«Արցախցին քարից հաց քամող է, նրան պետք է մի փոքր աջակցություն, ու ամեն տեղ էլ կծաղկեցնի»․ Նոր նախաձեռնություն՝ հաջակցություն տեղահանված կանանց

Արցախից տեղահանված կանանց աշխատանքային զբաղվածությունը խրախուսելու և այդ նպատակով նրանց աշխատանքային գործիքներ տրամադրելու համար Ընտանեկան խորհրդատվության կենտրոնը նախաձեռնություն է մեկնարկել։

Ֆեյսբուք սոցիալական ցանցում բացվել է դրամահավաքության էջ, որտեղ հավաքվում է գումար այդ իրերի ձեռքբերման համար։ Դրանք տարբեր մասնագիտական գործիքներ են՝ ուտեստներ և թխվածք պատրաստելու սարքեր՝ վառարան, հարիչ, կաղապարներ, վարսահարդարման գործիքներ և այլն:

Կենտրոնի հիմնադիր, մասնագիտությամբ սոցքաղաքագետ Անգելինա Ալեքսանյանը «Մեդիալաբին» ասում է, որ նման նախաձեռնություն սկսեցին, քանի որ կարևորում էին, որ Արցախից տեղահանված կանայք կարողանան աշխատանք ձեռք բերել, տնից աշխատել և սեփական եկամուտն ունենալ իրենց ապրուստը հոգալու համար՝ չսպասելով և կախում չունենալով որևէ մեկից։

«Ես բավականին լավ ուսումնասիրել եմ 90-ականներին՝ հետպատերազմյան շրջանում, ինչ բացթողումներ ենք ունեցել, ինչ չպետք է անեինք, որ մեր ազգաբնակչության մեկ երրորդն այսօր աղքատության շեմին հասած չլիներ, կան տարբեր մեխանիզմներ, որ չպետք է կրկնենք։

Հետպատերազմյան շրջանում կա բարեկեցության քաղաքականություն, որը պետք է մշակվի, իսկ եթե չենք մշակում և համակարգում, ապա զանազան նախաձեռնող խմբեր ուղղակի բարեգթությունից մղված ինչ-որ օգնություն են նախաձեռնում՝ միանվագ, ու մարդիկ անընդհատ տարատեսակ միանվագ օգնություն ստանալով՝ սովորում են ոչինչ չանելուն, չպայքարելուն:

Իսկ եթե մարդը զբաղվածություն չունի, չի աշխատում, մշտապես նայում է ինչ-որ մեկի օգնությանը, դա ամենավատ հոգեբանական վիճակն է, որ կարելի է պատկերացնել»,- ասում է նա։

Ալեքսանյանի խոսքով՝ կենտրոնի թիմով և ընկերներով ընտրել են մասնագիտություններ և համարժեք գործիքներ և որոշել հանգանակություն կազմակերպել, որպեսզի գումար հավաքվի այդ գործիքները գնելու և արցախցի կանանց տրամադրելու համար։

«Առաջինը ընտրեցինք հրուշակագործի, վարսահարդարի մասնագիտությունները, բայց մտածում ենք այլ մասնագիտությունների մասին նույնպես՝ կար ու ձև, խոհարար և այլն։ Գուգլ դոքով հայտադիմում կազմեցինք, տեղադրեցինք մեր էջում, ինչպես նաև համագործակցող այլ նախաձեռնությունների միջոցով տարածեցինք։ 

Հայտադիմումը շատ արագ տարածվեց, սկզբում մտածում էինք՝ աշխատանքային գործիքներով կապահովենք 10 կնոջ, բայց եթե դրամահավաքի ողջ գումարը հավաքվի, կկարողանանք 30 կնոջ օգնել։ Մեր թիմակիցներից մեկն էլ մշակել է նրանց համար այցեքարտեր, մտածում ենք նաև հետագայում նրանց մասին ռեպորտաժներ անել, լայնորեն գովազդել նրանց աշխատանքը»,- ներկայացնում է Ալեքսանյանը։

Նրա խոսքով՝ Արցախից տեղահանված անձանց շրջանում մեծ կարևորություն ունի  զբաղվածության ապահովումը, որը հնարավորություն կընձեռի նրանց ոչ միայն հաղթահարել սթրեսը, եկամուտ ստանալ և հոգալ ապրուստը, այլև կնվազեցնի արտագաղթի ռիսկը:

«Սա աջակցություն է, որ նրանք շարունակեն արարել, աշխատել, արցախցին քարից հաց քամող է, նրանց պետք է մի փոքր աջակցություն, որ իրենք շարունակեն ու ամեն տեղ էլ կծաղկեցնեն։ Ուղղակի պետք է արժանապատիվ օգնություն տրամադրվի»,- վստահ է Ալեքսանյանը։

3-4 օրվա ընթացքում դրամահավաքության համար նախատեսված էջում հավաքվել է 1300 դոլար, նախանշված գումարը 5000 դոլար է, որի շնորհիվ աշխատանքային գործիքներով կապահովվի 30 արցախցի կին։

Ալեքսանյանն ասում է, որ շահառուների մեջ կա մի կին, որը 14 տարի Հադրութում դպրոցի տնօրեն է աշխատել, բայց նաև լավ խմորեղեն է պատրաստում: «Նա նաև փորձ ունի այս ասպարեզում և ինքը պարապ չի նստել։ Անհամբեր սպասում է, որ այս երկու օրը իրեն հրավիրենք մեր գրասենյակ ու տանք համապատասխան գործիքներ՝ վառարանը, ֆորման, հարիչը՝ ամեն ինչ, որ անհրաժեշտ է աշխատելու համար»,- ընդգծում է Ալեքսանյանը։

Նրա խոսքով՝ դրամահավաքին միացողների արձագանքը դրական է, ակնկալվում է, որ դրամահավաքի ավարտին ավելի շատ մարդ կմիանա, հատկապես երբ տեսնեն արդյունքները։

Մինչև Ամանոր նախատեսվում է 7 անձի ապահովել աշխատանքի գործիքներով։

Ալեքսանյանն ընդգծում է, որ եթե պետական մակարդակով ևս նման նախաձեռնություններ լինեն, ապա սոցիալական մեծ խնդիրներ կլուծվեն:

«Էս պահին չեմ տեսնում, որ պետական մակարդակով նմանատիպ նախաձեռնություններ իրագործվեն, շատ գովելի կլինի, որ սա վերածվի պետական նախաձեռնության և ավելի մեծամասշտաբ լինի, որովհետև իրապես մեծ սոցիալական խնդիրներ կլուծի։ Երևի թե ինքնակազմակերպվենք, մինչև պարզ կլինի»,- նկատում է Ալեքսանյանը։

Արփինե Արզումանյան

MediaLab.am