«Այսպիսի թատրոն վերջին քսանամյակում չեմ տեսել». Ըստ Ստյոպա Սաֆարյանի, կառավարությունում «նիդաբոռ է»

«Այսպիսի թատրոն վերջին քսանամյակում չեմ տեսել». Ըստ Ստյոպա Սաֆարյանի, կառավարությունում «նիդաբոռ է»
«Այսպիսի թատրոն վերջին քսանամյակում չեմ տեսել». Ըստ Ստյոպա Սաֆարյանի, կառավարությունում «նիդաբոռ է»

Ներքաղաքական իրավիճակին եւ քիչ առաջ ՕԵԿ-ի իշխանական կոալիցիայից դուրս գալուն է անդրադարձել «Ժառանգություն» կուսակցության քարտուղար, քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը`նշելով թե վերջին քսանամյակում նման թատրոն չի տեսել: 

Սաֆարյանի ֆեյսբուքյան գրառումն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորեւ:

«Հովիկ Աբրահամյանի կառավարությունում նիդաբոռ է՝ նախարարական տեղերն ավելի շատ են, քան հայտերը: Խեղճը դեռ կառավարություն չձեւավորած, անփառունակ դիսկրեդիտացիայի հուժկու փուլ է մտել…

Առաջին օրը «երկիր-երկիր» համակարգով հրթիռակոծություն Լեւոն Տեր-Պետրոսյանի «նենգ» անկյունը, հիմա էլ նույնիսկ ՕԵԿ-ը չի «ցանկանում» նրա հետ աշխատել…

ՕԵԿ-ն էլ «կոալիցիայից» դուրս է գալիս մե խինդ, մե ծեծաղով, մե ուրախուչյամբ, կարծես միջնակարգ դպրոցի շրջանավարտի դիպլոմ ստացած լինի, բայց դեռ չգիտի՝ ընդդիմություն է, թե ընդդիմություն չի. համ կուսակցության ղեկավար մարմինը «հանձնարարություն» է տալիս Արթուր Բաղդասարյանին՝ ի կատարում, համ չգիտի՝ առաջիկայում Արթուր Բաղդասարյանն ինչ է ասելու՝ իրենք ընդդիմությո՞ւն են, թե՞ ոչ :

Երկրիս Անվտանգության խորհրդի կազմն էլ արդեն անցել է ընդդիմության «ձեռքը»: Տեսնես այս մի «հաղթանակի» պատասախանատվությունն ո՞վ է ստանձնելու՝ Ալ-Քաիդա՞ն, թե՞ Հեզբոլլահը

Այսպիսի թատրոն վերջին քսանամյակում չեմ տեսել…»

Տեղեկացնենք, որ ապրիլի 16-ի երեկոյան ՕԵԿ-ի քաղխորհրդի նիստից հետո կուսակցության հաղորդագրությունից պարզ է դարձել, որ վերջիններս նպատակահարմար չեն համարում ՀՀԿ-ի հետ կոալիցիա կազմելը` պատճառաբանելով, թե Սերժ Սարգսյանը վարչապետի պաշտոնում չի քննարկել Արթուր Բաղդասարյանի թեկնածությունը:

«ՕԵԿ-ի՝ կոալիցիայի կազմում մնալու միակ հիմնավոր պատճառ կարող էր դիտարկվել իշխանության մեջ իրական դերակատարման ստանձնումը, ինչը չէր կարող դրսևորվել երեք նախարարական պորտֆելների շուրջ առաջարկությամբ»,- նշված էր ՕԵԿ-ի հաղորդագրության մեջ: 

© Medialab.am