Սա մոտավորապես այն է, որ բռնապետը խոսի ժողովրդավարության մասին․ Աննա Կոստանյանը՝ էթիկայի հանձնաժողովի մասին

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է ԱԺ նախկին պատգամավոր, «ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորման վարչության անդամ Աննա Կոստանյանը 

– Խորհրդարանն այսօր 92 կողմ ձայներով ընդունեց էթիկայի ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին նախագիծը: Հանձնաժողովը ղեկավարելու է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը ռոտացիոն կարգով: Վեց ամիս հետո նախագահությունն անցնելու է ընդդիմադիր խմբակցության, հանձնաժողովի անդամների ընդհանուր թիվը տասն է՝ 5-ը ՔՊ-ից, 5-ը՝ ընդդիմությունից: Տիկի՛ն Կոստանյան, հանձնաժողովի արդյունավետ աշխատանքի հավանականությունը որքա՞ն եք գնահատում:

– Սա մոտավորապես այն է, որ բռնապետը խոսի ժողովրդավարության մասին: Ես չեմ կարծում, թե կարող են ունենալ մեծ կամք, որ կարողանան իրենց իսկ վարքագիծը քննել: Բացի այս՝ ակնհայտ է, որ հանձնաժողովի մեծ մասը իշխանականներն են ու դժվար թե քննեն իրենց գործընկերների ոչ հարիր վարքագիծը: Ոչ վաղ անցյալում Ալեն Սիմոնյանի, Անդրանիկ Քոչարյանի ու մի քանի ՔՊ-ականի վարքը քննելու նպատակով առաջարկվեց ստեղծել էթիկայի ժամանակավոր հանձնաժողով, բայց իշխանականները դրա անհրաժեշտությունը չտեսան, ու այդ հանձնաժողովը չստեղծվեց: 

Նախորդ գումարման խորհրդարանում այս դեպքերից ելնելով՝ չեմ կարող լիահույս լինել, որ այս հանձնաժողովը արդյունավետ աշխատանք կտանի: Ուղղակի գործելու է ևս մեկ հանձնաժողով, բյուջեից ստանալու է գումարներ, ինչ-որ հարցեր կքննեն, ժամանակ կծախսեն, բայց դա արդյունք չի ունենալու: 

Սա ուղղակի ցուցադրական քայլ է, թե տեսեք, մենք կարևորում ենք կառուցողական աշխատանքը, քաղաքական մշակույթն ենք ուզում փոխել, բայց այս մարդիկ այդ որակների ու արժեքների կրողը չեն, հետևաբար չեն կարող փոխել իրենց իսկ ներդրած քաղաքական մշակույթը, որին ականատես ենք արդեն հինգ տարի: 

– Նոր կազմով խորհրդարանի աշխատանքներից ի՞նչ տպավորություն ունեք:

– Նիկոլ Փաշինյանը դեռ հունիսի 7-ի լույս 8-ի գիշերը ապալեգիտիմացրեց ու բնում խեղդեց այս խորհրդարանի դերակատարությունը, երբ ԿԸՀ-ից շուտ հայտարարեց, թե իրենք մեծ թվով ձայներ են ստացել: Անձնապես կարծում էի, որ ընդդիմությունը չպետք է մանդատները վերցներ, բայց հիմա արդեն երբ խորհրդարանում են, պետք է բոլոր լծակներն օգտագործեն հանրային ու ազգային կարևորության հարցերը ակտուալ պահելու համար: 

Այդ շարքում առաջնահերթ է քաղբանտարկյալների հարցը, կկարողանա՞ն, թե՞ չէ, դեռ վաղ է ասել, բայց առաջին օրերի իրենց աշխատանքով հույս չեն ներշնչել, իրենց կողմից բարձրաձայնվող հարցերը չեն հուշում, որ այս մարդիկ ամենայն լրջությամբ ընկալում են, թե ինչի մեջ են մտել: 

– Տիկի՛ն Կոստանյան, նախորդ գումարման ԱԺ-ում հաճախ էին լարված իրավիճակներ, փոխադարձ վիրավորանքներ ու նույնիսկ ծեծկռտուք արձանագրվում։ Նոր խորհրդարանում նման զարգացումների հավանականություն տեսնո՞ւմ եք։

– Միանշանակ լինելու են, որովհետև այդ մարդիկ, որ ճամարտակում են բարձր արժեքների մասին, դրանց կրողը չեն ու չեն կարող երկար զսպել միմյանց հանդեպ այդ միջանձնային ատելությունը, քաղաքական փոխադարձ մեղադրանքները: Առանց նմանատիպ դիսկուրսի իշխանությունը չի կարող գոյատևել: 

Այդ ամենում ընդդիմության մեղքի բաժինն այնքանով է, որ իրենք ո՛չ լռելու, ո՛չ պատասխանելու դեպքում չեն կարող զերծ մնալ հանրային քննադատությունից, էլ չասեմ՝ իշխանականների քննադատությունը, նրանց կորակեն անատամ, եթե չպատասխանեն այդ մեղադրանքներին կամ վիրավորանքներին: 

Անձամբ ես կարծում եմ, որ չպետք է իջնել պարտադրվող այդ մակարդակին, որովհետև դրանից միայն իշխանությունն է շահում: Ընդդիմությունը պետք է հստակ հաշվարկի ու որոշի՝ մտնե՞լ այդ դիսկուրսի մեջ ու սպասարկել ՔՊ-ի օրակարգը, թե՞ չէ:

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am