«Անօդաչու սարքի դեմ պայքարող մեքենան Հրազդանի քաղաքապետի Range rover-ն է». Չնայած իրավիճակին, կրկին գործի են դրվում ընտրակաշառքները

«Անօդաչու սարքի դեմ պայքարող մեքենան Հրազդանի քաղաքապետի Range rover-ն է».  Չնայած իրավիճակին, կրկին գործի են դրվում ընտրակաշառքները
«Անօդաչու սարքի դեմ պայքարող մեքենան Հրազդանի քաղաքապետի Range rover-ն է». Չնայած իրավիճակին, կրկին գործի են դրվում ընտրակաշառքները

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամները վերջին երկու օրերին ահազանգում են Հրազդանում ընտրակաշառքի բաժանման մասին: Ըստ կուսակցության անդամների՝ հրազդանցիներին 10 հազարական դրամ է բաժանվում՝ հաջորդ կիրակի կայանալիք քաղաքապետի ընտրություններում գործող քաղաքապետ, ՀՀԿ-ական թեկնածու Արամ Դանիելյանի օգտին քվեարկելու համար:

Այս օրերին, երբ հայ հանրությունը միավորվել է երկիրն արտաքին թշնամուց պաշտպանելու գաղափարի շուրջ, և թվում էր, թե իշխաննությունները ստեղծված իրավիճակից պետք է դաս քաղեին, հերթական ապօրինության մասին ահազանգն է ստացվում:

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության  անդամ Ալեն Սիմոնյանն ասում է, որ փաստորեն իշխանությունները շարունակում են իրենց գործելաոճը:

Նրա խոսքով, չպետք է թողնենք, որ պաշտոնյաները մեր փողերը գողանան, դնեն իրենց գրպանը, իսկ մենք 1980 թվականի զենքով կռվենք:

Նրա խոսքով՝ Հրազդանի երկարամյա քաղաքապետ Արամ Դանիելյանը Հրազդանում երթևեկում է մեր անօդաչու սարքի գումարով:

«Իր կենսագրությունը, որ նայում ես, որևէ կետ չես տեսնում, որի հաշվին կարելի է մոտ 200 հազար դոլար փող դուրս գրել կաշառքի համար, նման տուն կառուցել, Range rover գնել: Մենք 80-ականների զենքով ենք կռվում, որովհետև Արամ Դանիելյանը Range rover-ով է ման գալիս: Մեր անօդաչու սարքի դեմ պայքարող մեքենան դա Արամ Դանեիլյանի Range rover-ն է, Արամ Դանիելյանի տունն է և այն փողերն են, որոնք հատկացվել են Հրազդան քաղաքին, բայց քաղաքում ոչ մի բան չի արվել»,- «Մեդիալաբին» ասում է Ալեն Սիմոնյանը:

Թեև ընտրակաշառքների մասին վկայող տեսանյութեր են հրապարակվել, սակայն գործող քաղաքապետն ու իր թիմը հերքում են, թե դա իրենց հետ ինչ որ առնչություն ունի:

http://www.youtube.com/watch?v=P3lJYFsDaXU

Հիշեցնենք, որ Արամ Դանիելյանի հետ ընտրություններում պայքարի է դուրս եկել  «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածու Սասուն Միքայելյանը:

Կուսակցության վարչության անդամները, ընտրակաշառքների բաժանման մասին լուրերի հետքերով գնալով Արամ Դանիելյանի ընտրական շտաբ` բռնության են ենթարկվել:

Դեպքի մասին հաղորդում է ներկայացվել ոստիկանություն:

Ալեն Սիմոնյանի խոսքով՝ իրենց երկու ժամ պահել են ոստիկանական բաժանմունքում, սակայն բռնության ենթարկողները բերման չեն ենթարկվել:

Միջադեպի վերաբերյալ Քննչական կոմիտեի կողմից  տարածված հաղորդագրությունում նշվում է, որ դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ «Արարատնյուզ» կայքի գլխավոր խմբագիր Ալեն Սիմոնյանի լիազորությունների իրականացմանը խոչընդոտելու փաստով:

Այն, որ ընտրակաշառքը բաժանվում է, մասնավոր զրույցներում փաստել են նաև հրազդանցիները, այդ մասին փաստում են նաեւ տեսանյութերը:

Մի տեսանյութում ծեր կինը փաստում է, որ իրեն 10 հազար դրամ են տվել, մյուսում` հրազդանցի տարեց մի կին բողոքում, թե փող են բաժանում, բայց իրեն չեն տվել` պատճառաբանելով, թո «դու Սասուն Միքայելյանի երեսը պաչել ես»:

Ալեն Սիմոնյանի խոսքով՝ Արամ Դանիելյանը չարիքի փոքրագույնն է, մյուս պաշտոնյաներն էլ են շարունակում նույն գործելաոճը:

