Լրատվամիջոցներին առնչվող իշխանական պատգամավորների հերթական օրենսդրական նախաձեռնությունը հակասում է բոլոր միջազգային ստանդարտներին ու նույնիսկ բանականությանը. Բորիս Նավասարդյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը

– Պարո՛ն Նավասարդյան, իշխանական ուժը դարձյալ փոփոխություններ է առաջարկում լրատվամիջոներին առնչվող օրենքում՝ առաջարկելով պետական կառույցներին հնարավորություն տալ դադարեցնել լրագրողի կամ լրագրողների հավատարմագրումը: Երեկ խորհրդարանում այդ թեմայով քննարկմանը չէին մասնակցում նախագծի հեղինակները: Դուք մանակիցներից մեկն էիք, արդյունավե՞տ քննարկում էր:

– Քննարկումը հնարավորություն տվեց, որ լրագրողներն ու լրագրողական հասարակական կազմակերպությունները կարողանան կիսվել իրենց գնահատականներով, պատկերացումներով, թե ինչ կարելի է անել, բայց, իհարկե, քանի որ հեղինակները ներկա չէին, քննարկման արդյունավետությունը մի փոքր իջեցնում էր:

Սակայն, կարծում եմ՝ հնարավորություն կլինի նրանց փոխանցել առկա կարծիքներն ու մոտեցումները, ու մոտակա ժամանակներս այդ կարգի հանդիպում և՛ հեղինակների, և՛ ընդհանրապես իշխող քաղաքական ուժի ներկայացուցիչների հետ խորհրդարանում նախատեսվում է:

«Այս կարգավորումը տեղ էր գտել մեր ներկայացրած նախորդ՝ «Զանգվածային լրատվության մասին» օրենքի նախագծում, որը մամուլում շրջանառվեց որպես չնույնականացված աղբյուրների մասին նախագիծ: Սակայն այդ նախագծում կար փոփոխություն հավատարմագրման կարգի, ֆինանսական թափանցիկության կարգի մեջ, բայց հենց այդ նախագծով արձանագրվեց, որ պետական մարմիններն իրավունք ունեն սահմանելու լրագրողների հավատարմագրման մերժման ու դադարեցման հիմքերը, և հիմնավորման մեջ, ըստ էության, նույն կերպ ձևակերպված էր այն, ինչ կա այս նախագծի հիմնավորման մեջ, ու ես տարակուսում եմ, թե լրագրողական համայնքի մեր որոշ գործընկերներ ինչո՞ւ են զարմանում»,- մեջբերում եմ նախագծի հեղինակ, ՔՊ-ական պատգամավոր Արթուր Հովհաննիսյանի խոսքը, պարո՛ն Նավասարդյան: Ինչո՞ւ դեռ այն ժամանակ չեք բարձրաձայնել ձեր մտահոգությունների մասին՝ կոնկրետ դրույթի վերաբերյալ:

– Այդ նախագիծն ընդունվեց անցած տարվա դեկտեմբերին: Այն ժամանակ շատ էին քննարկումներն օրինագծի մասին, բայց հիմնականում բոլորը կենտրոնացել էին այն կետի վրա, որը կապված էր չնույնականացվող աղբյուրների հետ:

Հավատարմագրման հետ կապված փոփոխությունն այնքան էլ մեծ ուշադրության չարժանացավ, թեև մեր կազմակերպությունն ու գործընկեր այլ կազմակերպություններ նաև այդ խնդիրն էին մատնացույց անում, բայց քանի որ աղմուկը քիչ էր, առանձնապես լուրջ վերաբերմունք մեր այդ առաջարկություններին չեղավ:

Մենք նաև պնդել էինք, որ այդ նախագիծն ուղարկվի Եվրոպայի խորհուրդ, ու այնտեղից մենք ստացանք փորձագիտական կարծիք, որը մտահոգություն էր հայտնում նաև հավատարմագրման հետ կապված այդ նոր ներդրվող մեխանիզմների վերաբերյալ: Բայց այդ նախագիծն ընդունվեց այնպես, ինչպես նախատեսված էր՝ համարյա առանց փոփոխությունների:

Այդ առումով Արթուր Հովհաննիսյանը ճիշտ է, ու այս փոփոխությունը տրամաբանական շարունակությունն է դեկտեմբերին ընդունված օրինագծի: Այն ժամանակ դա անփութություն էր, թե՞ ինչ էր, այդ տեխնիկական փոփոխությունը հաշվի չի առնվել, բայց դա բնականաբար չի նշանակում, որ և՛ դեկտեմբերյան փոփոխությունը, և՛ այսօրվա նախագիծը ընդունելի են:

Սա խոսում է նրա մասին, որ եթե հավատարմագրման կարգի հետ կապված փոփոխության մեջ մենք խնդիր ենք տեսնում, ապա պետք է վերադառնանք հենց դեկտեմբերին ընդունված օրենքի փոփոխություններին ու այդ մոտեցումները ամբողջապես սրբագրել: Լրագրողական կազմակերպություններիս մարտավարությունը հենց այդ է, ու մենք փորձելու ենք այդ խնդիրը լուծել:

