Ուսուցիչն էապես ավելի կարևոր է, քան զինվորը, քանի դեռ սա չենք հասկացել, մենք գնալու ենք անկման ճանապարհով. Արմեն Մարտիրոսյան 

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է «Անտարես» հրատարակչության տնօրեն Արմեն Մարտիրոսյանը 

– Պարո՛ն Մարտիրոսյան, տարեցտարի ընդունելության քննությունների արդյունքներն ու բուհեր ընդունվողների թվաքանակը նվազում են, մասնագետները շարունակում են հնչեցնել իրենց մտահոգությունները սրա վերաբերյալ: Դուք ինչո՞վ եք պայմանավորում այս պատկերը:

– Սա արատավոր շրջան է, ու այդ շրջանի արատավոր հանգույցների մասին պետք է խոսել կամ չխոսել: Իհարկե կան բացառություններ, բայց այն երեխաները, որոնք չեն կարողանում ընդունվել ուրիշ բուհ, գնում ընդունվում են Մանկավարժականի դասվարի կամ գրադարանավարի մասնագիտությունն ապահովող ֆակուլտետ:

Ստացվում է, որ հանրության մեծամասնության ամենածույլիկները հայտնվում են ամենակարևոր երկու օղակում, մյուս կողմից՝ գրադարանավարների աշխատավարձը 70 հազար դրամ է, այսինքն՝ չկա ոչ մի խթան, որ ուժեղները կգնան այդ մասնագիտության ուղղությամբ: Իսկ գրադարանավարն իմ պատկերացմամբ ուսումնական գծով ուսմասվարի հատկանիշներով մարդ է, գումարած բլոգեր, որ կարողանա իր հետևից երեխաներին տանել: 

Դպրոցական գրադարանները 1990 թվականից սկսած երբեք համակարգային չեն համալրվել, դպրոցական գրադարանները իրենցից ներկայացնում են դասագրքերի պահեստ, որտեղ չկա մասնագետ՝ մարդ, որն իմանա ժամանակակից գրականություն, որ կարողանա ասել, թե որ գրքից հետո որը կարդալ՝ կախված երեխայի տված արձագանքից: Նոր ու ժամանակակից գրքեր չկան մեր գրադարաններում, իսկ սա խնդիր է ու արատավոր այդ շրջանի մի մասը: 

Արատավոր մյուս շրջանն էլ հետևյալն է․ իսկ արդյոք մեր կրթության ռազմավարության մեջ սրա մասին խոսք կա՞: Կարող եք բացել ԿԳՄՍՆ-ի 2030 թվականի կրթության ռազմավարության ծրագիրը ու տեսնել, որ իրական գրադարանի հետ կապ ունեցող որևէ բան չկա, սա էլ հաջորդ հանգույցն է: Այսինքն՝ պետությունը իբրև ռազմավար ծրագրի մեջ չի նախատեսել գիրքը, գրադարանը, գրքով աշխատելը: 

Հաջորդ հանգույցը. մեզ այսօր ընթերցել սովորեցնո՞ւմ են, պարզվում է՝ ոչ, իսկ ընթերցանության ամենակարևոր նշանակությունն այն է, որ այն նպաստում է ուղեղի զարգացմանը, դրա համար են ասում՝ օրը գոնե 15 րոպե կարդացեք, որ ուղեղը մարզվի: Ո՞նց էր, որ մենք ազգովի օրը ցերեկով չտեսանք, որ Ղարաբաղը տանուլ ենք տալիս դեռ 2012-ից, մենք ազգովի լիքը բաներ չենք տեսնում, որովհետև մեր ուղեղը զարգացած չէ: Մենք սովորողների հանդեպ ի՞նչ վերաբերմունք ունենք, ասում ենք՝ դոդիկ, գիրք կրծող և այլն, այսինքն՝ հանրությունը խրախուսում է չսովորողներին, միջակներին: Մենք այս հանգույցներով, կտոր-կտոր մեր տունը քանդում ենք, ու երբ մարդիկ 20-30 տարի առաջ ասում էին՝ ժողովո՛ւրդ, պետք է ընթերցանության վրա ուշադրություն դարձնել, հանրությունն ասում էր՝ Մարտիրոսյան Արմենը դրա մասին է խոսում, որովհետև իր բիզնեսի մասին է մտածում, ուզում է առաջ տանել, եկեք բոյկոտենք «Անտարեսի» գրքերը: 

