնվում. երբ ոստիկանությունն արդեն ուժ էր կիրառել: Նրանք հայտնվում ու սկսում էին հանգստացնել մարդկանց, բայց ոչ ոք չի հարցնում. պարո՛ն հոգևորական, բա դու նախքան այդ ուժի կիրառումը ո՞ւր էիր:

– Նկատելի է, որ հատկապես վերջին տարիներին են այս տոնի ժամանակ հոգևորականներն ու ոստիկանները միասին փողոց դուրս գալիս: Կարելի՞ է ենթադրել, որ ձեր ասած ճգնաժամը սրվել է հատկապես վերջին տարիներին:

– Այո՛, հատկապես Սերժ Սարգսյանի իշխանության տարիներին է եկեղեցին կարողացել վերականգնել ֆեոդալական ինստիտուտի իր դերը: Բազմաթիվ արտոնություններ են տրվել եկեղեցուն, այդ կառույցը երբեք հարկային դաշտում չի եղել, չնայած շահութ ստացող կազմակերպություն է: Երբեք եկեղեցուն ձեռնտու չի եղել ուժեղ աշխարհիկ իշխանությունը, դա աքսիոմատիկ ճշմարտություն է:

Եկեղեցին միշտ դիսկոմֆորտ է զգացել, երբ Հայաստանում եղել է ուժեղ պետականություն: Հենց ուժեղ պետականության ու իշխանության հիմքերը խարխլվում են, եկեղեցին միանգամից սկսում է միախառնվել իշխանությանը: Այսօր չկա մի միջոցառում, որտեղ սևազգեստ մեկին չբերեն ու առաջին շարքում չնստեցնեն: Սա ինչի՞ մասին է խոսում, եթե ոչ ճգնաժամի:

Այո՛, ճգնաժամ է, մենք գիտենք: Իշխանությունն այսօր ամեն ինչի նկատմամբ վերահսկողությունը կորցրել է: Կոռուպցիան, հովանավորչությունը տարածվում են, հանցագործությունները, պետական պարտքը՝ աճում, աշխատատեղերը նվազում են, մեծ են աղքատության ցուցանիշն ու հասարակության բևեռացումը: Եվ հոգևորականներն սկսում են մանիպուլյացնել ու կոչ անել, թե մենք եղբայրներ ենք, պետք է դիմանանք: Այդ գործառույթը կատարում է եկեղեցին, բայց դա անվճար չի անում, դա անում է որոշակի արտոնություններ ստանալու հաշվին:

– Իսկ երբ ոստիկաններին են հանում շքերթի, դրանում որևէ թաքնված ուղե՞րձ կա:

– Այդ տոնին ոստիկանները կարգ չէին պահպանում, շարքով փողոցը փակած գնում էին եկեղեցի՝ ձեռքներին էլ դրոշներն ու Սուրբ Սարգսի նշանը: Ոմանք պարտադրված, ոմանք իրենց կամքով գնում էին: Ինչպես զորամասերում է առավոտյան մարզանքը պարտադիր, այնպես էլ ոստիկաններին էին այդ տոնին ստիպել մասնակցել:

Դա կարգի պահպանություն կլիներ այն ժամանակ, երբ սովորական քաղաքացիները խմբով գնային, իսկ ոստիկանները մեկ շարքով հսկեին: Այդ տեսարանը նաև ցույց է տալիս իշխանության ուզուրպացիան հանրային տարածքի նկատմամբ: Եթե մենք 50-60 հոգով դուրս գանք երթի, ցայտնոտի մեջ կընկնեն ու մեզ արագ կհեռացնեն այն տարածքներից, որոնք հանրությանն են պատկանում: Իսկ իրենք եկել ու հանրային տարածքներ են զավթում: Բայց հիշեցնեմ, որ այդ ոստիկանների առաջին պարտականությունը հասարակական կարգը պահպանելն է, հանցագործներին գտնելը:

Մենք նրանց չենք վճարում, որ գնան Սուրբ Սարգիս նշեն: Իրենց գործը վերջացնելուց հետո թող աղի բլիթն ուտեն, ում ուզում է տեսնեն, բայց պետական համակարգն ի՞նչ գործ ունի, որ մասնակցում է կղերական տոնին:

Ռոզա Հովհաննիսյան

MediaLab.am