«Թուրքերը մեր գլխավերևում են, դեռ ոչ մի լավ բան չեմ տեսնում»․ ամուսինը՝ զոհված, երեխան՝ խնդիրներով, Սիրուշը վախը սրտում Արցախ է վերադարձել

Արցախյան պատերազմը գլխիվայր շրջել է Հարությունյանների ընտանիքի կյանքը։ 37-ամյա Սիրուշ Սիմոնյանի ամուսինը՝ Արցախի Հանրապետության ոստիկանության ՊՊԾ գումարտակի 2-րդ վաշտի հրամանատար Արսեն Հարությունյանը, հայրենիքը պաշտպանելիս զոհվել է հոկտեմբերի 15-ին։

Կինը՝ Սիրուշ Սիմոնյանը, դեռևս չի կարողանում համակերպվել նոր իրականությանը։ Ամուսնու զոհվելու հանգամանքը ծանր հետևանք է թողել նաև առողջական խնդիրներ ունեցող կրտսեր աղջկա վրա:

«Ես առ այսօր չեմ համակերպվում այդ մտքի հետ, չնայած տեսել եմ իրան: Ես մտածում եմ՝ ինքը շատ ուժեղ էր, ամեն իրավիճակից կարողանում էր ելք գտնել, հիմա չեմ կարող պատմել, թե ինչ ցավ ա մեզ համար։

Անձնվեր, հայրենասեր, նվիրված ամուսին էր, լավ հայր, աննման զավակ, լավագույն ընկեր, ազնիվ, քաջ ոստիկան։

Փոքր աղջիկս խնդիրներ ունի՝ զարգացման հապաղում, ցավոք, պատերազմից հետո, պապային կորցնելուց հետո ավելի վատացավ վիճակը, անընդհատ գոռում էր, բղավում էր, պապա էր կանչում, առ այսօր ինքն ամեն օր պապային ա փնտրում։

Քանի որ չի խոսում, ինքը իր ձայնով ա կանչում, նկարին ա նայում, ասում ա՝ պապան գա: Հոգեբանների ասելով՝ ինքն ամեն ինչ լավ հասկանում ա, չնայած չի խոսում»,- հուզմունքով ասում է մայրը։

Սիրուշ Սիմոնյանը պատմում է, որ երբ ամուսինը ռազմաճակատից զանգում էր, մշտապես ասում էր՝ հանգի՛ստ եղեք, ամեն ինչ լավ կլինի, և ինքը կվերադառնա: 

«էդ դեպքի օրն էլ աղջկաս հետ խոսաց, աղջիկս ասեց՝ ե՞րբ ես գալու, ասեց՝ չգիտեմ, բայց հաստատ գալու եմ, ձեզ էդտեղից տանեմ, էդ ա եղել իր վերջին խոսքը»։

Արսեն Հարությունյանը զոհվել է Հադրութում ԱԹՍ-ի հարվածից, երբ փորձել է օգնության հասնել ընկերներին:

«Իր վաշտով առաջին օրվանից տարբեր վայրերում էր, որտեղ մարտերը թեժանում էին, ինքն էնտեղ էր։ Երբեք չէր ասում՝ որտեղ է, ինչ թեժ կետերում է, ասում էր՝ ձեզ լավ նայեք, երեխաներին լավ նայեք։

Ինքը երեք անգամ հայտնվել էր զասադայում (դարանի մեջ), հետո ականանետի տակ էր ընկել, բայց փրկվել էր, ԱԹՍ-ի հարվածից զոհվեց։ Ընկերներն են պատմել էս մասին, նույնիսկ թուրքերը տեսանյութ են դրել, էդպես էլ ենք տեսել»,- հուզմունքով ասում է կինը։

Սիրուշ Սիմոնյանը պատերազմի օրերին երեխաների հետ Ստեփանակերտից տեղահանվել և ժամանակավորապես ապաստան է գտել Հայաստանում, սկզբում՝ հյուրանոցում, այնուհետև՝ հյուրընկալ ընտանիքի տանը։ Այժմ երեխաների հետ կրկին վերադարձել է Ստեփանակերտ: 

