Կարծում եմ, կարող է լինել ռազմական ագրեսիա, քանի դեռ Հայաստանը չի վերականգնել իր ռազմական բալանսը. Արմեն Վարդանյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է քաղաքագետ Արմեն Վարդանյանը 

– Պարո՛ն Վարդանյան, Ֆրանսիան պատրաստ է Հայաստանի հետ ռազմատեխնիկայի տրամադրման պայմանագիր ստորագրել, այս մասին ասել է Ֆրանսիայի արտգործնախարար Կատրին Կոլոննան: Ինչո՞վ եք բացատրում Ֆրանսիայի նման մտադրությունը, ի՞նչ է սա տալու Հայաստանին:

– Նման դիրքորոշումը մի քանի գործոնների հետ եմ կապում. առաջինը, որ Ադրբեջանը պարբերաբար ոտնձգություններ է կատարում Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ, իսկ Եվրամիությունն ու ԱՄՆ-ն հայտարարել են, որ Հայաստանի ինքնիշխան տարածքն իրենց համար կարմիր գիծ է ու պաշտպանելու են այն, երկրորդը՝ Ադրբեջանի ապակառուցողական քաղաքականությունը ղարաբաղյան հարցով: 

Ադրբեջանն ամեն ինչ արեց, որ Ֆրանսիային դուրս մղի ԵԱՀԿ Մինսկի խմբի գործընթացից, իսկ նախկինում միջնորդ կողմ լինելով, Ֆրանսիան, ի տարբերություն Ռուսաստանի, հրաժարվում էր կողմերին զենք տրամադրելուց: Քանի որ հիմա այդ ձևաչափը չի գործում, Ֆրանսիան կաշկանդված չէ Հայաստանին զենք վաճառելու հարցում: Երրորդն էլ, կարելի է ասել, Հայաստանի իշխանությունների որոշ քայլերը Եվրոպայի ուղղությամբ, օրինակ՝ նույն Հռոմի ստատուտի վավերացումը, որը մեծ ոգևորվածությամբ է ընդունվել Եվրոպայի կողմից: Այս երեք գործոններն են հիմնականում նպաստել, որ Ֆրանսիան նման որոշում կայացնի: 

Ինչ վերաբերում է երկրորդ հարցին, ապա, կարծում եմ, որ ապագայում Հայաստանը կվերականգնի Ադրբեջանի հետ խախտված ռազմական բալանսը, որովհետև ֆրանսիական զենքն աշխարհում լավագույններից է: Անկեղծ ասած, չգիտեմ, թե կոնկրետ զինատեսակները որո՛նք են լինելու, բայց, ընդհանուր առմամբ, ֆրանսիական զենքը բավական մեծ համարում ունի աշխարհում: Ֆրանսիան վերջերս դարձավ աշխարհում ԱՄՆ-ից հետո երկրորդ երկիրը զենքի վաճառքի ծավալներով, նախկինում այդ տեղում Ռուսաստանն էր: Ֆրանսիական որակյալ զենքն արդեն իսկ բավականին մեծ շուկաներ է գրավում, մասնավորապես Ուկրաինայում մենք տեսնում ենք, որ ֆրանսիական մի քանի զինատեսակներ բավականին լավ արդարացնում են Ռուսաստանի դեմ պատերազմում: 

– Ադրբեջանի նախագահը հրաժարվել է հոկտեմբերի 5-ին Նիկոլ Փաշինյանի հետ նախատեսված հանդիպումից և որպես պատճառ նշել է Ֆրանսիայի այս որոշումը: Միակ պատճառը սա՞ է, թե՞, կարծում եք, որ այլ պատճառով է Ալիևը հրաժարվել այդ հանդիպումից:

