«Աստծո հրաշք էր, որ էս տարիքում երեխա ունեցանք»․ երկու որդուն պատերազմում կորցրած մայրն ասում է՝ վիրահատության ժամանակ որդիների ուժն է զգացել

Պատերազմում երկու որդուն կորցնելուց հետո օրեր առաջ մայրացած 49-ամյա Արև Միքայելյանը հուզմունքով ասում է, որ դաժան ցավի մեջ տղայի ծնունդը իրական հրաշք է։

«Աստծո հրաշք էր, որ էս տարիքում երեխա ունեցանք, Արենը մեզ ապրելու հույս ու լույս տվեց»,- հուզմունքով ասում է 49-ամյա կինը։

Արևիկին կրկին մայրանալու հարցում օգնել է «Մարդու պտղաբերության կենտրոնը»։

Արեն Գևորգյանը ծնվել է հունիսի 28-ին՝ 3 կգ 300 գրամ քաշով և 50 սմ հասակով։

Մայրն ասում է՝ թեպետ  նախածննդյան շրջանում տարիքի պատճառով դժվարություններ եղան, սակայն վիրահատությունը հաջող է անցել, ինքն էլ, երեխան էլ լավ են զգում։

«Բժշկին ասեցի՝ շա՞տ կա, որ վերջացնեք, կատակով ասեց՝ չեմ էլ սկսել, տիկի՛ն Արևիկ, ու էդ պահին երեխու ձենը բարձր եկավ, ու անկախ ինձնից սկսեցի լացել։

Ամբողջ կեսարյանի ընթացքում տղաներիցս Գևորի անունն եմ տվել ու չեմ զգացել ոչ մի բան, չեմ էլ մտածել, որ վիրահատում են։ Ամբողջ ժամանակ Գևորիս անունը տվեցի, բայց հենց երեխեն ծնվեց, ասեցի՝ Կարս ծնվեց (մյուս զոհված որդու անունն է.- խմբ․)։ Տղերքս վիրահատության ամբողջ ժամանակ իմ կողքին են եղել, իրենք են ինձ ուժ տվել»,- պատմում է ու հուզվում Արև Միքայելյանը։

Գևորգյանները իրենց երկու որդիներին՝ 22-ամյա Կարենին և 25-ամյա Գևորգին կորցրել են պատերազմի ժամանակ։ Երկու եղբայրների մարմինները գտնվել են Շուշիում՝ իրար կողք կողքի՝ ձեռքերը բռնած։

Որդիներին կորցնելուց հետո նորից որդի ունենալը Գևորգյանների ընտանիքում ապրելու հույս է տվել։ Արևն ասում է՝ նոր ծնված փոքրիկով որդիների կարոտն են նաև առնում։

«Ամեն անգամ գրկելուց պաչելուց մեկ Գևոր եմ ասում, մեկ՝ Կարեն, մեկ՝ Արեն։ Ոնց որ երեքը մեկում սիրում ենք Արենին»։

Ծնողները որդուն Արեն անվանակոչել դեռ հղիության ամենասկզբում են որոշել՝ կատարելով ավագ որդու՝ Գևորգի երազանքը։ 

«Երբ Գևորգիս աղջիկը՝ Արևիկս, ծնվեց, Գևորգս ասեց՝ մա՛մ, տղա ունենամ, Արեն անունը շատ եմ սիրում, անունը Արեն եմ դնելու: Պատերազմը տենց եղավ, երեխիս երազանքը մնաց կիսատ։ Հետո, որ իմացա հղի էի, ասեցի՝ կդնեմ Կարեն, Գևիցս Արևիկ ունեմ, Կարենիցս ոչ մի բան չկա, ամուսինս ասեց՝ չէ, կունենանք երեք տղա՝ Գևորգ, Կարեն, Արեն, Գևորգի սիրած անունը կդնենք»։

Մայրն ասում է՝ դեռևս անսովոր է նոր իրականությունը, երբեմն հավատն էլ չի գալիս, որ որդի է ունեցել, սակայն Արենի շնորհիվ կարողացել են առաջ գնալու ուժ ձեռք բերել․

«Հլը հունի մեջ չեմ մտել, մի քիչ վախենալով, մի քիչ դողդողալով, անսովոր զգացողություն ա, պահի տակ գիտակցության եմ գալիս՝ արդյո՞ք էս տարիքին, էս երեխեն, ոնց որ անիրական թվա, իրոք հրաշք էր ծնունդը։

Մինչև մահ ու գերեզման էդ դաժան ցավը մեզ կկրծի, բայց հույս ունենք՝ Արենի օգնությամբ ոտքի կկանգնենք, կապրենք Արենի օգնությամբ։ Գևորգիս աղջկանով՝ Արևիկով, ապրել եմ մինչև հիմա, հիմա էլ Արևիկն ու Արենը ուս ուսի ուժ կտան մեզ, որ ապրենք»,- ասում է մայրը։

Արփինե Արզումանյան

MediaLab.am