«Տեռորիզմի վերադարձը հայկական քաղաքական դաշտ մեծագույն հարված է ազգային պետականությանը». Անդրիաս Ղուկասյան

«Տեռորիզմի վերադարձը հայկական քաղաքական դաշտ մեծագույն հարված է ազգային պետականությանը». Անդրիաս Ղուկասյան
«Տեռորիզմի վերադարձը հայկական քաղաքական դաշտ մեծագույն հարված է ազգային պետականությանը». Անդրիաս Ղուկասյան

2013 թվականին նախագահի թեկնածու Անդրիաս Ղուկասյանն ամփոփել է վերջին շաբաթվա զարգացումները, որն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորեւ: 

«Ամփոփելով վերջին շաբաթվա իրադարձությունները, կարեւորում եմ հետեւյալ փաստերը․

Արտաքին հարաբերությունների ոլորտում՝

– Հոկտեմբերի 10-ին ստորագրված ԵՏՄ-ին Հայաստանի միանալու պայմանագիրը չի հրապարակվել եւ ոչ մի քաղաքական ուժ կամ քաղաքացիական խումբ առայսօր չի պահանջել, որ այն հրապարակվի։

– Մինսկի խմբի համանախագահների կողմից Հայաստանին եւ Ադրբեջանին արվել է առաջարկ՝ փորձագետների ընդգրկմամբ սկսել կառուցվածքային բանակցություններ։ Ադրբեջանը տվել է իր համաձայնությունը։

– Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահը չմասնակցեց տարածաշրջանային այցին։

Եզրակացություն․ Հնարավոր է, որ ԵՏՄ-ին Հայաստանի միանալու պայմանագիրը պարունակում է Արցախին վերաբերվող դրույթ, որն էական ազդեցություն ունի կոնֆլիկտի կարգավորման բանակցությունների գործընթացի վրա։

Ներքին քաղաքական իրադարձություններում՝

– Վարդան Օսկանյանը, որը շրջաններում հավաքների ժամանակ ունեցել էր բազմաթիվ ելույթներ, հոկտեմբերի 10-ի հանրահավաքում ելույթ չունեցավ, իսկ Գագիկ Ծառուկյանը հայտարարեց, որ ելույթ կունենա հաջորդ հանրահավաքում։

– Հոկտեմբերի 13-ին, Առինջ գյուղում կատարվեց զինված հարձակում քաղաքացիների վրա, որի արդյունքում կատարվեց սպանություն։ Հանցագործները օգտագործել են «Կալաշնիկով» տիպի ավտոմատ։ Ոստիկանությունը առայսօր այդ սպանության վերաբերյալ որեւէ վարկած չի ներկայացրել։

– Հոկտեմբերի 15-ի «Ժողովուրդ» թերթի համարում հրապարակվել է տեղեկություն, որ Գագիկ Ծառուկյանը մասնավոր այցով, մի քանի օրով մեկնել է արտերկիր։ Նույն օրը top-news.am եւ zham.am կայքերում տեղադրվել է «Քոչարյանը եկել էր աշխատանքի » վերնագրով տեսագրությունը։

Եզրակացություն․ անկախ նրանից, ինչ կբացահայտի ոստիկանությունը Առինջ գյուղում տեղի ունեցած սպանության վերաբերյալ, այդ ոճրագործությունը կարելի է դիտարկել որպես սպառնալիք Գագիկ Ծառուկյանին։ Այդ դեպքում պարզ է, թե ինչու է Ծառուկյանը «մասնավոր այցով մեկնել արտերկիր»։ Հասկանալի է նաեւ, թե ինչու քոչարյանական կայքերը հրապարակեցին տեսագրություն, որը պետք է մատնանշի, որ Քոչարյանը «վերսկսել է իր աշխատանքը»։

Այս ամենը չի կարող չմտահոգել։ Տեռորիզմի վերադարձը հայկական քաղաքական դաշտ մեծագույն հարված է ազգային պետականությանը։ Իրադարձությունների նման զարգացումից տուժելու են քաղաքական գործընթացների բոլոր մասնակիցները եւ ամբողջ հասարակությունը»։

© Medialab.am