«Կալանքի և կոռուպցիոն գործերով նոր դատավորները չեն ընտրվելու քաղաքական նախապատվություններով կամ քաղաքական հայացքներով»․ Գրիգոր Բեքմեզյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է Բարձրագույն դատական խորհրդի անդամ Գրիգոր Բեքմեզյանը

Պարո՛ն Բեքմեզյան, դատական բարեփոխումների շրջանակներում ներդրվում է մինչդատական վարույթների նկատմամբ դատական վերահսկողություն իրականացնող մասնագիտացված դատավորների ինստիտուտ։

Նաև կոռուպցիոն հանցագործությունների քննություն իրականացնող դատավորների մասնագիտացում պետք է լինի։ Այս փոփոխությունները ի՞նչ կարող են փոխել ընդհանուր դատական համակարգում։

– Գաղափարը հետաքրքիր է։ Եթե դատավորների թվի ավելացում է իրականացվում, ապա հույս ունենանք, որ կարող է նաև արդյունքում այնպես լինել, որ դատավորների ծանրաբեռնվածությունը նվազի։

Այսինքն՝ ավելի արդյունավետ կլինի դատավորների աշխատանքը։ Այստեղ տեխնիկական խնդիրներ կան՝ իրականացման հետ կապված, նկատի ունեմ տարածքային պայմաններ՝ լրացուցիչ դատավորներին տեղավորելու համար։ Բայց կառավարության հետ համատեղ այդ բոլոր հարցերը պետք է լուծվեն։

Ես հույս ունեմ, որ դա կունենա միայն դրական ազդեցություն, քանի որ Բարձրագույն դատական խորհուրդն է ընտրելու այդ նշանակման ենթակա դատավորներին։

Վստահ եմ, որ մենք ամենայն օբյեկտիվությամբ պետք է ընտրենք լավագույն հնարավոր մասնագետներին։ Հույս ունեմ, որ նոր փոփոխության արդյունքում մասնագիտացված դատավորները նորմալ կաշխատեն։

Ներդրվում է մինչդատական վարույթների, այսինքն՝ կալանքի, խուզարկության նկատմամբ դատական վերահսկողություն իրականացնող մասնագիտացված դատավորների ինստիտուտ։ Այսինքն՝ կալանքի փուլի համար հատուկ դատավորներ ունենալու հիմնավորումը ո՞րն է։

Եթե դա կնպաստի, որ դատավորների ծանրաբեռնվածությունը կնվազի, այսինքն՝ դատավորները կոնկրետ կզբաղվեն կալանքի հարցերով, օպերատիվ-հետախուզական միջոցառումների թույլտվությունների հարցերով, իսկ մյուս դատավորներն ավելի շատ կենտրոնացած կլինեն իրենց հիմնական գործերով, որոնք իրենց վարույթում են… միգուցե կարող է նպաստել, չեմ ուզում հապճեպ ենթադրություններ անել։

Այս հարցը տալիս եմ, որովհետև վերջին շրջանում մեծ հնչեղություն ունեցող գործերով, որոնք առնչվում են քաղաքական գործիչներին, դատավորները խուսափում էին կալանքի որոշումներ կայացնելուց։ Գուցե նման փոփոխություններով նպատակ կա հատուկ հսկե՞լ նմանօրինակ գործերը։

– Ես չեմ ուզում դրան անդրադառնալ, որովհետև իրավունք էլ չունեմ։ Դատավորների գործունեությանը գնահատական տալու իրավունք ես չունեմ, մանավանդ որ, այդ գործերին մանրամասն տեղյակ չեմ։

Եթե այս փոփոխությունները դրան են միտված, ապա ենթադրվում է, որ փոփոխություն իրականացնողը պետք է նաև ասի՝ «այս մարդիկ պետք է լինեն դատավոր, որոնք պետք է քննեն այս գործերը»։

Բայց այդպես չէ, ԲԴԽ-ն է ընտրելու այդ դատավորներին և ներկայացնելու նախագահին, որպեսզի նշանակվեն։ Եվ ես վստահ եմ, որ մենք չենք ընտրելու քաղաքական նախապատվություններով կամ դատավորների հայացքներով։ Մենք ընտրելու ենք այն մարդկանց, որոնք մասնագետ են։

Եվ անաչառությունը մեզ հույս կտա, որ նրանք օբյեկտիվ են աշխատելու։ Այսինքն՝ զուտ ԲԴԽ տեսանկյունից մենք ընտրությունը կատարելու ենք օրենքով նախատեսված չափանիշների շրջանակներում։

Եթե անդրադառնանք կոռուպցիոն գործերով դատավորներին, արդյոք մասնագիտացում ունեցող դատավորների բացակայությո՞ւնն է խնդիրը, որ հեղափոխությունից հետո կոռուպցիոն գործերով դատավարությունների ակտիվություն չկա։

– Ես չեմ կարող դրան գնահատական տալ, որովհետև դատավարությունները դատավորների իրավասության շրջանակներում են։ Եթե ակնհայտ է, որ գործերն արհեստական են դանդաղում կամ ձգձգվում, ապա կողմերը, որոնք շահագրգիռ են, իրավունք ունեն դիմելու վարույթ հարուցող մարմիններին, և վարույթ հարուցվի։

Այսինքն՝ ամեն դեպքում վերահսկողության մեխանիզմները կան դատավորների գործունեության նկատմամբ։ Քանի դեռ նման բան չի եղել, ես որևէ գնահատական չունեմ տալու։

Միգուցե մասնագիտացված դատավորների առկայությունը կարող է նպաստել, որ կոնկրետ գործերով ավելի մասնագիտացված քննություն լինի։

Եվ հանրության տեսանկյունից եթե նայենք, ապա հանրության մոտ միգուցե ավելի վստահություն կլինի այդ դատավորների կայացրած դատական ակտի նկատմամբ, որովհետև դատավորին չեն կապի նախկինների կամ ներկաների հետ։ Միգուցե, ես ենթադրում եմ, որ այդ գաղափարն է դրվել այդ փոփոխության հիմքում։

Ռոզա Հովհաննիսյան

MediaLab.am