«Ցանկացած մեղավոր, նույնիսկ ամենամեղավոր մարդը կարող է մտնել եկեղեցի և այնտեղ լսելի լինել»․ Վարդան Հարությունյան

Հեղինակ MediaLab

«Մեդիալաբի» հարցերին պատասխանել է իրավապաշտպան Վարդան Հարությունյանը

Պարո՛ն Հարությունյան, վարչապետ Նիկոլ Փաշինյանը Եռաբլուր երթ, Սյունիքի մարզ այց կատարեց՝ կարծես փորձելով ցույց տալ, որ իրեն սատարողներ կան։ Սյունիքում անգամ խոսեց այն մասին, որ իրեն սատարողները շատ են, և ընդդիմախոսները վախենում են դրանից, այդ պատճառով են փակել Գորիսի ճանապարհը։ Ի՞նչ է փորձում նա ցույց տալ սրանով։

– Ես կարծում եմ, որ այս փուլում իշխանությունը լուծելիք շատ լուրջ խնդիրներ ունի։ Խնդիրներ, որոնք ծառացած են Հայաստանի առջև, որոնք լուծել իրենք ունակ չեն, այդ պատճառով էլ տարատեսակ խնդիրներ են իրենց առջև դնում և փորձում են լուծել, ինչը իմաստազուրկ է։

Այսօր մենք ծանրագույն խնդիրներ ունենք արտաքին ճակատում։ Մեզ պետք է մարդ, որը կկարողանա բանակցել, մեզ պետք է մարդ, որը կկարողանա Հայաստանի շահը ներկայացնել Ադրբեջանի, Թուրքիայի և տարածաշրջանի մյուս խաղացողների հետ հարաբերություններում։

Մի բան, ինչն անել չի կարող այս իշխանությունը։ Իսկ մնացած բոլոր քայլերն այնքան մանր են ու ճղճիմ, որ դրանց անդրադառնալ ես չէի ցանկա։

Նա հրաժարական չի ներկայացնում՝ պատճառաբանելով, թե հանրային պահանջ չկա։

– Չգիտեմ, թե ինչից պետք է հետևեր հանրային պահանջ լինել-չլինելը։ Ես մի բան գիտեմ, որ ձախողված պետական գործիչները հեռանում են՝ հանգիստ, առանց դիմադրելու։

Հատկապես, եթե այս կարգի ձախողումներ են լինում, նրանք հեռանում են՝ ճանապարհ հարթելով մարդկանց համար, որոնք կարող են անել այն, ինչի մասին ես արդեն ասացի՝ պաշտպանել Հայաստանի շահը և ներկայացնել Հայաստանը արտաքին ճակատում։ Սա շատ կարևոր է, և, իմ կարծիքով, ավելի կարևոր բան այսօր չկա։

Մնացած ամեն ինչը, թե ով կլինի իշխանություն, կլինի, թե չի լինի իշխանություն, կարևոր չէ, մեզ այսօր բանակցող է պետք ։ Եվ բանակցություններին ոչ ունակ իշխանությունն ու իշխանավորը պետք է առաջին հերթին հենց ինքը փնտրեր ու գտներ մարդ, որը կարող է Հայաստանը ներկայացնել, ճանապարհ տար այդ մարդուն, աջակցեր, իսկ ինքը հանգիստ հեռանար՝ չխանգարելով։

– Իսկ մարդիկ ինչո՞ւ չեն ընդվզում այս իրավիճակում, անտարբե՞ր են, թե՞ այլ խնդիր կա։

– Մարդիկ անտարբեր չեն, մարդիկ շատ ավելի իմաստուն ու խորն են, քան առաջին հայացքից թվում է։ Ընդվզումը, բախումները, նույնիսկ անհնազանդությունները Հայաստանին կարող են շատ ավելի մեծ վնաս հասցնել։

Մեզ պետք է խաղաղ անցում այս պահին, հակառակ դեպքում մեր պարտությունը կկրկնապատկվի, կքառապատկվի։ Սա է պատճառը։ Մարդիկ իրենց էությամբ շատ ավելի իմաստուն են, քան մեզ թվում է առաջին հայացքից։

– Բախումների հավանականություն կա՞ Հայաստանում։

– Այն, ինչ տեղի է ունենում, արդեն խոցում է մեզ։ Իսկ եթե հանկարծ բախումներ լինեն, ես չգիտեմ։ Բոլոր դեպքերում ես իմ հույսը չեմ կորցնում, որ իմաստությունը կամ խելքը հաղթող դուրս կգա։

Սյունիքի մարզում Սիսիանի եկեղեցու հոգևորականը ցուցադրաբար չբարևեց եկեղեցի մուտք գործած վարչապետին։ Վերջին շրջանում կարծես միտում է նկատվում, որ Եկեղեցին քաղաքական հարցերի՞ն է խառնվում։

– Եկեղեցին այն վայրն է, որտեղ մուտք գործելու իրավունք ունեն բոլորը, հատկապես մեղավորները։ Եվ հոգևորականի գործն է բոլորի առաջ եկեղեցու դուռը բաց պահել։

Մնացածն արդեն քաղաքացու գործն էր։ Ես չեմ կարող դատապարտել հոգևորականին, չեմ կարող ասել՝ ինչու նա այդպես արեց, բայց, իմ պատկերացմամբ՝ եկեղեցին այն վայրն է, որտեղ յուրաքանչյուրը կարող է մուտք ունենալ և գրկաբաց ընդունվել։

Քանի որ Ամենայն Հայոց կաթողիկոսն էլ է պահանջել Փաշինյանի հրաժարականը, այդուհանդերձ, միտում կա՞, որ Եկեղեցին խառնվում է քաղաքական գործերին։

– Հիմա, թե ինչից ծնվեց դա, կամ ինչու այդպես եղավ, կամ ինչու այդպես կլինի վաղը, դա երկրորդական է։ Այդ հարցին թող հոգևորականները պատասխանեն։ Ես կարծում եմ, որ ցանկացած մեղավոր, նույնիսկ ամենամեղավոր մարդը կարող է մտնել եկեղեցի և այնտեղ լսելի լինել։

Ռոզա Հովհաննիսյան

MediaLab.am