Ուկրաինայում ծավալվող վերջին իրադարձությունների վերաբերյալ հայտարարություն է տարածել «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը` աջակցություն հայտնելով Մաքսային միությանն անդամակցելու դեմ ելած հազարավոր քաղաքացիներին:
Հայտարարությունն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորեւ: Հիշեցնենք, որ այսօր պաշտոնական այցով Հայաստան է ժամանելու ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ով Գյումրիում տեղակայված ռազմաբազա այցելելուց զատ, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ քննարկելու է Հայաստանի` Մաքսային միությանն անդամակցելու հետ առնչվող հարցեր:
Չնայած անսպասելիությանը, այս տարվա սեպտեմբերի 3-ին Սերժ Սարգսյանը Մոսկվայում հայտարարել էր, թե Հայաստանը պատրաստակամ է ՄՄ անդամակցելուն: Այսօր ժամը 13:00-ին Պուտինի այցին ընդառաջ, Երեւանի Ազատության հրապարակում բողոքի ակցիա եւ երթ է նախատեսվում ընդդեմ ՄՄ անդամակցությանը:
Ազատ դեմոկրատներ կուսակցությունը խստորեն դատապարտում է վերջին օրերին Ուկրաինայում տեղի ունեցող դեպքերը: Ակնհայտ է, որ ուկրաինական իշխանությունները խաղաղ ցուցարարների նկատմամբ բռնի ուժ են գործադրել` ոտնահարելով խաղաղ ցույցեր և հավաքներ իրականացնելու յուրաքանչյուր մարդու իրավունքը:
Մենք մեր աջակցությունն ենք հայտնում Ուկրաինայի այն քաղաքացիներին, ովքեր վճռական են երկիրը եվրոպական ինտեգրաման ճանապարհով տանելու քաղաքականությանը և ոտքի են կանգնել պայքարելու հանուն իրենց այդ նպատակի:
Ազատ դեմոկրատներ կուսակցությունը կոչ է անում աշխարհի բոլոր դեմոկրատական ուժերին և միջազգային կառույցներին հետևողական լինել Ուկրաինայում կատարվող դեպքերին և տալ հստակ գնահատականներ, ավելին` աջակցել բոլոր հնարավոր միջոցներով:
Ժողովրդավարության և մարդու իրավունքների գերակայության համար պայքարող յուրաքանչյուր քաղաքական ուժի և կառույցի պարտքը պետք է լինի այս պահին իր աջակցությունն ու զորակցությունը հայտնել հանուն ժողովրդավարության, մարդու հիմնարար իրավունքների գերակայության և իրենց ազատ ընտրությունը կյանքի կոչելու համար պայքարող Ուկրաինայի քաղաքացիներին»:
Լուսանկարը` rt.com
© Medialab.am