– Կարծում եմ՝ երկու պատճառ կա. առաջինն այն է, որ Ալիևն ամեն կերպ փորձում է Թուրքիային խցկել բանակցություններում, Ֆրանսիային դուրս մղել, իսկ երկրորդ պատճառն էլ, կարծում եմ, որ Ռուսաստանի դրդմամբ է գնացել այդ քայլին: Քանի որ Ռուսաստանն այդ բանակցություններին ներկա չէր լինելու, ամենայն հավանականությամբ, Ալիևին դրդել են, որ չգնան այդ բանակցություններին:

– Կարծում եք, որ Ռուսաստանն ի՞նքն է ցանկանում լինել միջնորդ կողմ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացում, պարո՛ն Վարդանյան:

– Այո՛, Ռուսաստանն ուզում է իր հովանու ներքո լինեն և՛ բանակցությունները, և՛ գործընթացները, տեսեք՝ ինչպես են թույն թափում Հայաստանի իշխանությունների վրա այն բանից հետո, երբ Հայաստանը որոշեց եվրոպացի դիտորդներ բերել այս տարածաշրջան, երբ Պրահայի հայտարարության տակ ստորագրեց, չնայած դա ընդամենը հայտարարություն էր: Նրանք փորձում են ամբողջ գործընթացն իրենց ձեռքը պահել ու խանդով են վերաբերվում արևմտյան միջնորդների ներգրավմանը բանակցություններում:

– Կհաջողվի՞ այդ գործընթացն իրենց ձեռքին պահել, թե՞ ոչ:

– Իհարկե չի հաջողվի, որովհետև Ռուսաստանն իրեն չի դրսևորել որպես անկողմնակալ միջնորդ, երկրորդ՝ Ռուսաստանը չկարողացավ վերահսկել գործընթացները, որպեսզի սեպտեմբերի 19-ին ագրեսիա տեղի չունենա: Բացի այս՝ Արցախը նվիրելով Ադրբեջանին, Ռուսաստանը զրկվեց մեծ լծակից, ու այժմ Հայաստանը կաշկանդված չէ գնալու և մոսկովյան բանակցությունների մասնակցելու, նա կարող է մասնակցել բանակցությունների նաև արևմտյան հարթակներում: 

Ռուսաստանը իր գործողություններով ապացուցեց, որ ինքը նույնիսկ իր երաշխավորությամբ ստորագրած փաստաթղթերի կատարումը չի կարողանում ապահովել, դրա վառ օրինակը նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագիրն է: Նրանք այլևս կորցրել են անկողմնակալ ու իրեն հարգող միջնորդի կարգավիճակը, և, կարծում եմ, գործընթացի թելն իրենց ձեռքից բաց են թողել:

– Եթե Ալիևը, ինչպես ասում եք՝ նաև Ռուսաստանի դրդմամբ, շարունակի չմասնակցել բանակցություններին, խաղաղության պայմանագրի կնքման համար ի՞նչ հեռանկարներ կլինեն:

– Խաղաղության պայմանագրի կնքման հեռանկարին ես միշտ էլ շատ թերահավատորեն եմ վերաբերվել, կարծում եմ՝ այն չի ստորագրվելու, ու այս լարվածությունը կպահպանվի: Այս վերջին՝ սեպտեմբերի 19-ի ագրեսիայից հետո այդ պայմանագրի կնքումը շատ ավելի է դժվարացել:

– Չե՞ք բացառում փաստորեն, որ թուրք-ադրբեջանական տանդեմը Հայաստանի դեմ ռազմական ագրեսիայի կգնա:

– Կարծում եմ, որ կարող է լինել ռազմական ագրեսիա, քանի դեռ Հայաստանը չի վերականգնել իր ռազմական բալանսը, բայց, կարծում եմ՝ «Զանգեզուրի միջանցքի» հարցում Ադրբեջանը, Ռուսաստանն ու Թուրքիան ձախողելու են, նրանց չի հաջողելու այն իրագործել, ու այս հարցում նրանց հաշվարկները տապալվելու են:

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am