«Հայրս ձևում է, ես էլ կարում եմ»․ Հադրութից Մարիամը մարդկանց արձագանքներից հուզվել և նորից սկսել է երազել

Հադրութից 20-ամյա Մարիամը, որ լսողության խնդիր ունի և պատերազմի հետևանքով ընտանիքի հետ կորցրել է տունը, ապրուստի միջոցները և ապաստանել Կոտայքի մարզի Առինջ գյուղում, որոշել է ընտանիքին օգնելու նպատակով սրբիչներ կարել և վաճառել։

Սրբիչների վաճառքի վերաբերյալ Մարիամ Ավետիսյանի գրառումը համացանցում լայն տարածում է ստացել։

Շատերը ցանկացան Մարիամին օգնել՝ տարածելով գրառումը՝ ավելի շատ մարդկանց հասանելի դարձնելու նպատակով, շատերն էլ որոշեցին գնել նրա ձեռքով կարված սրբիչները։

Սիրելիներս եթե ծանոթ խանութ կամ անհատներ ունեք ՝օգնեք ինձ մեծ քանակությամբ վաճառեմ իմ Ձեռքով կարած սրբիչներ, որպեսզի օգնեմ իմ ընտանիքինՆախապես շնորհակալություն40×70Գինը 500

Posted by Մարիամ Ավետիսյան on Tuesday, January 26, 2021

Մարիամը «Մեդիալաբին» ասում է, որ արդեն 180 սրբիչի պատվեր է ստացել։
«Բայց ահագին գրածներ կան, դեռ չեմ հասցրել պատասխանել։ Ես հուզվեցի, աչքերիցս ուրախության արցունք թափվեց, ուղղակի շատ շոյված եմ, որ մարդիկ սրտացավ են և ուզում են ինձ օգնել»,- ասում է Մարիամը։

Մարիամը՝ հայրիկի հետ

Մարիամը պատմում է, որ հայրը դերձակ է, նրանից էլ սովորել է կարել․ «Հայրս ձևում է, ես էլ կարում եմ»,- ասում է նա։

Մարիամը նշում է, որ այժմ կարի մեքենայի կարիք ունի և առաքման հարցն է փորձում կարգավորել, դեռ չգիտի՝ ինչպես ավելի արդյունավետ առաքումը կազմակերպել։

Այդուհանդերձ, հիասթափությունը և տխրությունը, որ առաջացել էին պատերազմի և փոքր հասակում բժշկական միջամտությունից լսողությունը կորցնելու հետևանքով, այժմ տեղի են տալիս: «Իսկապես, ես սկսեցի երազել իմ սեփական գործն ունենալու մասին։ Իմ վախը, որ էլ երբեք ոտքի չենք կանգնի, կամաց-կամաց կարծես անցնում է»,- ասում է Մարիամը։

Արփինե Արզումանյան

MediaLab.am