«Կարող է լինել երկու տարբեր խմբերի միջև բախում, որը ևս սարսափելի հետևանքներ կարող է թողնել մեր երկրի վրա»․ Զառա Հովհաննիսյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է իրավապաշտպան Զառա Հովհաննիսյանը

– Տիկի՛ն Հովհաննիսյան, զինված ուժերի գլխավոր շտաբի կողմից վարչապետի հրաժարականի վերաբերյալ պահանջին հաջորդեց Նիկոլ Փաշինյանը կոչը՝ ուղղված ժողովրդին, որ դուրս գան փողոց և իրեն աջակցեն։ Ինչո՞ւ ունենք այս իրավիճակը, ինչո՞ւ է վարչապետը 3 տարի երկրի կառավարումը ստանձնելուց հետո էլ ապավինում ու կոչով դիմում ժողովրդին։

– Իրականում հասել ենք այս վիճակին, որովհետև կառավարման համակարգը այդպես էլ չկայացավ, և ապաշնորհ կառավարման համակարգի պատճառով ունենք այս իրավիճակը։

Եվ վարչապետը պարբերաբար կոչ է անում ժողովրդին՝ գալ ու սատարել իրեն այս կամ այն գործողության ժամանակ։ Հիշենք՝ դեռևս վարչապետության առաջին շրջանի ժամանակ, երբ տեղի ունեցավ դատական համակարգի դեմ այդ շրջափակման կոչը, որը բացարձակ ապօրինի էր, հիշենք բազմաթիվ նման կոչեր, որ հետպատերազմյան շրջանում եղան, երբ ուղերձներ հղվեցին հասարակության որոշակի շերտերի՝ տղաների, որ գան, սատարեն։

Այսինքն՝ դա նշանակում է, որ վարչապետն իր տեղում չէ, չի կարող ստանձնել կառավարման համակարգի պատասխանատուի դերը, և այս իրավիճակում նման կոչ անելը նշանակում է հերթական անգամ լարված իրավիճակ ստեղծել երկրում, որը կարող է նույնիսկ մարտի 1-ի կրկնությունը դառնալ՝ փաստորեն նախօրեին:

– Ըստ ձեզ՝ ինչո՞ւ զինված ուժերի գլխավոր շտաբը հանդես եկավ վարչապետի հրաժարականի պահանջով։ Սա «Իսկանդերի» պատասխա՞նն է։

– Սա միակ խումբը չէ, որ հանդես է եկել հրաժարականի պահանջով: Եթե թերթենք հետպատերազմյան շրջանում մամուլի էջերը, կտեսնենք, որ բազմաթիվ մասնագիտական խմբեր՝ սկսած կրթական, գիտական, թե նաև տարբեր տիրույթներում գտնվող խմբեր, պահանջել են վարչապետի հրաժարականը, սակայն, փաստորեն, նա որևէ խմբի չի լսել, չի արձագանքել հրաժարականի պահանջին։

Այսօր նրա համար անմիջական վտանգ է զինվորականների կոչը, որովհետև դա կարող է  բախումների բերել, այդտեղից է ուժը զգում, դրա համար էլ դրանից վախենում է, թե չէ առաջին ու վերջին խումբը չէ, որ վստահորեն պահանջել են Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։

Եթե նա մի փոքր ավելի սթափ գնահատեր իրավիճակը և հասկանար, որ իրավիճակը անկառավարելի է, վաղուց ինքնակամ հրաժարական պետք է տված լիներ։

– Վարչապետը զինված ուժերի գլխավոր շտաբի պետի հայտարարությունը հեղաշրջման փորձ որակեց։

– Որովհետև նա միայն դա է ճանաչում, զենքի ուժի իշխանությունն է ճանաչում, օրինակ՝ կրթության համակարգի հայտնի մարդիկ, ամբողջ գիտական հաստատությունների ներկայացուցիչները ստորագրահավաքով պահանջում էին հրաժարականը, դա նրա համար կոպեկ չարժեց: Նրա համար միակ ուժն ու իշխանությունը զենքն է, դա է ցավալին։ Նա միայն վտանգ զգաց այն խմբից, որն իր ձեռքին զենք ունի: 

– Ի՞նչ զարգացումներ կարող են լինել։ Ի՞նչ մարտահրավերների առաջ ենք այսօր կանգնած։

– Լուրջ մարտահրավերների առաջ ենք կանգնած։ Մենք տեսանք, որ այդ կոչից հետո նաև Վազգեն Մանուկյանն է կոչ արել, որ ժամը 15։00-ին համախոհները հավաքվեն Ազատության հրապարակում: Դա նշանակում է, որ երկու հանրույթների միջև հնարավոր է բախում լինի, կարող է զինված հեղաշրջման մասին խոսք չլինել, այլ երկու տարբեր խմբերի միջև բախում լինի, ինչը ևս սարսափելի հետևանքներ կարող է ունենալ մեր երկրի, մեր պետականության և, ընդհանրապես, մեր ժողովրդի վրա։

– Ինչպե՞ս պետք է վարվի այս վիճակում ժողովուրդը։ Ինչպե՞ս եք պատկերացնում իրավիճակից ելքը։

– Մեր ժողովուրդը մինչ այժմ շատ խոհեմ է եղել, տեսնում ենք, որ անընդհատ վերլուծում է իրավիճակը, թե երբ դուրս գա փողոց, ինչպես դուրս գա փողոց և այլն: Նման իրավիճակներում ժողովուրդը դարձյալ պետք է խորագետ և վերլուծող լինի և հագուրդ չտա որևէ կուսակցական խմբի, որևէ իշխանական աթոռի ձգտման, իրեն զոհասեղանին չդնի։

Արտահերթ ընտրությունները, իհարկե, փոփոխության սահմանադրական եղանակն են, սակայն տեսանք, որ իշխանությունը որքան կառչած է իր աթոռին, և երբ հասարակությունը փողոց դուրս չի գալիս, լայն խմբերի կողքին չի կանգնում, որոնք դոմինանտ են այսօր փողոցում, իրեն հանգիստ զգաց, որ պահանջ գոյություն չունի։ Այսօր մենք լուրջ լարվածության առաջ ենք կանգնել, և հնարավոր չէ կանխատեսել, թե ինչ զարգացումներ տեղի կունենան։

Գուցե ժամանակավոր կառավարության պատուհան բացվի, որովհետև այս լարվածությունը պարպելու համար անցումային իրավիճակ է պետք ստեղծել։

Արփինե Արզումանյան

MediaLab.am