ԱԺ-ն կարող է ինքնալուծարվել, որ վարչապետը շարունակի պաշտոնավարել, անցկացնի և վերահսկի ընտրական գործընթացը. Սահմանադրագետ

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է սահմանադրագետ Վարդան Այվազյանը

– «Իմ քայլը» խմբակցությունը սահմանադրական փոփոխությունների նախաձեռնությամբ է հանդես գալիս, որը հնարավորություն կտա Ազգային ժողովին ինքնալուծարվելու և արտահերթ ընտրությունների հասնելու՝ առանց վարչապետի հրաժարականի: Արդյոք ԱԺ-ն իրավունք ունի՞ նման փոփոխություններ անելու, որքանո՞վ է Սահմանադրությունը դա թույլ տալիս: 

– Այստեղ ամենամեծ խախտումը տրամաբանության խախտումն է, և այս նախաձեռնությունը տգիտության հերթական դրսևորում է, որովհետև խորհրդարանի ինքնալուծարման ինստիտուտ գոյություն չունի և՛ իրավաբանության, և՛ տրամաբանության առումով:

Ի՞նչ է նշանակում՝ Ազգային ժողովը քվեարկի և մեծամասնության ձայներով ինքնալուծարվի: Երբ կա քաղաքական ճգնաժամ, երբ իշխանության ճյուղերի միջև կա հակամարտություն, դրա լուծման, պետականության ամբողջականության ապահովման համար որպես կառույց ստեղծված է նախագահի ինստիտուտը:

Նախագահի իրավասությունն է խորհրդարանն ազատ արձակելը: Անհեթեթություն է ասել՝ մենք քվեարկենք և ինքնալուծարվենք: Ինքնալուծարման կառուցակարգ գործող Սահմանադրությամբ կա, թող իզուր տեղը չոգևորվեն. իրենց 88 մանդատակիրները, չեմ ասում՝ պատգամավոր, որովհետև այնտեղ պատգամավոր չկա, ընդամենն իրենց մանդատները վայր են դնում, որի հետևանքով չկա ԱԺ-ի 70 տոկոս կազմող մեծամասնությունը, հետևաբար, չկա խորհրդարան, և, ուզած-չուզած, պետք է անցկացվեն արտահերթ ընտրություններ: Այնպես որ, Սահմանադրությունը մխտռելու կարիք ամենևին չկա: Ուզում են հերթական անգամ խեղաթյուրել Սահմանադրությունը, դառնալ ծիծաղի առարկա համաշխարհային հանրության մոտ:

Ամեն դեպքում, ինչո՞ւ են ուզում ինքնալուծարել  խորհրդարանը, բայց մանդատը վայր չդնել, իշխանություններին այն ի՞նչ նոր հնարավորություններ է տալու սահմանադրության տեսանկյունից:

Իշխանությունները ցանկանում են ինքնալուծարել ԱԺ-ն Սահմանադրության փոփոխության միջոցով, որովհետև եթե ինքնալուծարվեց, փոփոխելուց հետո վարչապետը շարունակելու է  պաշտոնավարել և անձամբ անցկացնելու է և վերահսկելու է ընտրական գործընթացը:

Սա է նրա ուզածը, որ վերարտադրի իշխանությունը հեշտությամբ և շարունակի պաշտոնավարել, ընտրություններով լեգիտիմացնել այս գործընթացը, որ ասի՝ մենք ընտրություններից հետո հաղթեցինք, մենք լեգիտիմ ենք:

– Իսկ ո՞րն է Ազգային ժողովի ինքնալուծարման հասնելու նպատակը:

– Նպատակն այն է, որ խորհրդարանն ինքնալուծարվի, բայց վարչապետն իր պաշտոնին մնա մինչև հաջորդ խորհրդարանական ընտրությունները: Որ վարչապետն շարունակի իր լիազորություններն իրականացնել, որ հեշտությամբ հնարավոր լինի ընտրությունները կեղծել և իշխանությունը վերարտադրել:

– Բայց իշխանությունները հավաստիացնում են, թե ընտրությունները չեն կեղծի: Դա երաշխիք չէ՞:

– Ես էլ կարող եմ շատ բան հավաստիացնել, քաղաքացին նրանց ո՞ր հավաստիացմանը հավատա: Փաշինյանը հայտարարում էր՝ գնամ Շուշիի համար կյանքս զոհեմ, հետո մեկ ամիս անց ասում էր՝ Շուշին ադրբեջանական քաղաք է:

Էլ մնացած կենցաղային բաները չեմ ասում՝ արագաչափերի հետ կապված, տնտեսական հեղափոխության հետ կապված:

Մենք 3 տարի ամեն օր տեսել ենք պետականությունը քանդելու, փոշիացնելու, ժողովրդին նսեմացնելու, ձեռ առնելու երևույթներ: Էդ ո՞ր մի հավաստիացումներին հավատանք:

– Սահմանադրական փոփոխությունների հանձնաժողով էր ձևավորվել, որը, այս պատերազմով պայմանավորված, դադարեցրեց աշխատանքը և արդյունք չտվեց: Հիմա, ըստ էության, նրանք որքանո՞վ իրավունք ունեն այսպիսի նախաձեռնություն կյանքի կոչել:

– Սահմանադրական փոփոխությունների հանձնաժողովը, ըստ իրենց ժամանակացույցի, դեռ նախորդ տարվա օգոստոս-սեպտեմբերին պետք է նոր նախագիծը դներ քննարկման, բա ո՞ւր է:

Ընդամենը հեքիմներից բաղկացած բժշկական խումբ է ստեղծել՝ փողեր մսխելու համար, որ գրանտներ ստանան, փողեր ուտեն, այնտեղ ոչ մեկը Սահմանադրությունից բան չի հասկանում, և, բնականաբար, չէր էլ կարող նոր Սահմանադրություն գրել:

Հիմա իշխանությունն իրենց ձեռքն է, Ազգային ժողովում ինչ ուզեն՝ կարող են անել: Չզարմանաք, որ մի օր էլ ԱԺ-ն որոշի փոխել բազմապատկման աղյուսակը, մոլորակի վրա արևմուտքի ու արևելքի տեղերը փոխի:

Ամեն փոփոխություն կամ նախաձեռնություն չէ, որ տեղավորվում է տրամաբանության մեջ: Իրավագիտության մեջ խորհրդարանի ինքնալուծարման ինստիտուտ գոյություն չունի:

Ուզո՞ւմ ես լուծարվել, մեծամասնություն ես, մանդատները վայր ես դնում, հարցը լուծվում է: Խորհրդարանի լուծարման իմաստը հենց այն է, որ նա պետք է լուծարվի իր կամքին հակառակ:

Տեսեք, հիմա իրենք ձախողել են, ուզում են իշխանությունը պահել: Դրա համար խորհրդարանի լուծարման իմաստը ճգնաժամի հաղթահարումն է, երբ ԱԺ-ն չի ուզում դա, բոլոր երկրներում այդ իրավունքը վերապահված է պետության գլխին:

Պետության գլխի իմաստը դա է՝ Սահմանադրության պաշտպանությունն ու դրա ապահովումը երաշխավորելը: Քանի որ խորհրդարանը Սահմանադրության տրամաբանությունից դուրս է գալիս, շեղվում է, նախագահի ինստիտուտի իմաստը դառնում է այդ շեղված խորհրդարանը լուծարելը, նոր ընտրությունների միջոցով հարցը կարգավորելը:

Մանե Հարությունյան

MediaLab.am