Երեխաների մեջ ընթերցանությունը չեն զարգացնում մանկուց, դրա համար էլ մարդիկ չեն ընթերցում, ու այս արատավոր շղթայի այդ տարբեր հանգույցներով մենք մեր ձեռքով մեր տունը քանդում ենք: Այստեղ վտանգավորն այն է, որ դրա մասին մենք իմանում ենք 15-20 տարի հետո, ու այն Մարտիրոսյան Արմենին, որ Քոչարյան Ռոբերտը չէր լսում, Սերժ Սարգսյանը կամ իր վարչապետները չէին լսում, որ Նիկոլ Փաշինյանն ի վերջո չլսեց, կրթության նախարարները տարբեր տիպի չեն լսում, այս ամենը բերեց նրան, որ ունենք այսօր այդ արդյունքը: 

Հիմա թող ասեն՝ Արմենը բայղուշ է, բայց ասեմ՝ հաջորդ տարի ավելի վատ է լինելու, էն մյուս տարի ավելի ծանր է լինելու ու այդպես շարունակ: Հայերենին տիրապետելու լավագույն տարբերակը կարդալ սկսելն է, հարգելիներս: Սիրելի՛ ընթերցողներ, չթերագնահատեք գիրքը, որ գիրքն ավելի պրիմիտիվ բան է, քան էլեկտրականությունը, ինչպես էլեկտրականությունը կարող է մեզ սպանել և լույս տալ, գիրքն էլ կարող է մեզ լուսավորել ու սպանել՝ մեզ, մեր պետությունը, հանրությունը: Գիրք պետք է կարդան այն մարդիկ, որոնք խելացի են, իսկ խելացիությունը՝ խելքի աշխատանքը, կապված է գիրք կարդալու պրոցեսի հետ: 

Ես ուզում եմ, որ հայաստանցիները կարդան, որ ավելի խելացի լինեն, որ ինձ հաճելի լինի նրանց հետ շփվելը: Խելք չունենալը մի հարց է, խելք ունենալ չցանկանալը՝ այլ, ու այս հանրությունը այս մշակույթով, այս սովորույթներով անընդհատ կրկնում է նույն սխալը, ու ստացվում է, որ 1920 թվականին Հայաստանի հայերն արեցին այն նույն սխալը, ինչ 2020 թվականին: Իրենց մեծամտությունը իրենց կերավ, մեզանում մեծամասնությունը ձևին է տուրք տալիս, որտեղից էլ առաջանում է պաթոսը: 

– Ինչպե՞ս դուրս գալ ձեր ասած այս արատավոր շրջանից, պարո՛ն Մարտիրոսյան:

– Գրադարանավարներին ու դասվարներին ես համարում եմ ավելի կարևոր սպաներ, քան մեր զինվորներին, որովհետև նրանց չարածը ուսադիրներ ունեցող սպաները չեն կարող լրացնել, 2020 թվականը դա ցույց տվեց: Երեկ նյութ տեսա, որ պաշտպանության նախարարը համապատասխան փաստաթուղթ էր ստորագրում՝ դրամական միջոցներով խրախուսելով սպաներին բանակում, շատ լավ է, կեցցե՛ք: Քանի այդ նույնը չանեք դասվարների, գրադարանավարների, ուսուցիչների հետ, մեր տունը քանդվելու է, սա ամենակարևորն է: Ուսուցիչն էապես ավելի կարևոր է, քան զինվորը, քանի դեռ սա չենք հասկացել, մենք գնալու ենք անկման ճանապարհով: Մենք պետք է պաթոսազերծենք մեր լեզուն ու լինենք հայրենապահ, այլ ոչ թե՝ հայրենասեր:

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am