Made in Kurtan. Վառ գույների ձմեռային բաճկոնների արտադրություն, գաղափար, որը ծագեց Արցախից եկած ընտանիքներին օգնություն տրամադրելու ընթացքում

Վառ գույների բաճկոններ հագած կարմրահեր երեխաների լուսանկարները վաղ առավոտից համացանցում մեծ տարածում և հետաքրքրություն գտան՝ փոխանցելով դրական և ուրախ լիցքեր։

Երեխաները Լոռու մարզի Կուրթան գյուղից, նկարներում ցուցադրում են նույն գյուղում արտադրված ձմեռային տաք բաճկոնները, որոնք կարվում են համագյուղացիների շնորհիվ։

Made In Kurtan պիտակով բաճկոնների արտադրամասը ստեղծվել է Կուրթան գյուղում «Աստղիկ» բարեգործական հիմնադրամի (Little Star Charitable Fund) միջոցով։ Հիմնադրամի տնօրեն Մարիամ Անտոնյանը «Մեդիալաբին» ասում է, որ բաճկոնների արտադրամասը հիմնադրամի ծրագրերից է։ Բաճկոնների արտադրման գաղափարը ծագել է Արցախից եկած ընտանիքներին օգնություն տրամադրելու ընթացքում:

«Մեր հիմնադրամը զբաղվում է համայնքների զարգացման ծրագրերով, այսինքն՝ մեր խնդիրն է համայնքներում ստեղծել աշխատատեղեր կամ համայնքի բնակիչների համար տարբեր եկամտի աղբյուրներ։

Մեր ուսումնասիրությունները Կուրթանում ցույց տվեցին, որ մեծ ներուժ կա կարի արտադրություն ունենալու, այսինքն՝ կան մասնագետներ, ու էդպես որոշեցինք արտադրություն հիմնել։ 

Բաճկոնների արտադրությունը՝ այդ ուղղությունը պատահական ստացվեց․ արտադրամասը նոյեմբերին ենք բացել, որպես հիմնադրամ մեզ շատ էին դիմում արցախցի ընտանիքներ տաք բաճկոնների խնդրանքով, դեպի ձմեռ էր գնում, ու երեխաները խնդիր ունեին: Որոշեցինք արտադրամասի ներուժը առաջինը օգտագործել, բաճկոն կարել և Արցախից եկած բալիկներին նվիրել»,- պատմում է Անտոնյանը։

Մոտ մեկուկես ամիս բաճկոններ արտադրելով և Արցախից եկած երեխաներին նվիրելուց հետո, Անտոնյանի խոսքով՝ որոշել են շարունակել արտադրությունը հենց այս ուղղությամբ․ «Կունենանք նաև գարնանային-աշնանային տեսականի, ինչպես նաև անթև բաճկոններ»,- նշում է նա։

Կարի արտադրամասի անվանն անդրադառնալով՝ Անտոնյանը նշում է, որ հատուկ է այդպիսի ընտրություն կատարվել․ «Քանի որ մեր խնդիրը հենց համայնքների զարգացումն է, էդ անունով փորձեցինք ցույց տալ, ավելի շեշտադրել, որ Կուրթանում է արտադրված, Հայաստանում, բայց Կուրթանում, որ մարդիկ մի փոքր ավելի ոգևորված գնեն և օգնեն Հայաստանի համայնքներին»։

Անտոնյանը ընդգծում է, որ առաջնային խնդիր էր, որ արտադրամասի և՛ աշխատակիցները, և՛ արտադրանքը ներկայացնողները լինեն հենց տեղի բնակիչները․ «Նկարի բալիկներն էլ Կուրթանից են, հայտնի են Կուրթանում: Ով գալիս է Կուրթան, պարտադիր նրանց նկարում է, բայց ես էլի եմ հանդիպել Կուրթանում կարմրամազ երեխաների։ Մենք չէինք ուզում ուրիշ տեղերից մոդելներ բերել, գաղափարն այն էր, որ նկարվողներն էլ հենց Կուրթանից լինեն, ամեն ինչ Կուրթանից լինի»,- ժպիտով նշում է Անտոնյանը։

Նկարը՝ Լոռու մարզպետարանի Ֆեյսբուքի էջից

Անտոնյանի խոսքով՝ բաճկոնների գույները հատուկ են վառ ընտրել, որ դրական լիցքեր փոխանցեն մռայլ ժամանակներում․ «Ունենք դիզայներ, որն աշխատում է մոդելների ուղղությամբ, որոշեցինք մռայլ պատկերների մեջ լուսավոր ու վառ գույներն ընտրել, նաև երեխաների համար, որ վառ գույներ լինեն»։

Բաճկոնների գները սկսվում են 13200 դրամից։ Ամենաթանկ բաճկոնը 15600 դրամ է։ Անտոնյանի խոսքով՝ փորձել են մատչելի գներ սահմանել, որ արտադրանքը հասանելի լինի շատերին։

«Հիմա միայն համագործակցության պայմանագիր ունենք «Ազգային մոլի» հետ։ Բայց այսօր արդեն մի քանի առաջարկ ենք ստացել, երևի կշատացնենք տաղավարները, խանութները, որտեղ կվաճառվեն, ամբողջ ինֆորմացիան աստիճանաբար մեր էջում կտեղադրենք»,- ասում է Անտոնյանը։

https://www.facebook.com/permalink.php?story_fbid=113650563981823&id=103847014962178

Անտոնյանի խոսքով՝ բաճկոնների վերաբերյալ միայն դրական արձագանքներ են ստացել, բայց պատրաստ են լսել նաև առողջ քննադատություն և կատարելագործել արտադրանքը:

«Մեր գերխնդիրն է, որ եղածն էլ ավելի զարգացնենք, ավելի պրոֆեսիոնալ դարձնենք արտադրությունը։ Առայժմ 9 աշխատող ունենք, բայց հնարավորություն ունենք աշխատողների թիվն ավելացնելու. եթե արտադրանքի արձագանքները այնպես, ինչպես հիմա, շարունակվեն, ամենաքիչը կեռապատկենք։

Մենք նաև խնդիր ենք դրել տեղական արտադրանքը տեղում վաճառելու, արտահանման մասին դեռ չենք մտածում։ Այս ընթացքում ուսումնասիրել ենք շուկան, Հայաստանում կոնկրետ արտադրված բաճկոններ կան, բայց ամբողջությամբ դուրս են գնում, ու ներսի շուկայում տեղական արտադրանքը չի վաճառվում»,- ընդգծում է Անտոնյանը։

Մարիամ Անտոնյանը նշում է, որ Կուրթան այցելողներին նաև սիրով կհյուրընկալեն արտադրամասում:

«Կուրթանը շատ սիրուն գյուղ է, Հայաստանի գեղատեսիլ վայրերից է, Կուրթանի մոտ է գտնվում Ստեփանավանի հայտնի դենդրոպարկը, կարող ենք հյուրեր ընդունել Կուրթանում և, մասնավորապես, մեր արտադրամասում»,- ժպտալով ասում է Անտոնյանը։

Արփինե Արզումանյան

MediaLab.am