Կարծում եք՝ կկարողանա՞ք լուծել այդ խնդիրը, եթե նկատի ունենանք նախագծի հեղինակների մոտեցումները, որովհետև նրանք համոզված են, որ այս փոփոխություններն ընդամենը ոլորտի կարգավորման համար են ու չեն ենթադրում լրագրողի աշխատանքի սահմանափակում, խոչընդոտում, իրավունքների ոտնահարում:

– Հարցն այն չէ, թե դա սահմանափակում է, խոչընդոտում է, թե՞ ոչ: Հարցն այն է, որ օրենսդրական այդ մեխանիզմը հակասում է բոլոր միջազգային ստանդարտներին ու նույնիսկ բանականությանը:

Չի կարող լինել օրենքի որևէ դրույթ, որը սահմանում է բոլոր պետական մարմիններում նույն կամ նմանօրինակ հավատարմագրման կարգեր, որովհետև տարբեր պետական մարմիններ կարող են տարբեր մոտեցումներ ունենալ ԶԼՄ-ների հետ աշխատելիս, ու շատ պետական մարմիններ ընդհանրապես հավատարմագրման ինստիտուտի կարիք չունեն:

Հետևաբար դա չպետք է օրենքով լինի, դա պետք է կարգերով լինի, ու պետք է հաշվի առնվեն յուրաքանչյուր պետական մարմնի աշխատանքի առանձնահատկություններն ու այնտեղ լրագրողների աշխատանքի առանձնահատկությունները: Հենց այդ մոտեցումն ենք փորձում առաջ տանել:

Ինչ կլինի՝ չգիտեմ, որովհետև երբ քննարկում ենք պատգամավորների հետ ու մեր փաստարկները բերում, կարծես ընկալում կա, բայց գիտենք, որ մեզանում ընկալումը քիչ է, մեզ մոտ կա «քաղաքական որոշում» երևույթը, ու այդ որոշումը կարող է ամբողջությամբ հակասել և՛ բանականությանը, և՛ ամեն ինչին, որովհետև այս պահին այդպես է պետք:

Հիմա ռիսկը, որ այս դեպքում էլ այդ քաղաքական որոշումը կկայացվի, ու մեր առաջարկությունները չեն ընդունվի, կա, բայց դա չի նշանակում, թե չպետք է փորձենք, այնուամենայնիվ, որոշակի հույսեր ունենք:

– Իսկ այդ քաղաքական որոշումն ինչո՞ւ է կայացվում, օրվա իշխանությունն այս փոփոխություններով ի՞նչ նպատակ է հետապնդում: Օրինակ՝ Ժուռնալիստների միության նախագահ Սաթիկ Սեյրանյանն ասում էր՝ սա հերթական մահակն է ԶԼՄ-ների գլխին:

– Որ մտահոգիչ է այս փոփոխությունը, արդեն ասացի, ու դա փաստ է, որ այն միջազգային բոլոր ստանդարտներին դեմ է: Քանի որ քաղաքական որոշում է, հետապնդում է քաղաքական նպատակներ, որոնք շատ դեպքերում մեծ վնաս են հասցնում այս կամ այն ոլորտին, տվյալ դեպքում՝ լրատվամիջոցներին:

Այսինքն՝ չե՞ն ուզում, որ իրենց աշխատանքը լուսաբանվի, գործունեությունը բաց ու թափանցիկ լինի, պարո՛ն Նավասարդյան:

– Այո՛, իշխանությունները, բնականաբար, ցանկանում են, որ կոմֆորտային պայմաններում աշխատեն, իսկ դա ենթադրում է, որ իրենց չպետք է հարցեր տան, իրենց չպետք է քննադատեն, ու կառավարության այն ներկայացուցիչներին, պատգամավորներին, որոնք լիազորված չեն որևէ բան ասելու, լրագրողները հնարավորություն չունենան հարցեր ուղղելու:

Այսպիսի պարզունակ մոտեցում են ցուցաբերում խնդրին, որն էլ արտացոլվում է քաղաքական որոշումներում, որոնք ազդում են և՛ օրենսդրական դաշտի, և՛ այլ ոլորտների վրա:

Առաջարկվող օրենսդրական այս փոփոխությունները միջազգային մամուլի ազատությամբ զբաղվող կազմակերպությունների կողմից կարո՞ղ են դիտարկվել որպես սահմանափակումներ, ինչը կնվազեցնի Հայաստանի ցուցանիշները խոսքի ազատության, ժողովրդավարության առումով:

– Ոչ միայն կարող են, այլև անպայման հենց այդպես էլ լինելու է: Մենք արդեն վերջին մեկուկես տարիներին, եթե ոչ ավելի, տեսնում ենք, որ Հայաստանի վարկանիշը՝ նաև խոսքի ազատության հետ կապված տարբեր զեկույցներում իջնում է: Կարծում եմ՝ որքան շատ այս կարգի չմտածված օրենսդրական փոփոխություններ լինեն, ինչպիսին դեկտեմբերին ընդունվածներն են, բնականաբար կունենանք հերթական վարկանիշային անկումները:

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am