«Պատերազմի օրը տեղափոխվեցինք մեր գյուղ՝ Ասկերանի շրջանի Ավետարանոց, որը հիմա, ցավոք, անցել  է թշնամու տիրապետության տակ: Ամուսինս մեզ տեղափոխեց էնտեղ՝ ասելով, որ դա համարվում է խուլ գյուղերից մեկը, էդտեղ թշնամին կյանքում ոտք չի դնի: Ցավոք, էդ էլ անցավ թշնամու ձեռքը։

Սեպտեմբերի 30-ին, երբ էնտեղ էլ ձայներ էին լսվում, երեխաները վախեցան, ամուսինս քանի որ ոստիկանության ծառայող էր, չկարողացավ թողնել ծառայությունը և մեզ տեղահանել, խնդրեց եղբորս: Եղբայրս նույնպես առաջնագծում էր, նա եկավ, ու մեզ տեղափոխեցին Երևան»,- պատմում է Սիրուշը։

Վերջին ամիսներին Սիրուշը ստիպված է միաժամանակ մի շարք դժվարություններ հաղթահարել, ամուսնու զոհվելուց հետո որոշ ժամանակ հիվանդանոցում են անցկացրել, աղջկա մոտ ծանր թոքաբորբ էր հաստատվել, և միայն վիրահատության միջոցով հնարավոր եղավ հաղթահարել հիվանդությունը:

«Պատերազմից հետո՝ որոշ ժամանակ անց, մենք վերադարձանք Ստեփանակերտ, հետո հետ եկանք՝ երեխային վերականգնողական կենտրոն էինք բերում Երևան, էն էլ երկկողմանի թոքաբորբով հիվանդացավ: 16 օր «Արաբկիր» պառկեցինք, հետո բացասական դինամիկայով տեղափոխվեցինք «Սուրբ Աստվածամայր», էնտեղ թոքը վիրահատեցին, հեղուկ էր հավաքվում: Փառք Աստծո, արդյունքը դրական է, հուսանք՝ գոնե երեխան լավ կլինի»,- մտահոգ նշում է մայրը:

Ասում է, որ զբաղված լինելով և ծանր ապրումների մեջ անգամ չի զբաղվել պետական աջակցության ծրագրերից օգտվելու հարցով։ Ասում է, որ առաջնայինն այժմ հոգեբանական ծանր վիճակից դուրս գալն է:

«Ես դեռ ոչ մի տեղ ոչ դիմել եմ, ոչ մի բան, երեխայով էի զբաղված, ես դեռ չգիտեմ՝ ինչ կլինի, ինչ ա մեզ սպասում։

Երեխան վերականգնվի, կփորձեմ աշխատանքի վերադառնալ, հիմա չեմ գնում աշխատանքի, բայց մեր ղեկավարությունը իմ աշխատավարձը փոխանցում ա, ոստիկանությունը ամուսնուս զոհվելուց հետո 200 հազար դրամ ևս փոխանցել է»,- ասում է Սիրուշը։

Թեև Սիրուշը երեխաների հետ վերադարձել է Ստեփանակերտ, բայց նշում է, որ անհանգստությունն ու վախը հանգիստ չեն տալիս, իսկ ապագան դեռ անորոշ է պատկերացնում:

«Ստեփանակերտում մենք տուն ունենք, նորմալ վիճակում է, Հայաստանում չէինք կարող երկար մնալ։ 90-ականների մենք էլի պատերազմ տեսանք, բայց երբ վերադարձանք, խաղաղ ապրում էինք, կողքերը թուրքեր չէին, թուրքերը հիմա մեր գլխավերևում են։

Աղջիկս դպրոց ա հաճախում, ամեն քայլափոխի զանգում եմ, չգիտեմ՝ թուրքը Ստեփանակերտ մտնում ա, թե չէ։ Վերջիվերջո, թուրք ա, չես կարող գուշակել, թե մտքին ինչ կա։

Ես էսօր դեռ ոչ մի լավ բան չեմ տեսնում, քանի գնում, ավելի եմ մտահոգվում երեխաների ապագայով։ Ոչ մի լավ բան չեմ մտածում»,- մտահոգ նշում է Սիրուշը։

Արփինե Արզումանյան

MediaLab.am