 «Մեր անօդաչու սարքերն այն դղյակներն են, որոնք ունեն պետական պաշտոնյաները: Իրենք բոլորը անձնական պատասխանատվություն ունեն յուրաքանչյուր երիտասարդ զինվորի մահվան հարցում»,- նշեց Սիմոնյանը:

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամները փաստում են՝ հրազդանցիներին բաժանվող կաշառքը համատարած բնույթ է կրում:

«Երեկ, երբ որ մենք իմացանք այդ մասին, չգտեինք որ թաղամաս գնայինք: Մոտ երեք ժամ մի շենքի մոտ հերթապահել ենք, ոստիկանություն ենք դիմել, և այդ ընտրակաշառք բաժանողը մտել էր բնակարաններից մեկը, թաքնվել»,-«Մեդիալաբին» ասում է Ալեն Սիմոնյանը:

Նա փաստում է, որ որպես կաշառք՝ 10 հազար դրամ է բաժանվում հրազդանցիներին: Իսկ մարդիկ վերցնում են այդ գումարը, որովհետև սոցիալապես անապահով վիճակում են գտնվում:

«Դուք չեք պատկերացնում, թե ինչ վիճակում է ժողովուրդը Հրազդանում: Մենք մտանք մի խանութ, ուզում էինք մի քանի բլոկ սիգարետ գնեինք, որպեսզի ուղարկեինք սահմանին ծառայող տղաներին, բլոկով ծխախոտ չկար, իրենք ամեն սիգարետից ունենում են ընդամենը մի քանի տուփ, որովհետև գնորդ չկա»,- ասաց նա:
Հրազդանի քաղաքապետ Արամ Դանիելյանը չցանկացավ մեկնաբանել ընտրակաշառքի վերաբերյալ տեղեկությունները՝ հորդորելով զանգահարել իր ընտական շտաբի պետին:

Արամ Դանիելյանի կենտրոնական ընտրական շտաբի ղեկավար Կարեն Մարգարյանը խուսափեց պատասխանել «Մեդիալաբի» հարցերին և միայն ասաց, որ ընտրակաշառքի վերաբերյա տեղեկությունը հերյուրանք է և իրականությանը չի համապատասխանում: Իսկ հարցերի դեպքում հորդորեց գրավոր դիմել իրենց լրատվական ծառայությանը:

Ինչ վերաբերում է այդ մասին տեսանյութերին, նա ասաց.

«Տեսանյութերը դրանք շահարկումների և սադրանքների ժանրից են և չեն համապատասխանում իրականությանը: Մենք պաշտոնական հաղորդագրություն ենք տարածել և հորդորել մրցակից ուժերին Հրազդանում չխաթարել ընտրությունների բնականոն գործընթացը»,- նշեց Մարգարյանը:

Հելսինկյան քաղաքացիական ասամբելայի Վանաձորի գրասենյակի ղեկավար, իրավապաշտպան Արթուր Սաքունցն արձանագրում է՝ կաշառքի բաժանման վերաբերյալ տեղեկությունները միանշանակ ցույց են տալիս, որ ռազմական գործողությունների այս պայմաններում իշխանություններն ամենևին մտադրություն չունեն իրենց գործելաոճը փոխել։

«Ավելին, հենց նման ապօրինությունների կատարման փաստը մեկ անգամ ևս վկայում է նման աղաղակող խախտումներ թույլ չտալու համապատասխան հրահանգի բացակայության կամ էլ շարունակվող անպատժելիության մասին։ Եվ ահա, նման պայմաններում խոսել որևէ համախմբման կամ համագործակցության մասին, դառնում է ոչ միայն ավելորդ, անտեղի, այլև անիմաստ»,- «Մեդիալաբին» ասում է Սաքունցը:

Ընդհակառակը, նրա խոսքով, հենց նման ապօրինությունների մթնոլորտն է ավելի հիասթափեցնում հանրությանը, մեծացնում պետական ինստիտուտների նկատմամբ առանց այն էլ խիստ մեծ անվստահությունը, և իրավիճակի փոփոխության միակ ճանապարհը իշխանությունների՝ թե ապօրինությունների, թե հանցավոր անգործության, թե անպատժելիության դեմ անընդհատ պայքարն է։

Ալեն Սիմոնյանի տեղեկացմամբ, Հրազդանում արդեն խմբեր են գործում, որոնք կոնկրետ զբաղվում են հենց ընտրակաշառքի բաժանելը կանխելու հարցով:

«Մենք այսօր սահմանում խնդիր ունենք, զոհված 90 երիտասարդ ունենք, որոնցից մեկի հուղարկավորությունը տեղի է ունեցել երեկ՝ Հրազդան քաղաքում: Պետք է այդ մարդուն ստիպել, որ այդ ընտրակաշառքի փողը, այն փողը, որը տարել է քաղաքացուց, հանձնի ԼՂՀ Պաշտպանության բանակին»,- ասաց նա:

Էմմա Մանուկյան

© Medialab.am