Առանց Ղարաբաղ Մաքսային միությո՞ւն. Վերլուծաբանները Սերժ Սարգսյանի «շատ տխուր» հայտարարության մասին

Առանց Ղարաբաղ Մաքսային միությո՞ւն. Վերլուծաբանները Սերժ Սարգսյանի «շատ տխուր» հայտարարության մասին
Առանց Ղարաբաղ Մաքսային միությո՞ւն. Վերլուծաբանները Սերժ Սարգսյանի «շատ տխուր» հայտարարության մասին

Սերժ Սարգսյանի՝ Մաքսային միություն առանց Ղարաբաղի մտնելու վերաբերյալ այսօր արած հայտարարության պարագայում, Հայաստանը շատ տխուր վիճակում է հայտնվում: Այս կարծիքին է «Ժառանգություն» կուսակցության քարտուղար, վերլուծաբան Ստյոպա Սաֆարյանը:

Հիշեցնենք, որ Սերժ Սարգսյանն այսօր Ծաղկաձորում անդրադարձել է Աստանայում օրերս անցկացված Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի ընդլայնված կազմով նիստի ժամանակ տեղի ունեցածին՝ նշելով.

«Իսկ ո՞վ է ասել, որ մենք Ղարաբաղով ենք մտնելու Մաքսային միություն: Այդպիսի բան չի եղել և չի էլ կարող լինել, որովհետև Ղարաբաղը գոնե մեր օրենսդրությամբ, գոնե մեր պատկերացումներով Հայաստանի մաս չէ այսօր կազմում»:

Հիշեցնենք, որ Աստանայի համաժողովում այս հարցը բարձրացրել էր Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը, ով ընթերցել էր Ադրբեջանի նախագահի նամակը, որում նշվում էր, թե Հայաստանը պետք է Եվրասիական միության անդամ դառնա ՄԱԿ-ի կողմից ճանաչված սահմաններով, այսինքն՝ առանց Ղարաբաղի:

«Ոչ միայն Հայաստանը չի ճանաչում Լեռնային Ղարաբաղի անկախությունը, այլև Հայաստանի Հանրապետության նախագահը, Հայաստանը մտցնելով Եվրասիական միություն, ինքն էր հայտարարել, որ մտնում ենք՝ լուծելու մեր անվտանգության խնդիրները: Իսկ մեր անվտանգության թիվ մեկ խնդիրը դա Ղարաբաղի խնդիրն է: Փաստորեն ստացվում է, որ մենք Մաքսային միություն մտնելով՝ ոչ մի խնդիր չենք լուծում ըստ էության»,- «Մեդիալաբին» ասում է վերլուծաբանը:

Նրա խոսքով՝ այս դեպքում հետաքրքիր է, թե ինչո՞ւ է Հայաստանը մտնում Մաքսային միություն, եթե Ղարաբաղը մեզ հետ չէ: Նա նշում է որ փաստորեն Սերժ Սարգսյանը համաձայն է Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի հետ, ով Աստանայում ընթերցել էր Ադրբեջանի նախագահի նամակը:

«Մի բան էլ ավելին է ստացվում, ոչ միայն Նազարբաևի, այլև Սերժ Սարգսյանը համաձայն է նաև Ալիևի հետ»,- ասում է Ստյոպա Սաֆարյանը:

Նրա խոսքով՝ Հայաստանը հայտնվում է շատ տխուր վիճակում, որովհետև փաստորեն Սերժ Սարգսյանն արտաքին քաղաքականության առումով ինչ որ նախաձեռնեց, Հայաստանի համար չափազանց վտանգավոր դարձավ:

«Քաղաքական և միջազգային հարաբերությունների հայկական կենտրոնի» տնօրեն, քաղաքագետ Աղասի Ենոքյանը կարծում է, որ Սերժ Սարգսյանի այս հայտարարությունը հետևյալն է փաստում.

«Հայաստանի համար կհնարվի Մաքսային միության անդամ դառնալու միջանկյալ տարբերակ: Դրանով և Ռուսաստանի ցանկությունները կբավարավեն, այսինքն՝ Հայաստանը կհամարվի Մաքսային միության անդամ, և Նազարբաևի ընկեր Իլհամի պայմանները կբավարարվեն»:

Վերլուծաբանի խոսքով՝ առանց Ղարաբաղի Մաքսային միություն մտնելը վտանգ է պարունակում:

«Սա Ղարաբաղը Հայաստանից հեռացնելու հերթական տարբերակ է»,- «Մեդիալաբին» ասում է վերլուծաբանը:

Աղասի Ենոքյանի խոսքով՝ Հայաստանն արդեն մտել է, այսպես կոչված, ռուսական թիմի մեջ և փաստորեն ամեն գնով պետք է մնա այդտեղ: Իսկ դա նշանակում է, որ Հայաստանը գնալով կորցնում է արտաքին քաղաքականությունը:
Սերժ Սարգսյանի այն տեսակետը, թե «Մաքսային միությանն անդամակցելը նպաստում է Լեռնային Ղարաբաղի խնդրի լուծմանը, սա միանշանակ է»,- Աղասի Ենոքյանը չի կիսում:

«Նա մտածում է իր տրամաբանությամբ, Սերժ Սարգսյանի և ընդհանրապես Հայաստանի քաղաքականության տրամաբանությամբ Ղարաբաղի խնդրի լուծումը Ռուսաստանի ազդեցության ներքո լինելն է: Այս առումով, քանի որ մենք մնում ենք Ռուսաստանի ազդեցության գոտում, նրա կարծիքով՝ դա նպաստում է: Շատերի կարծիքով՝ լրիվ հակառակն է»,- ասում է նա:

Վերլուծաբանի խոսքով, այօր ակնհայտ տեսնում ենք հետևյալը. Աստանայում հայտարարություն է արվում Նազարբաևի կողմից, բայց իրականում դա Ռուսաստանի հայտարարությունն է:

«Այդ հայտարարությամբ Ռուսաստանը ցույց է տալիս, որ ինքը երբեք էլ չի եղել Հայաստանի անվտանգության գարանտը»,- ասում է Աղասի Ենոքյանը:

Հիշեցնենք, որ Աստանայում Հայաստանը չստորագրեց Եվրասիական տնտեսական միությանը միանալու փաստաթուղթը, հայտարարվեց, որ դեռևս խնդիրներ կան, և Հայաստանին մինչև հունիսի 15-ը ժամանակ տրվեց: Սերժ Սարգսյանը այս կապակցությամբ ասել է, որ զուտ տեխնիկական նշանակության հարցեր են դրանք:

© Medialab.am