«Այսօրվա ընդդիմադիր ուժերը մարսել են բռնությունը, իսկ իշխանությունն այլևս կորցրել է անթավիշ գործողություններ անելու իր շանսը»․ Նինա Կարապետյանց

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է «Հելսինկյան ասոցիացիա» իրավապաշտպան ՀԿ նախագահ Նինա Կարապետյանցը

– Տիկի՛ն Կարապետյանց, Նիկոլ Փաշինյանն իր աջակիցների հետ հանդիպմանը հայտարարեց, որ թավիշին վերջ է դրվելու։ Նա նաև նախազգուշացրեց ընդդիմադիր գործիչներին, որ կարող են նրանց ձերբակալել։ Ինչպե՞ս եք գնահատում այս գործընթացները։

– Ես եղել եմ այն մարդկանցից մեկը, որը պահանջել է դադարեցնել թավիշը։ Եվ ասել էի՝ հեղափոխությունից երկար ժամանակ անց այլևս այդ գործիքակազմը թույլատրելի ու ընդունելի չի լինելու, այդ թվում՝ միջազգային հանրության կողմից։

Դա նախազգուշացում էր այն մասին, որ ինչ-որ փուլում այլևս ոչ թավիշն ընկալելի չի լինելու։ Եվ ես միշտ ասում էի՝ եթե դուք ժամանակ եք կորցնում, հեղափոխությունից 1-1,5 տարի հետո դեռ թավշում էիք, կարելի էր ընկալել, հետո արդեն ընկալելի չի լինելու։

Ես չգիտեմ, թե ի՛նչ գործողությունների են գնալու իշխանությունները, որովհետև իշխանության որևէ գործողություն ինձ համար տրամաբանություն չունի։ Ես չեմ հասկանում, թե ինչո՛վ են նրանք առաջնորդվում։

Եվ նրանց ցանկացած լուծում ու առաջարկ լինում են իրավիճակային։ Հիշո՞ւմ եք՝ առաջարկվեց դատարաններն արգելափակել, դրանից հետո իբր պետք է վեթինգ լիներ, բայց դրան չհետևեց ոչինչ, հետևեց ծաղրի նման մի գործողություն։

Այսինքն՝ ես կարծում եմ՝ հերթական անգամ հայտարարություն են արել, որը հիմքեր չի ունենալու։ Երկրորդ՝ այս իշխանությունն այլևս կորցրել է անթավիշ գործողություններ անելու իր շանսը, որովհետև այն, ինչ կներվեր այս իշխանությանը՝ որպես հեղափոխական ուժի՝ հեղափոխությունից 1-1,5 տարի հետո, հիմա այլևս միջազգային հանրության կողմից չի ներվի։

– Մյուս կողմից՝ ընդունելի՞ է, երբ իշխանությունը քաղաքական ընդդիմախոսներին սպառնում է ձերբակալություններով՝ փորձելով լռեցնել նրանց։

– Բնականաբար ոչ։ Կա գործող օրենք, ինչքան էլ մեզ օրենքները դուր գան կամ չգան, լինեն թերի կամ ոչ թերի, դրանք հնարավորություն են տալիս, օրինակ՝ բռնության կամ իշխանության տապալման կոչերի համար քրեական գործեր հարուցել։ Քանի՞ գործ է հարուցվել։

Մենք գիտենք միայն մեկ գործի մասին, որը հարուցվեց պատերազմում հաշմանդամություն ստացած Վահան Բադասյանի հայտարարությունների կապակցությամբ։ Եվ առանց նրա առողջական վիճակը հաշվի առնելու՝ տարան ու կալանավորեցին։

Այնինչ հրապարակում գտնվող ընդդիմության տարբեր ներկայացուցիչներ արել են հայտարարություններ, որոնք շատ ավելի կոշտ էին, անընդունելի ու շատ ավելի իրական էին, քան Բադասյանի արած հայտարարությունը։ Դա է պատճառը, որ, չընդունելով նույն Բադասյանի հայտարարության բովանդակությունը, ես ինքս դեմ եմ արտահայտվել նրա կալանքին։

– Մենք նաև տեսանք ընդդիմության ուղերձները։ Բաղրամյան պողոտայում ընդդիմության հանրահավաքի ժամանակ բեմադրվեց «Չաուշեսկուի գնդակահարությունը կամ մահ դավաճաններին» անվանմամբ ֆուտուրիստական ներկայացումը։ Որքանո՞վ է թույլատրելի նման ուղերձներ հղելը։ Համացանցում անգամ ընդդիմության կողմնակիցներից ոմանք քննադատեցին հարցն այդ մեթոդով լուծելու փորձերը։

– Սա իրականում ոչ միայն իշխանության նկատմամբ էր սպառնալիք, սա նաև սպառնալիք էր պետությանը, պետականությանը, ժողովրդավարությանը։ Այսինքն՝ մեզ բոլորիս էր այդ սպառնալիքն ուղղված։

Եվ ես պնդում եմ, որ այս պահին իրենց ընդդիմադիր են կոչում նաև այն ուժերը, որոնք «Մարտի 1»-ից անմասն չեն եղել, ովքեր նաև «Մարտի 1»-ից հետո կոալիցիա են կազմել գործող իշխանությունների հետ։ Այսինքն՝ նրանք մարսել են «Մարտի 1»-ը։ Դրանք այն ուժերն են, որոնք մարսել են բռնությունը։

Ես կարծում եմ, որ այդ խմբի հետևում կանգնած են այն ուժերը, որոնք նաև «Հոկտեմբերի 27»-ի գործում անմասն չեն եղել։ Հետևաբար, ես վստահ եմ, որ նրանք ունակ են գնալ այդ գործողությունների, և սա պատահականություն չէ։

Ես չեմ տեսել համացանցում, բայց շատ ուրախալի է, եթե անգամ ընդդիմության կողմնակիցներն են դատապարտում այդ գործողությունը, որովհետև անկախ իրար նկատմամբ վերաբերմունքից, կա սահման, որը չի կարելի անցնել։

Ես այլևս դադարել եմ քաղաքական ուժերին ու գործիչներին դիմելուց, որովհետև իրենք արդեն անցել են նույնիսկ բարոյականության թույլատրելի սահմանը։ Ես այլևս իրենց ոչ մի կոչով ու խնդրանքով չեմ դիմում։

Ես դիմում եմ միայն ժողովրդին, որովհետև ժողովուրդն իր գործողություններով շատ ավելի ողջամիտ է, քաղաքականապես զարգացած ու կայուն է, պետականապետ է, քան հարթակում եղած բոլոր ուժերը՝ թե՛ իշխանական, թե՛ ընդդիմադիր։ 

Ռոզա Հովհաննիսյան

MediaLab.am