«Դա ստրակատիրության հանդեպ բարեհաճության գռեհիկ փորձ էր». Տիգրան Խզմալյան

«Դա ստրակատիրության հանդեպ բարեհաճության գռեհիկ փորձ էր». Տիգրան Խզմալյան
«Դա ստրակատիրության հանդեպ բարեհաճության գռեհիկ փորձ էր». Տիգրան Խզմալյան

«Մեդիալաբի» զրուցակիցն է «Նախախորհրդարանի» անդամ, կինոռեժիսոր Տիգրան Խզմալյանը:

-Պարոն Խզմալյան, Ղրիմի հանրաքվեի վերաբերյալ Հայաստանի և Արցախի արձագանքները «Նախախորհրդարանը» «վասալների կողմից իրենց տերերի հանդեպ անխոհեմ ստրկահաճության դրսևորում» համարեց: Ինչպե՞ս եք դուք գնահատում այդ արձագանքները և Ստեփանակերպում կազմակերպված համերգը:

-Որպես «Նախախորհրդարանի» անդամ  ես ստորագրել եմ այս պաշտոնական գրության տակ: Դա ստրակատիրության հանդեպ բարեհաճության գռեհիկ փորձ էր:

-Արդյոք կա՞ն նմանություններ Ղրիմի և Արցախի հանրաքվեների միջև, ինչի մասին շատ է խոսվում այս փուլում:

-Նմանությունները մոտավորապես այնպիսին են, ինչպիսին հայելանման արտացոլումներն են: Կարծես թե նույնն են, բայց ճիշտ հակառակը՝ ձախը աջից, աջը՝ ձախից:  Ձախ ականջը աջ է երևում, աջը՝ ձախ, և մարմնի մնացած մասերը նույնպես: Արցախն իր հանրաքվեին գնում էր տարիներ շարունակ՝ քաղաքակիրթ, օրինական, սահմանադրական պայքարի միջոցով: Դա ազգային ազատագրական պայքար էր գաղութային ստրկատիրության դեմ, որի արդյունքը եղավ հանրաքվեն: Հանրաքվեին պատասխանեցին բիրտ ուժերը՝ ջարդերով և բիրտ ուժով: Մինչդեռ Ղրիմում ամեն ինչ տեղի ունեցավ 180 աստիճանով հակառակ հերթականությամբ:

Այնտեղ սկզբում մտան զորքեր, ընդ որում՝ պատժիչ զորքեր, որոնց նպատակն էր պատժել հեղափոխական ազգային ազատագրական պայքարը, իսկ հետո արդեն օտար ձեռքի ներկայությամբ հրավիրվեց հանրաքվեն, որն այդ պատճառով արդեն իսկ անօրինական է, որովհետև ոչ մի միջազգային պայմանագիր, փաստաթուղթ և Սահմանադրություն թույլ չի տալիս հանրաքվե անցկացնել օտար ձեռքի միջամտության և առկայության դեպքում: Մինչդեռ ոչ մի ռուս Ղրիմում ոչ ճնշված էր, ոչ աքսորված, ոչ բանտարկված, ոչ նեղացած, ոչ էլ սպանված: Այսինքն՝ նմանություններ շատ դժվար է գտնել, դրանք ճիշտ հակառակ գործընթացներ են:

Ոչ թե Ղրիմի ու Ղարաբաղի հանրաքվեներն են նման, այլ կարելի է համեմատել Ղրիմի և Հյուսիսային Արցախի՝ Գետաշենի ու Շահումյանի դեպքերը: Այդ դեպքերը շատ ավելի նման են: Արցախին պատժելու համար «Կոլցո» տխրահռչակ գործողության միջոցով Արցախից վերցվեցին և Ադրբեջանին փոխանցվեցին հայաբնակ Շահումյանի շրջանն ու Գետաշենը: Ուկրաինային պատժելու համար Ուկրաինայից փորձեցին առգրավել և Ռուսաստանին փոխանել Ղրիմը: Ահա և բոլոր նմանությունները:

-Ղրիմի հանրաքվեից հետո Հայաստանի որոշ քաղաքական ուժերի և ԼՂՀ կողմից արված հայտարարությունները ռուսական կողմի ուղղակի ճնշում կարելի՞ է համարել: Ընդհանրապես ինչի՞ մասին են խոսում այդ հայտարարությունները:

– Եթե Ռուսաստանն Ուկրաինայում ուներ, այսպես կոչված, հինգերորդ շարասյունը՝ հանձինս իր ազգակիցների, որոնց գործողությունները գոնե ազգային հողի վրա հասկանալի են և կարելի է դա հարգել, ապա կայսերապաշտ, ստրկասեր, ստրկամիտ հայկական հինգերորդ շարասյունը, որն առկա է ինչպես Հայաստանում, այնպես էլ Արցախում` մեր ազգային խայտառակությունն է: Դա մեր դարավոր պարտությունների պատճառն է եղել: Առաջիկայում մենք այդ հինգերորդ շարասյան կործանարար ազդեցությունը դեռ պետք է տեսնենք և բոլոր ջանքերով պետք է կարողանանք դա սանձել:

-Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնն այսօր հայտարարել է, որ ցավալի է, երբ Հայաստանը նման հայտարարություններ է անում Ղրիմի հանրաքվեի վերաբերյալ: Արդյոք ի՞նչ հետևանքներ կարող է ունենալ Արևմուտքի հիասթափությունը Հայաստանի համար:

-Ես չեմ մեկնաբանում որևէ դեսպանի արտահայտություն: Իմ մտերիմ ընկեր, Հայաստանում Ուկրաինայի նախկին դեսպան Ալեքսանդր Բոժկոն նույնպես արտահայտեց իր մտահոգությունը: Քանի որ նա հիմա արդեն պաշտոնյա չէ, ես ինձ թույլ տվեցի գրել՝ հարգարժան պարոն դեսպան, մի շփոթեք Բաղրամյան 26-ը Հայաստանի հետ: Մի շփոթեք նաև Ստեփանակերտի նեղ շրջանակները արցախյան հայության հետ: Իրական հայությունը դա չէ, այն հայությունը, որը պաշտպանել և պաշտպանելու է իր հայրենիքը, ոչ մի ընդհանուր կապ չունի նրանց հետ, ովքեր սպասարկում են իրենց գաղութատերերի շահերը, քանզի վարձկան են, նրանց կողմից են նշանակված և նրանց կողմից էլ օգնություն ստանալով՝ դեռևս պահպանում են իրենց ողորմելի իշխանությունը Հայաստանում:

Մարի Ներսեսյան

© Medialab.am