«Դրամի արժեզրկման ճնշում կա, բայց կառավարելի միջակայքում է, ապոկալիպսիկ պնդումները չեմ կիսում». Հայկազ Ֆանյան

Լուսանկարը՝ «Ազատություն»

«Մեդիալաբի» հարցերին պատասխանել է ACSES վերլուծական կենտրոնի ղեկավար, տնտեսագետ Հայկազ Ֆանյանը

– Պարո՛ն Ֆանյան, Հայաստանում դոլարի արժևորումը շարունակվում է։ Ինչի՞ հետևանք է սա և արդյոք երկա՞ր կպահպանվի։

– Իրականում հարցը բավական համալիր ուսումնասիրության կարիք ունի՝ հասկանալու համար, թե՛որ գործոններ են հստակ ազդում տվյալ իրավիճակի վրա։

Ուղղակի հպանցիկ նայելով ՝ տեսնում ենք, որ կան և՛ օբյեկտիվ, և՛ սուբյեկտիվ պատճառներ։ Բացասական զարգացմանը հատկապես նպաստում են բնակչության շրջանում խուճապային միտումները, որոնք նկատվեցին նոյեմբերի կեսին ու երկրորդ կեսին։ Դա հանգեցրեց որոշակի ոչ բարենպաստ իրավիճակի։

Մյուս կողմից՝ կան որոշակի օբյեկտիվ պատճառներ՝ դեպի Հայաստան արտարժութային հոսքերը նվազեցին։ Խոսքն առաջին հերթին վերաբերում է նույն տրանսֆերտներին։

Մեր հազարավոր հայրենակիցներ, մեկնելով արտագնա աշխատանքի, ստանում էին դրամական միջոցներ, որոնք այս ամիսներին բերում ու փոխանակելով դրամի՝ օգտագործում էին մեր երկրում։ 

Մոտավորապես 100 հազարից ավելի մարդ այս տարի չի մեկնել միայն Ռուսաստան՝ սեզոնային աշխատանքի։ Նրանցից կարելի էր ակնկալել 350-400 մլն դոլարի մուտք մեր երկիր։ Այս թվերը, որոնք մենք չունենք, օբյեկտիվ պատճառներ ունեն՝ Covid-ով են պայմանավորված։

Այսինքն՝ հիմնական երկու պատճառ՝ օբյեկտիվ և սուբյեկտիվ։ Օբյեկտիվն այն է, որ քիչ գումար է մտնում հանրապետություն, սուբյեկտիվը՝ խուճապային իրավիճակը։

Ինչ վերաբերում է հարցին, թե ինչքան կտևի այս իրավիճակը, իրականում կախված է տարբեր զարգացումներից։ Ըստ էության, Կենտրոնական բանկը՝ որպես կարգավորող մարմին, բավական կամք է դրսևորում, որ ինտերվենցիայի միջոցով շուկայում իրավիճակը կառավարելի միջակայքում պահի։

Այսինքն՝ կառավարելի պահելու հնարավորությունը կա՞։

 -Իրականում կա՞ այդ հնարավորությունը, թե՞ ոչ, կախված է նրանից, թե ինչ զարգացումներ կլինեն։

– Ընդդիմախոսներն ասում են, որ միջազգային պահուստները սպառված են։

– Ո՛չ, այդ պնդումներն իրականությանը չեն համապատասխանում։ Վերջին ամիսների ընթացքում, բնականաբար, մեր միջազգային պահուստները որոշակիորեն կրճատվել են, բայց 2,2 մլրդ դոլարի չափով կան։ 

Բնականաբար, օգոստոսի համեմատ այդ թիվը որոշակի նվազել է, որովհետև սեպտեմբերին մենք ունեինք եվրոբոնդերի մարման գծով անհրաժեշտություն, և ԿԲ միջազգային պահուստները կրճատվել են։ 

Այսինքն՝ ես չեմ կիսում ապոկալիպսիկ պնդումները։ Այո՛, երկրում դրամի արժեզրկման ճնշում կա, բայց, կարծում եմ, դա կառավարելի միջակայքում է գտնվում։ Եվ ԿԲ-ն այդ հարցը հնարավորինս օպտիմալ կլուծի։

Արդեն նկատվում է որոշ ապրանքների գնաճ, մյուս կողմից՝ մարդկանց եկամուտները հետպատերազմյան շրջանում նվազել են։ Սոցիալական լարվածություն սպասվո՞ւմ է։

– Ես ավելի շուտ հիմնական ռիսկերը տեսնում եմ ոչ թե գնաճի հետ կապված, այլ՝ եկամուտների կրճատման։ Եթե նույնիսկ դրամի արժեզրկումը 10 տոկոս էլ կազմի, իսկ ներկայումս 5-6 տոկոս է, չեմ կարող ասել, որ սոցիալական վիճակը ծայրահեղ կլինի։ 

Բայց, բնականաբար, որոշակի բացասական միտումներ տեսնում եմ։ Հնարավոր է նաև այդ բացասական միտումների որոշակի խորացում լինի։ Կլինեն որոշակի ապրանքներ, որոնք կթանկանան, հնարավոր է՝ դրա հետ կապված նույնիսկ գազի ու էլեկտրաէներգիայի սակագնի փոփոխություն լինի, որովհետև մենք գազը ներմուծում ենք, և սակագնի հաշվարկի հիմքում ընկած է փոխարժեքը։

Բայց ասել, որ կլինեն սով, աղքատության մակարդակի կտրուկ ավելացում, այսպիսի զարգացումներ գոնե առաջիկա 6 ամիսների ընթացքում չեմ տեսնում։

Ռոզա Հովհաննիսյան

MediaLab.am