«Տատս ասեց` քո բախտը բացվեց»». սեր ու աղաբլիթ` սուրբ Սարգսի եւ սուրբ Վալենտինի արանքում

Թամար Հակոբյանը ամեն տարի սիրով ու լավ հիշողություններով է մասնակցում Սուրբ Սարգսի տոնին:
«Էս իմ ամենասիրած տոնն ա, միշտ էլ սպասում եմ, ու արդեն քանի տարի ա, միշտ էլ գալիս ենք եկեղեցի: Հիմա մի քիչ մեծ ենք, բայց տղես է բերում, պիտի միշտ էլ գամ, մինչև մեռնելս»,- ասում է 70-ամյա Թամարա Հակոբյանը:

Նա հիշում է, որ շատ տարիներ առաջ հենց Սուրբ Սարգսի հովանավորությամբ է տեսել ամուսնուն` Ժորա Հակոբյանին:

«Մենք տանը հինգ քույր էինք, տատս էլ` անմարդ կնիկ, ու ավանդույթով, որ անմարդ կինը պիտի աղի բլիթ թխի, ամեն տարի պարտադիր թխում էր: Ես էլ 19 տարեկանում կերա աղի բլիթ ու առավոտյան պատմեցի, որ մի անծանոթ մարդու եմ տեսել: Տատս ասեց` քո բախտը բացվեց»,- «Մեդիալաբին» պատմում է Թամար տատը, իսկ երբ աշնանը եկել են իրեն ուզելու, տեսել է, որ փեսացուն հենց նույն իրեն ջուր տվող տղան է, ու համաձայնել է ամուսնանալ:

Հիմա էլ, տարիներ անց, անտեսելով որոշ ավանդույթներ, Թամար Հակոբյանն ամեն տոնի աղի բլիթ պատրաստում իր չորս թոռների համար` հիշելով հնում տարածված հայտնի արտահայտությունը.

«Էհ, Սուրբ Սարգիս, մեզ բարի կարգիս»:

Ավանդույթներն իրականում այդքան էլ երկար պատմություն չունեն, ինչպես ընդունված է մտածել, դրանք ստեղծվում և հաջորդ սերունդներին են փոխանցվում այն ժամանակ, երբ այն մարդիկ, ովքեր դրանք հորինել են, վերացման վտանգի առաջ են: Ուսումնասիրողները վստահ են, որ ամենահին ավանդույթները ընդամենը 200 տարվա պատմություն ունեն, որոնք էլ հիմնականում կրոնական ծեսերի ու արարողությունների հետ են կապված:

Տարիներ շարունակ աշխարհում որպես սիրո տոն նշում են Սուրբ Վալենտինի տոնը, կաթոլիկ հոգևորականին «մրցակից»` հայ առաքելական եկեղեցու` երիտասարդների և սիրո բարեխոս Սուրբ Սարգիս զորավարի տոնը, որպես երիտասարդության օրհնության օր:

Երիտասարդների արագահաս բարեխոսի տոնը ընդունված է նշել ոչ միայն եկեղեցական ծեսով ու աղոթքով, այլև` ժողովրդական սովորույթներով, որոնցից մեկն էլ կապված է աղի բլիթի ու փոխինձի հետ: Ս. Սարգսի տոնին նախորդող գիշերը երիտասարդներն աղի բլիթ են ճաշակում, որի հետ կապում են իրենց փեսացուի կամ հարսնացուի երազհայտնությունը:

Հիշելի սովորություններից է նաև փոխինձով լի մատուցարանը դնել տան տանիքին կամ պատշգամբին և սպասել Ս. Սարգիս զորավարի ձիու պայտի հետքին: Ըստ ավանդության` Ս. Սարգիսը պետք է հրեշտակների ուղեկցությամբ անցնի, և ում մատուցարանի մեջ դրված ալյուրի կամ փոխինձի մեջ թողնի իր սպիտակ ձիու պայտի հետքը, այդ տարի կիրականանա նրա երազանքը:

«Այդ օրը երիտասարդներն աղոթում են սրբին, որ նա իրենց աղոթքները հասցնի առ Աստված, քանի որ Սուրբ Սարգիսը սիրո երազանքն իրականացնող սուրբն է»,- ասում է տեր Հակոբ քահանա Խաչատրյանը:

Սրբի անունը կրող բոլոր եկեղեցիներում մատուցվում է նրան նվիրված պատարագ:

Բազում երիտասարդների համար էլ Սուրբ Սարգիսը նույնացվում է Վալենտինի հետ: Կաթոլիկ հեքիմի անունն ու տոնը, ուզենք-չուզենք, մտել է Հայաստան և սիրահարների համար դարձել միմյանց նվերներ մատուցելու ու սիրո խոստովանություն անելու ևս մեկ առիթ:

Որքան էլ Հայ Առաքելական եկեղեցին մերժի այն` համարելով օտար և ոչ հայեցի, միևնույն է, տոնը նշվում է: Ու սիրահարված երիտասարդների համար կարևոր չէ` ո´վ է Սուրբ Վալենտինը կամ Հայ առաքելական եկեղեցու երիտասարդների սիրո բարեխոս ու հովանավոր Սուրբ Սարգիսը:

«Դե, սա իր տեղն ունի, Վալենտինը` իր, հիմա եկեղեցի ենք գալիս, Վալենտինի տոնին նվերներ ենք փոխանակում»,- ասում է Հայկը:

Տեր Հակոբ քահանա Խաչատրյանն էլ հակադարձում է. «Եթե մենք սիրո հովանավոր ունենք, ինչո՞ւ ենք ձգտում այլ կրոնների սրբերի երկրպագել: Չէ՞ որ ազգային ակունքներից հեռանալը ազգի կործանման նախաքայլերից է»:

Անի Եղիազարյան

© Medialab.am