Դեսպանի պաշտոնը` վճարման միջոց . Ինչու են Հայաստանում նախկիններին արտասահման ուղարկում

Դեսպանի պաշտոնը` վճարման միջոց . Ինչու են Հայաստանում նախկիններին արտասահման ուղարկում
Դեսպանի պաշտոնը` վճարման միջոց . Ինչու են Հայաստանում նախկիններին արտասահման ուղարկում

Ադրբեջանի զինուժի կողմից 2014 թվականի նոյեմբերի 12-ին ղարաբաղաադրբեջանական սահմանագծին ԼՂՀ ՊԲ  Մի-24 ուղղաթիռի խոցումից հետո Հայաստանի արտգործնախարարության հնարավորությունների ու թույլ դիվանագիտության խնդիրը նորից հանրային քննարկաման թեմա դարձավ: Կարծիքներ հնչեցին , թե Հայաստանի արտգործնախարարությունը անգործունակ հիմնարկության է վերածվել, որն ի զորու չէ տարբեր իրավիճակներում օպերատիվ ու պատշաճ գործողությունների անցնել` օգտագործելով դիվանագիտական կորպուսի հնարավորությունները:

Դիվանագիտական աշխատանքի հարուստ փորձ ունեցող «Մոդուս Վիվենդի» վերլուծական կենտրոնի ղեկավար  Արա Պապյանի կարծիքով ստեղծված իրավիճակի պատճառը նաեւ վերջին տարիներին ոլորտում ոչ նպաստավոր կադրային մոտեցումներն են:

Պապյանը նշում է, որ  Հայաստանում դիվանագիտական ծառայության նշանակելու որեւէ չափանիշ չկա, նշանակումներում միակ չափանիշը սովետականն է, այսինքն, եթե կա մի պաշտոնյա, որին գործից հեռացրել են, «նրան անպայման ինչ-որ տեղ պետք է նշանակենք» տարբերակն է գործում:

«Մենք տեսանք վերջին նշանակումները` նախկին նախարար, նախկին վարչապետ, գործող բիզնեսմեններ»,-«Մեդիալաբին» ասում է Արա Պապյանը եւ հավելում, որ ի տարբերություն ԽՍՀՄ-ի, Հայաստանի Հանրապետության դեսպանատները շատ փոքր են, հետեւաբար հենց իրենք` դեսպանները պետք է ակտիվ աշխատեն:

«Սովետական դեսպանատները շատ մեծ էին` մի քանի հարյուրից մինչեւ մի քանի հազար դիվանագետներով եւ այլ աշխատակիցներով: Դեսպանի պարտականությունն էր կազմակերպել նրանց աշխատանքը: Մեզ մոտ երկու-երեք աշխատակից է, ինչը նշանակում է, որ դեսպանն  ինքը պետք է լինի աշխատող դիվանագետ, նա պետք է տիրապետի երկրին, տիրապետի լեզվին, անձնական ուղղակի շփումներ ունենա, որը չպետք է անի  թարգմանչի միջոցով: Ցավոք, վերջին նշանակումները անհասկանալի են եւ դրանում որեւէ տրամաբանություն դժվար է գտնել»:

Ըստ վերլուծաբանի, այսօր դեսպանի պաշտոնը Հայաստանում դարձել է նախկին ծառայությունների համար վճարման միջոց:

Հիշեցնենք, պաշտոնից հեռանալուց որոշ ժամանակ անց ՀՀ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանին Սերժ Սարգսյանը նշանակեց  Ամերիկայի Միացյալ Նահանգներում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Վաշինգտոն)։ Նկատենք որ, Հայաստանի տնտեսական աննհաջողություններից բացի Տիգրան Սարգսյանի անունը կապվում է օֆշորային հայտնի սկանդալի հետ: Հայաստանի նախկին վարչապետը  մասնագիտությամբ տնտեսագետ է, տնտեսագիտական գիտությունների թեկնածու։

Սերժ Սարգսյանի մեկ այլ հրամանագրով սպորտի եւ երիտասարդության հարցերի նախկին նախարար, ծանրամարտիկ Յուրի Վարդանյանն էլ նշանակվեց Վրաստանում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան: Յուրի Վարդանյանը ծանրամարտի բազմակի չեմպիոն է:  Իր մարզական կարիերայի ընթացքում սահմանել է 43 աշխարհի ռեկորդ, տարբեր մրցումներում նվաճել է 111 ոսկե մեդալ: 9 անգամ արժանացել է ծանրամարտի աշխարհի, 8 անգամ Եվրոպայի չեմպիոնի տիտղոսին: Սակայն դիվանագիտության հետ Վարդանյանը որեւէ առնչություն չունի: 

Նշենք, որ Վրաստանի հետ հարաբերությունները ռազմավարական նշանակություն ունեն շրջափակման մեջ գտնվող Հայաստանի համար:  Վրաստանով է անցնում ԵՏՄ անդամակցող Հայաստանը Ռուսաստանին կապող միակ ցամաքային ուղին:  Եվ, փաստորեն, նման պատասխանատու պաշտոնին նշանակվել է մի մարդ,  որը ոչ միայն հեռու է դիվանագիտությունից, այլեւ  հասցրել է վաստակել վատ հեղինակություն: Յուրի Վարդանյանի անունը եւս զերծ չէ աղմկահարույց պատմություններից:

Նրա որդին` Դավիթ Վարդանյանը, Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի  կողմից 4,5 տարվա ազատազրկման դատապարտվեց Իրանում խոշոր չափերի` ընդհանուր 106 գրամ կշռով հաշիշ տեսակի թմրամիջոց ձեռք բերելու եւ մաքսանենգ ճանապարհով ապօրինի Հայաստան տեղափոխելու համար:

«Հայաստանում դա վճարման միջոց է դարձել, ոչ թե պարտականություն- ծառայություն է, այն էլ` բարձր պարտականություն եւ խիստ պատասխանատու ծառայություն: Այնպես, ինչպես մեզ մոտ զանազան մարդկանց նշանակում են նախարարներ ու մարզպետներ, թվում է, թե դրսում էլ  պետք է այդպես անեն: Գիտեք, ներսում ուրիշ է, երբ դու ինչ-որ հանցագործի նշանակում ես մարզպետ, ի վերջո, քո ժողովուրդը գիտի, որ նա հանցագործ է, դա նրա համար նորություն չէ, կամ նախարար են նշանակում որեւէ մեկին, որի վրա բոլորը ծիծաղում են, այլ հարց է, երբ նշանակում են մեկին, որի վրա սկսում են դիվանագիտական կորպուսում ծիծաղել»-ասում է Արա Պապյանը:

Ըստ Պապյանի, Հայաստանում մի ցավալի երեւույթ է նկատվում` այս կամ այն պատվիրակությունները արտասահմանյան ուղեւորություններից ու հանդիպումներից հետո Հայաստան են գալիս եւ իրենք իրենց իսկ պատվիրակության այցը գովաբանում:

«Իրականում, երբ խոսում եք  այն մարդկանց հետ, ովքեր ներսում են եղել` օտարազգի կամ հայ, սարսափած պատմում են, որ հազիվ կարողացան վերացնել այդ այցերի վնասները, որովհետեւ ուղղակի խայտառակ են անում իրենց վարքագծով, անհեթեթ մտքերով»,-«Մեդիալաբին» ասում է Արա Պապյանը ու հավելում, – սա, եթե նախկինում բացառություն էր, այժմ, ցավոք, համատարած բնույթ է կրում»:

Յուրի Վարդանյանի «դիվանագիտական ֆուրորներից» մեկի մասին հիշատակումներ եղան այս տարվա սեպտեմբերին: Հայաստանի համար ռազամավարական մեծ նշանակություն ունեցող Վրաստանում ՀՀ նորանշանակ դեսպանը Վրաստանի արտգործնախարար Մայա Փանջիկիձեի հետ առաջին հանդիպման ժամանակ նրան էր նվիրել ոչ ավել ոչ պակաս է իր նկարը` լեգենդար կարմիր կիսավարտիքով՝ ծանրաձողը բարձրացնելիս: Հրապարակումների վերաբերյալ ԱԳՆ կողմից որեւէ պաշտոնական հերքում կամ պարզաբանում չեղավ:

Արա Պապյանն ասում է, որ նման նշանակումները ոչ միայն դիվանագիտական աշխատանքի որակի այլեւ  երկրի վարկի ու հեղինակության վրա են ազդում:

«Սա շատ ցավալի է, որովհետեւ հատկապես դեսպանները երկիր են ներկայացնում: Եթե դուք ունեք դեսպան, որն անգրագետ է, դուք չեք կարող մարդկանց համոզել, որ Ձեր երկրում  շատ  խելոք մարդիկ էլ կան, որովհետեւ դրսում մտածում են հետեւյալ կերպ` եթե այս մարդուն են նշանակել, ուրեմն  նա լավերից է, բայց եթե նա լավերից մեկն է, ուրեմն , պատկերցնենք, թե վատերն ինչ են»,-շարունակում է Արա Պապյանը:

Ըստ վերլուծաբանի, այս խնդիրը համակարգային բնույթ է կրում: Արտգործնախարարությունը, Արա Պապյանի խոսքով, բավականին երկար ժամանակ կարողացավ դիմակայել այս երեւույթին եւ  սկսեց փչանալ հատկապես վերջին տարիներին, այն դեպքում, երբ մյուս նախարարությունները վաղուց էին այդ ուղին բռնել:

ԱԳՆ-ում, Պապյանի խոսքով, բավականին կայացած ու պրոֆեսիոնալ միջին օղակ կա, որն իր վրա է կրում ողջ ծանրությունը, բայց դեսպանների այսպիսի նշանակումները կազմալուծում ու բարոյալքում են այդ կառույցը, որովհետու այն դիվանագետները, որոնք տասնհինգ-քսան տարի աշխատել են, եւ կրթությամբ եւ փորձով, արժանի են դեսպան լինելու, չեն նշանակվում:

«Հետո էլ ասում են, թե մեր դիվանագետները մնում են դրսում, բա ի՞նչ անեն, երբ իրենց աշխատանքը  չի գնահատվում, չէ՞ որ իրենք պրոֆեսիոնալներ են եւ ուզում են որպես պրոֆեսիոնալներ ինքնադրսեւորվել, սակայն այդ հնարավորությունը նրանց չի տրվում: Վստահեցնում եմ Ձեզ, իրենք շփվելով նման ղեկավարության հետ, շատ են հիասթափվում են: Ես վստահ եմ, որ այս նշանակումները հերթական հիասթափությունն են բերելու»,-ասում է Արա Պապյանը:

Էմմա Քալաշյան

© Medialab.am